Մեր օպերայում նշանավորեցին դասական առաջին ազգային օպերայի ստեղծումը

Մեր օպերայում նշանավորեցին դասական առաջին ազգային օպերայի ստեղծումը

Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ խաղացանկային, Չուխաջյանի «Արշակ Բ» ազգային դասական առաջին օպերային ներկայացումը՝ նվիրված մեծակտավ այս երկի ստեղծման 150-ամյակին:

Թովմաս Թերզյանի իտալերեն լիբրետոյով այս օպերան ստեղծվել է հայոց արքա Արշակ Բ-ի, թագուհի Օլիմպիայի, իշխանուհի Փառանձեմի եւ իշխաններ Գնելի ու Տիրիթի, ինչպես նաեւ Հայաստանի, Պարսկաստանի, Բյուզանդիայի փոխհարաբերությունների մասին Փավստոս Բուզանդի եւ Մովսես Խորենացու տեղեկությունների հիման վրա: Մասնագետների հավաստմամբ՝ Թերզյանի լիբրետոն քնարական ողբերգություն է, հեղինակն էլ մարմնավորելով հիմնական այդ գիծը եւ միեւնույն ժամանակ բացահայտելով դրամատիկական ու հերոսական շեղումները, ստեղծել է եվրոպական, ընդունված է ասել՝ «մեծ օպերայի» ավանդույթով գործ:

Չուխաջյանին բախտ չվիճակվեց կյանքի օրոք տեսնել օպերայի բեմադրությունը, սակայն հատվածաբար այն կատարվել է Վենետիկում, Փարիզում, Վիեննայում, Կոստանդնուպոլսում: Չուխաջյանի մահից հետո օպերան համարվում էր կորած եւ ի հայտ եկավ 1930-ականներին: Օպերայի երաժշտությունն ու լիբրետոն հիմնովին վերախմբավորել են ճանաչված երաժշտագետներ Ալեքսանդր Շահվերդյանը, Լեւոն Խոջա-Էյնաթյանը եւ գրականագետ Արմեն Գուլակյանը, որն էլ հանդիսացել է լիբրետոյի հայերեն տարբերակի հեղինակը: Առաջին անգամ օպերան Երեւանի թատրոնում բեմադրեց Արմեն Գուլակյանը՝ 1945թ.: Հետագայում այս օպերային անդրադարձան ռեժիսորներ Վավիկ Վարդանյանը (1956թ.), Տիգրան Լեւոնյանը (1986թ.), 2007-ից այս օպերան թատրոնի խաղացանկում է՝ Գեղամ Գրիգորյանի բեմադրությամբ:

Սփյուռքում նույնպես բեմադրվել է օպերան. 2001թ. սեպտեմբերի 11-ին նախատեսված էր օպերան ներկայացնել Սան Ֆրանցիսկոյում, սակայն ահաբեկիչների հենց այդ օրը իրականացված գործողությունների պատճառով բեմադրությունը տեղափոխվեց եւ հաջողությամբ ներկայացվեց սեպտեմբերի 16-ին: Չուխաջյանական օպերայի առիթով դրական արձագանքներ եղան ոչ միայն Սփյուռքի, այլեւ ամերիկյան մամուլում:

Անդրադառնալով օրերս կայացած ներկայացմանը, փաստենք, որ գլխավոր դերերգերով հանդես եկան մեր հանդիսատեսին հանրածանոթ եւ սպասված երգիչներ, որոնց հատուկ ներկայացնելու անհրաժեշտություն չկա՝ Անահիտ Մխիթարյանը (Օլիմպիա), Բարսեղ Թումանյանը (Արշակ Բ), որը վերջին շրջանում ապրում եւ ստեղծագործում է Ղազախստանում, ԱՄՆ-ից ժամանած Ռուբեն Թելունցը (Վասակ Մամիկոնյան), թատրոնի մեներգիչներ Քրիստինե Սահակյանը (Փառանձեմ), Սարգիս Աղամալյանը (Տիրիթ), Միքայել Հովակիմյանը (Ներսես հայոց կաթողիկոս), Գրիգոր Աբրահամյանը (Սպանդարատ), Տիգրան Կոնինյանը (Դրաստամատ): Նշենք նաեւ երգչախմբի (գլխավոր խմբավար՝ Կարեն Սարգսյան) եւ նվագախմբի հիանալի կատարումը: Ներկայացումը վարել է դիրիժոր Հարություն Արզումանյանը:

Բոլոր ժամանակներում, այսօր էլ շրջանառվող խոսակցություններին ի պատասխան, թե օպերային թատրոնում սակավ են հայ հեղինակների գործերը, Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ասաց. «Այսօր թատրոնի խաղացանկում են միայն 5-6 հայկական օպերաներ, այդ թվում՝ «Անուշ», «Սայաթ-Նովա», «Արշակ Բ», «Սասունցի Դավիթ»: Աշնանը կկայանա Չուխաջյանի «Կարինե» օպերետի պրեմիերան, այնուհետեւ կանդրադառնանք Տերտերյանի «Կրակե օղակի» բեմադրական աշխատանքներին»: Նկատենք, որ «Կրակե օղակը» 2014թ. սեպտեմբերի 1-ին ներկայացվել է Շուշիում: Պարզապես պետք էր գործնական լինել եւ ներկայացումը «տեղափոխել» թատրոնի բեմ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում