Արծիվը

Արծիվը

Արծիվը տերն էր լեռան գագաթին,
Բայց ժամն էր եկել մահվան շքերթի:
Իր ապրած կյանքը նա իմի բերեց,
Ինքն իրեն հարցրեց ու պատասխանեց:

– Ես ի՞նչ արեցի այս հիսուն տարում,
Փառավոր ապրած իմ այս աշխարհում,
– Անվախ ես թռա դաշտ, լեռ ու քարայր
Հիսուն ձագերի դարձա արժան հայր:

Երբեք չեմ սիրել բիրտ շողոքորթին,
Նրան պատժել եմ անձամբ իմ հերթին
Այսօր հոգնել եմ, ուժերս վատնել
Բայց ամբողջ կյանքում մեկին չեմ մատնել:

Սիրեցի կյանքի ոճն իմ արծվական,
Ինձ անվանում են արծիվ հայկական
Եվ ես հպարտ եմ իմ հին անցյալով,
Այսօր իմ վերջն է, չեմ մեռնի լալով:

– Մեկ անգամ կրկին լեռան ծայր թռավ,
Մեջն էլ ուժ չկար, բայց մի կերպ հասավ,
Նա վերջին անգամ զիլ ձայնով կանչեց
Եվ լեռան արքան շատ հպարտ հանգչեց:

Գագիկ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում