Հայ Եկեղեցին այն միակ վայրն է, ուր մեր հոգիները թարմանում են

Հայ Եկեղեցին այն միակ վայրն է, ուր մեր հոգիները թարմանում են

«Եկեք կառուցենք լույսի սուրբ խորանը,
Որովհետև այնտեղից մեզ համար լույսը ծագեց
Հայաստան աշխարհում» (Շարական)

Երջանկահիշատակ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ասում է. «Ի՞նչ է նշանակում` «Եկեք կառուցենք լույսի սուրբ խորանը»: Կառուցել նշանակում է քարը քարի վրա դնել, աղյուս աղյուսի վրա շարել: Սակայն բուն Եկեղեցին, ճշմարիտ Եկեղեցին մեր հոգիներում կառուցվեց 4–րդ դարում Սուրբ Գրիգոր Լուսավորչի ձեռքերով, հավատքի Եկեղեցին, որը ծնունդ է տալիս նյութեղեն Եկեղեցուն: Այն Եկեղեցին, որը գաղտնի մի ճանապարհ ունի դեպի երկինք:.. Բոլոր տեսակի թշնամիները քարը, աղյուսը, փայտը կարողացան քանդել և գտնել եկեղեցու նյութեղեն ճանապարհը և ինչպես մեր մեծ բանաստեղծ Վահան Թեքեյանն է ասել. «Եկեղեցին հայկական գաղտնի ճամբա մը ունի, որ կանցնի հոգիներեն և կերթա առ Աստված»: Ահա մեր անմահության գաղտնիքը, այդ գաղտնի ճանապարհը մեր թշնամիները չկարողացան գտնել: Այդ Եկեղեցին ձեր հոգիների և սրտերի մեջն է, որը Աստծու կողմից է կառուցված»:

Ցավում եմ ասելու, որ այսօր դժբախտաբար թե՚ Հայրենիքում և թե՚ Սփյուռքում, մեր ժողովրդի զավակներից շատերը շեղվել են ճշմարիտ ճանապարհից ու հետևում են տարբեր տեսակի մոլորեցուցիչ հոգևոր «ուսմունք»-ների, որոնք խորթ են մեր պապերի սրբազան հավատին: Նրանք, որոնք շեղվել են ճշմարիտ ճանապարհից և կամ փորձում են շեղվել, թող սթափվեն: Մոլորյալնե’ր, վերադարձեք ձեր մոր՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գիրկը: Նա ներող է ու սպասում է ձեզ, լայն բացած իր գիրկը՝ մեղավոր զավակների առաջ:

Մարդիկ երբեմն մտածում են, թե սուրբ լինել, նշանակում է՝ կատարյալ և մաքուր լինել: Մեր խոսքի ու կեցվածքի մեջ չպետք է թերություն լինի: Իրոք, այսպե՞ս պետք է հասկանալ սրբությունը: Բայց կատարյալ ի՞նչ կա աշխարհում: Կատարյալ մարդ կարելի՞ է գտնել: Ուրեմն սրբություն չկա՞:

Կարող ենք նաև այս հարցը տալ, թե ինչո՞վ և ինչո՞ւ է Սուրբ՝ Էջմիածինը, որովհետև քարե՞րն են որոշ ձևով դասավորվել, թե պարզապես որովհետև մենք Սուրբ ենք ասում:

Սուրբ Էջմիածինը անկրկնելի մեկ հատիկ Սրբություն Սրբոց է: Ինչո՞ւ: Պատասխանը պարզ է, որովհետև Աստված իջել է հայրենի հողի վրա, Ինքն է հայտնվել: Այնտեղ ենք մենք հանդիպել նրան: Աստված այդ տեղը ընտրել է հայ ժողովրդի հետ Իր ուխտի համար: Կարող ենք ուրիշ Եկեղեցի կառուցել, ուր բնականաբար ևս Աստված կլինի, մեր հավատով կհայտնվի, բայց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միակ այն տեղն է, ուր Աստված Ինքն է ընտրել Ինքնիրեն մեզ հայտնելու, մեր կյանքը և մեզ սրբացնելու համար:

Մենք ունենք Սուրբ Էջմիածին, որի գլխավերևում շողում է Լուսավորչի կանթեղը, իսկ նրա ետևում փայլփլում են հայ հերոսների սրերը: Դարեր կգան ու դարեր կանցնեն, բայց Սուրբ Էջմիածինը հավերժ կմնա, իր քարեղեն գոյությամբ ու մանավանդ՝ իր ոգեղեն զորությամբ:

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին հայ ազգի ինքնության խարիսխը ու հենարանն է: Հայ Եկեղեցին խորհրդանշող գերագույն խորհրդանիշը Արարատանման Սուրբ Էջմիածինն է, որը հայրենի հողի ծնունդն է: Նոր Վարդանանք՝ Սարդարապատի հերոսները իրենց համբույրը դրոշմեցին Սուրբ Էջմիածնի քարերին ու այնտեղից իրենց հետ տարան հաղթանակը դեպի Սարդարապատ: Այսօր մեզ համար ամեն մեկ օր մահու կենաց պայքար է: Ուզում ենք իբրև հայ ապրել, ամուր պահած մեր հավատը և տեր կանգնած մեր ազգային ավանդություններին: Եթե այս է մեր պահանջը, ապա չբաժանվենք մեր ինքնությունը խորհրդանշող հավերժական լույսի ու հավատի, հայոց քաջերի ներշնչումի անսպառ օրրան՝ Սուրբ Էջմիածնից, որտեղից լսում ենք մեր սուրբ ու քաջ հերոսների ձայնը ներդաշնակված Աստծու ձայնի հետ:

Երկրներ ավերող, ժողովուրդներ կոտորող և ոչընչացնող, աշխարհը հրի ու սրի, սարսափների մեջ դողացնող լենկթեմուրները, Չինգիզ-խաները, Շահ-Աբասները հարգեցին և նույնիսկ խնայեցին Սուրբ Էջմիածինը` գլուխ խոնարհելով նրա Սրբության առջև:

Պատմական դեպքեր շատ կան, դրանցից մեկն է այս.«17-րդ դարում, երբ պարսիկները օսմանցիներից գրավում են Արարատյան գավառը, շատ ավերածությունների շարքին, քանդում են նաև բոլոր Եկեղեցիների զանգակատները:

Երբ քանդող բանակը մոտենում է Վաղարշապատին (Էջմիածին քաղաքի պատմական անունը), հրամանատարը լուր է ուղարկում զորքերի սպարապետին. «Աշխարհի բոլոր հայերի ամենամեծ Սրբարանի` Էջմիածնի Մայր Տաճարի առջև ենք, արդյոք պե՞տք է քանդենք նրա զանգակատներն էլ»:
«Ոչ,- լինում է սպարապետի պատասխանը,- թողեք, որ մայրը խոսի իր զավակների հետ, մի՚ կտրեք նրա լեզուն»:

Պատասխանն ավելի քան անսպասելի ու զարմանալի է այդպիսի դաժան և սարսափ ազդող դահիճների կողմից, բայց իրողություն է:
Սխալվում են նրանք, որոնք կարծում են, թե հայ ժողովուրդը պաշտում է Սուրբ Էջմիածնի քարերը: Այդ շփոթությունն էլ ունեցավ Պարսից Շահ Աբբասը: Մայր Տաճարից քարեր տարավ Սպահան, զարգացնելու, շենացնելու և ճոխացնելու իր երկիրը, սակայն, ինչպես ասում է հայրենի գրող Ավետիք Իսահակյանը «Էջմիածինը կառուցված է ոչ թե հաստաբեստ սյուների վրա, այլ հայ ժողովրդի հոգու և սրտի մեջ և դրա համար էլ խորտակելի չէ և անսասանելի է»: Ուրիշ մի բանաստեղծ՝ Վահան Թեքեյանն ասել է, թե՝ «Եկեղեցին հայկական անառիկ բերդն է հայ հոգիինե: Եվ Էջմիածնեցի մի բանաստեղծ էլ՝ Հովհաննես Հովհաննիսյանը ավելացրել էգ «Դարեր եկան, դարեր անցան Էջմիածին, Քո հիմն անշարժ ու անսասան Էջմիածին»:

Իսկ երջանկահիշատակ Վազգեն Վեհափառը հուզումով վկայում է. «Աստված փնտրելու ճամբին ես գտա Սբ. Էջմիածինը և իմ Հայրենիքը, ու խոնարհվեցի ճակատագրի առջև» և պոռթկումով շարունակում է. «Սուրբ Էջմիածինը այն մայր հնոցը եղավ, ուր դարբնվեցին հայոց հանճարի անճառ ձևերը և այն գանձարանը, ուր մեկտեղվեցին այդ հանճարի լույս գոհարները: Սբ. Էջմիածինը մեր Սինա լե՚ռն է, մեր Ակրոպո՚լը, մեր Սուրբ Պետրո՚սը:

Սուրբ Էջմիածինը սակայն անցյալ չէ միայն, Նա նաև ներկա է և մեր ապագան: Նա կենդանի է ու մշտանորոգ: Սուրբ Էջմիածինը միշտ բաշխվում է ու չի նվազում, ինչքան բաշխվում, այնքան շատանում է, ինչքան լույս է սփռում, այնքան շողում է: Դարերը կգան, դարերը կանցնեն, Նա միշտ կբարձրանա, կլուսավորի ու կներշնչի, կյանք տալով` կապրի:

Ծովերը, օվկիանոսները կամ օտար ձեռքերը մեզ կարող են բաժանել, բայց Էջմիածինը միշտ մոտ է մեզ: Եվ ինչքան հեռու, այնքան մե՚րն է Նա, այնքան դառնում է խորհուրդ ու հրաշք, երազ և իսկություն, հույս ու ստուգություն» (Մտորումներ, Մոնրեալ, Կանադա, 2004 էջ, 30, արտասանված 23 հունիս 1957թ. Սուրբ Էջմիածնի Կաթողիկեի տոնին):

Սուրբ Էջմիածինը եղել է մեր Մայրը, իր թևերի տակ առել իր վիրավոր զավակներին, իր վերջին շուրջառն ու վեղարը պատռել` սպեղանի և բալասան դարձնելու համար իր վիրավոր ձագերին: Նա մեր փառքն է, խիղճն է, որովհետև ինչ որ ունենք աշխարհին ներկայացնելու մենք այդ բոլորն ստացել ենք Սուրբ Էջմիածնի միջոցով: Թուլացնել Սուրբ Էջմիածինը, նշանակում է սառեցնել Հայ Ժողովրդի ոգին: Սուրբ Էջմիածինը կա և պիտի մնա մեր հավատի Սրբություն Սրբոցը: Հայ Եկեղեցին այն միակ վայրն է, ուր մեր հոգիները թարմանում են: Օտարները կարիք չունեն Եկեղեցու շաղախին իրենց դիմագիծը պահելու համար, բայց վայ այն հայ քրիստոնյային, որը կհեռանա և կմոռանա Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի ճանապարհը:

Փառք Սուրբ Էջմիածնին, թող անսասան մնա մեր հավատի Տունը Արարատի անմիջական շուքի ներքև, որպեսզի Լուսավորչի անմար կանթեղից ճառագայթող անմահության լույսը պայծառ շողա մեր ամբողջ ժողորդի վրա, ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի: Ամեն:

ՀԱՏՎԱԾ´ ՀՈՎՍԵՓ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ «ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ» ԳՐՔԻՑ:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում