Խաչատրյանի մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են մեծանուն թավջութակահարներ

Խաչատրյանի մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են մեծանուն թավջութակահարներ

Հաստատվել է Խաչատրյանի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը։ Այս տարի մրցույթը կայանալու է թավջութակ մասնագիտությամբ։ Ժյուրին կազմված է 7 անդամից՝ երաժշտական աշխարհում հեղինակություն վայելող անուններ, որոնք հունիսի 6-14-ը մրցութային փուլերի ընթացքում ունկնդրելու են երիտասարդ թավջութակահարներին և որոշելու հաղթողներին։

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ խաչատրյանական ժյուրին նախագահելու է մեծանուն թավջութակահար, Միչիգանի պետական համալսարանի պրոֆեսոր, լարային գործիքների ամբիոնի ղեկավար Սուրեն Բագրատունին։ Boston Globe-ը Սուրեն Բագրատունուն անվանում է «հազվադեպ ձեռքբերումների հասած թավջութակահար»:

Ժյուրիի կազմում է լինելու Deutsche Gramophone-ի արտիստ Մեհաե Ռյոն, ում վիրտուոզ կատարումները նրան դասում են Կորեայի Հանրապետության ամենաճանաչված թավջութակահարների շարքին: Ժյուրիին անդամակցում է հայտնի թավջութակահար, պրոֆեսոր Լին-Յի Ու Յանը, ով թավջութակ է դասավանդում Թայվանի պետական մանկավարժական համալսարանում: Լին-Յի Ու Յանը պահանջված ուսուցիչ է, միաժամանակ համերգներով հանդես է գալիս տարբեր երկրներում:

Ժյուրիի կազմում են նաև միջազգային մրցույթների դափնեկիր, մենակատար, կամերային երաժիշտ Վիկտոր Ուզուրը, ՌԴ ժողովրդական արտիստ, թավջութակահար, մանկավարժ, Մարիինյան թատրոնի մենակատար և դիրիժոր Սերգեյ Ռոլդուգինը, հայտնի Jess-Trio-Wien տրիոյի թավջութակահար Շտեֆան Կրոպֆիտշը, ինչպես նաև՝ հանրահայտ թավջութակահար Վեն-Սին Յանը։

Խաչատրյանի միջազգային մրցույթը տարածաշրջանի ամենահեղինակավոր երաժշտական ստուգատեսն է։ Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։

Հիմնադրամի փոխանցմամբ, մրցույթի 1-ին մրցանակակիրը կստանա դրամական պարգև՝ 15000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը կարժանանա 10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակի, իսկ երրորդ մրցանակակիրը՝ 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևավճարի։ Կշնորհվեն են նաև մի շարք հատուկ մրցանակներ:

Խաչատրյանի միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ։

Խաչատրյանական մրցույթի մասին այլ մանրամասներ կարող եք ստանալ կայքից։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում