ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն

Մայիսի 17-ին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, որի ընթացքում շրջայց է կատարել, ծանոթացել թատրոնի ստեղծագործական պրոցեսների կազմակերպմանն ու աշխատանքային պայմաններին: Այս մասին տեղեկացնում է Aysor.am-ը։

Շրջայցից հետո նախարարը թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանին առաջարկեց անդրադառնալ ոլորտի արդի մարտահրավերներին, ձեռքբերումներին, անելիքներին: Այս համատեքստում քննարկվեցին հարցեր, որոնց առանցքում օրենսդրական դաշտի, մասնավորապես՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքում առկա այն դրույթներն էին, որոնք մշակույթի ոլորտի կազմակերպությունների ստեղծագործական պրոցեսների արդյունավետ կազմակերպման համար առաջացնում են դժվարություններ և խնդիրներ:

Ամփոփելով զրույցի արդյունքները՝ նախարարը նշեց.

«Իմ աշխատանքային չորս օրերի ընթացքում հանդիպումներ եմ ունեցել և ունենալու եմ մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, որպեսզի ձևակերպենք առկա խնդիրները և հստակեցնենք լուծումների տանող մեր քայլերը: Այսօրվա մեր զրույցից ինձ համար կարևոր շեշտադրում է օրենսդրական դաշտի փոփոխությունների կարևորության առաջնահերթությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում