USD
EUR
RUB

Անքուն գիշերին

 
 

Քնել չի՛ լինում...
Հիմա, երբ այնպես ուզում եմ քնել,
Ամե՜ն, ամե՜ն ինչ մտքիցս հանել:
Հայացքներս` անփակ` թափառում են լուռ-
Ու միտքս, տարտամ, դեգերում է մութ
Դաշտերում տխուր:

Մթության գրկում լալիս է դողդոջ
Լույսը լապտերիս՝ մեռնող աղջկա
Հոգեվարքի պես...
Մեկը բախում է դռներն անցածի -
Ու հիշում եմ քեզ:

Մոռացված երգի նվագի նման
Դողում է հոգիս լույս մատների տակ -
Եվ ահա մեկ-մեկ շարվում են իմ դեմ
Պատկերներ, դեմքեր, որ կորել էին
Առանց հիշատակ:

Այնտեղ, մութի մեջ հայտնվում է ահա
Տեսիլդ գունատ ու տխրադալուկ, -
Օրերի անհայտ մշուշից ելած
Գունատ այցելու:

Ու հիշում եմ ես անձրևոտ մի օր -
Մի հին իրիկուն.
Հեռու երգերի խանդավառ օրոր,
Հարսանքի հանդես. -
Մաղող անձրևի կաթիլների տակ
Կանգնել էի ես…

Է՛, քնե՛լ, քնել…
Աչքերս փակեմ ու սեղմեմ ամուր
Ու չմտածեմ ոչնչի մասին:
Մի՞թե, երբեմն, չէի՞նք միասին...
Ա՛խ, օրոր ասա, անդորր ու օրոր.
Քնել եմ ուզում` գիշերն անց կացավ…
Երա՞զ էր արդյոք, զառանցա՞նք, թե ցավ…

Ցա՛վ, ցա՛վ էր, անշուշտ.
Դու երբե՜ք, երբե՜ք ինձ չես ժպտացել -
Քո ժպիտն անգամ ցա՜վ է թվացել
Իմ հոգուն տկար...
Ես քեզ կանչեցի երկա՛ր ու երկա՛ր -
Դու չեկար, չեկար, -
Ցանկացա լինել քո դեմ մի հլու
Ու անկամ գերի -
Եվ ես իմ սիրով քեզ ձանձրույթ բերի...

Օտա՛ր էր հոգիս քեզ համար, ինչպես
Օտար դաշտերից բերած ծաղկեփունջ.
Տանջանքի վարդեր, հույզի ծաղիկներ,
Երազի աստղեր, հույսերի ցոլքեր -
Ու կարմի՛ր, կարմի՛ր խաշխաշներ ցավի, -
Այս ծաղիկներով զարդարված հոգիս քեզ նվեր բերի,

Որ քո կույս հոգին իմի հետ ցավի...
Ու ես չեմ հիշում, թե ինչպե՞ս մի օր -
Օտար, անմեկին -
Ես քեզ կորցրի նոր կյանքի շեմքին…

Չէ՜, դու գնացիր, չգիտեմ թե ուր:
Ես էլ գնացի: Իհարկե, այնտեղ,
Ուր ապրել ես դու երկար ժամանակ -
Ապրել չէ՜ր լինի: -
Չէ՛ր լինի տեսնել լույսերը ձեր տան,
Չէր լինի տեսնել լայն փողոցը ձեր,
Որ մինչև հիմա ես չեմ մոռացել...

Թողնենք, ախ, ի՞նչ հոգ.
Չ՞է որ չգիտե, չգիտե ոչ-ոք,
Թե ինչո՞ւ կյանքում այսպես է եղել. -
Սերը մեզ համար - արցունք ու արյուն,
Սերը մեզ համար մահվան գին ունի,
Իսկ կնոջ համար - հրճվանքի գինի...

Այս անքուն, անքուն ու լուռ գիշերին
Ախ, էլ չեմ ուզում վերհիշել կրկին
Անցյալը անմիտ ու անմխիթար.
Էլ ինչո՞ւ ես դու գալիս անդադար
Եվ ուշ գիշերով փորել ես ուզում
Իմ հոգին տկար...

Դրա համա՞ր ես դու այստեղ եկել,
O, նենգոտ տեսիլ...
Ուզո՞ւմ ես հոգուս վերքերը պեղել,
Որի գանձերը չուզեցի՛ր տեսնել...

Օ, զզվելի՜ կին, -
Քեզ արատ է պետք, սին արատ հոգու,
Որ լավ ծիծաղես ու չարկամ խնդաս -
Եվ ամբողջ հոգով հրճվանքից թնդաս...
Ուզո՞ւմ ես` պատմեմ, թե ինչպես հանկարծ
Ինձ համար փոխվեց ամեն, ամեն բան -
Եվ ես կորցրի երազի ճամփան...

Մի գիշեր էր մութ: Անձրև էր գալիս:
Խավար էր իջել իմ մթնած հոգում: -
Ամայությունն էր հեկեկում այնտեղ
Հին, անվերադարձ երազների տեղ:
Եվ ես դուրս եկա: Ցեխոտ փողոցով
Քայլեցի երկար:
Չգիտեմ, թե ո՞ւր, ինձ համար արդեն
Ճանապարհ չկար...

Երկա՛ր քայլեցի:
Եվ իմ դեմ ահա - մի երկա՛ր փողոց:
Հեռվում - դեղին, տարտամ կրակներ:
Եվ ես մոտեցա այն կրակներին,
Որոնք իմ սրտին մի հի՛ն լուր բերին...
Մի հին լուր` հոգուս մեջ պահված ծածուկ -
Եվ ես այն շեմքը անցա կամացուկ...

Ու... այս եմ հիշում`
Մի հին անկողին - թաղված մշուշում:
Ու մի մերկ մարմին:
Ու ցավոտ, ճնշված հեկեկանքը իմ...
Ու դուրս եկա ես:
Զգացի միայն, որ ցուրտ է, քամի, -
Որ կյանքն ինձ համար էլ կատակ է մի...

Ինձ համար մեռավ ամեն սրբություն:
Գնա՜, սիրելիս:
Թող կյանքը գլխիս մրրիկներ տեղա
Ու մոխիր ցանի -
Էլ ո՜չ մի զղջում իմ երազը հին
Ետ չի դարձնի...
Գնա՜, սիրելիս.
Ու թող մի վայրկյան քեզ մտքից հանեմ, -
Ուզում եմ քնեմ - ախ, ինչպե՞ս քնեմ...

Եղիշե Չարենց
Արփենիկի հիշատակին

Լրահոս
Մաման Մորս համար գազել Ռամկավար ազատական կուսակցության կեդրոնական վարչությունն՝ ի դեմս ատենադպիր Սեւակ Հակոբյանի եւ ատենապետ Սերխիո Նահապետյանի, կոչով են հանդես եկել, որում մասնավորապես ասված է. Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 1999-2011 ԹԹ. Շիրակի մարզպետը զարմացրեց նախարար Մակունցին․ նա շփոթել էր հիվանդանոցների շենքերը Հին ու նոր Մինասը՝ Հայաստանի Ազգային պատկերասրահում Մահացել է դիրիժոր Գենադի Ռոժդեստվենսկին Ում «քիմքին» կհարմարի ռեժիսորի «Մեղրի համը» «Սա ի՞նչ է տիկին Մակունց, կուրծք է»․ նախարարին Գյումրու երկրագիտական թանգարանում արտառոց նյութերի ծանոթացրեցին Ռոբեր Կետիկյանի ֆիլմով կմեկնարկի «Ոսկե ծիրան»-ը Մշակույթի նախարարն այցելել է հիվանդանոցում գտնվող Երվանդ Մանարյանին Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» - մաս 8 Սիրտ իմ Քրքրված սիրտը իմ Հին, հին «Հայր մեր» աղոթքի մեկնությունը Բնության շահագործման վտանգները Deutsche Grammophon-ի արտիստ Մեհաե Ռյոն սիրով կվերադառնա Հայաստան Ստեփան Շաքարյանն ուզում է նախարարին խորհուրդ տալ «Մեղրի համը» ներկայացումը կրկին բեմում է Ո՞վ կպոխարինի Վաչե Հովեյանին Նիկոլ Փաշինյանն ընդունել է Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը Երևանի լքված գործարանը՝ ցուցասրահ Առաջին մասնակցություն Դեպարդիեն և Ռիշարը ցանկանում են Մորդովիայի մասին ֆիլմ նկարահանել ՀՀ վարչապետն այցելեց Մոսկվայի հայկական եկեղեցի Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» - մաս 7 Նախընտրական խոստումներ Գարուն ա Սեր Քո խաչը Ռոբերտ Հակոբյան. «Կապ չունի, որ Նիկոլ Փաշինյանի հարեւանն եմ» Մշակութային, նաև քաղաքական արժեք ունեցող համերգ՝ Զվարթնոցում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անտիոքի Ուղղափառ Եկեղեցու` Զահլեի միտրոպոլիտին Պատերազմն ու նկարիչները Վանաձորի արվեստի դպրոցը եղբայրացել է Լիտվայի երաժշտական դպրոցի հետ Հունիսի 22-ից կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը Հարություն Խաչատրյան. «Հայկական համայնապատկերի» դերակատարությունը կմեծանա» Մահացել է Ստանիսլավ Գովորուխինը Ինչու իմաստ չունի մութ սենյակում սեւ կատու փնտրել
website by Sargssyan