Նոր աշխարհ, հին խաղացանկ

Նոր աշխարհ, հին խաղացանկ

Կամ՝ խորհրդային մտայնությամբ թատերական մնացուկներ

Թվում էր՝ թատրոնները, որպես ստեղծագործական կառույցներ, պետք է ավելի ճկուն լինեին ժամանակային փոփոխությունների նկատմամբ, բայց վերջին 25-30 տարիների հայաստանյան թատրոնների գործունեության բնույթը, մանավանդ պետական թատրոնների գործունեությունը, հենվում է խորհրդային պարտադիր պետական թատերական կառուցվածքի վրա եւ կոպիտ ասած՝ բացարձակապես ոչ մի ստեղծագործական տարր չկա այդ ստեղծագործական կոչվող միջավայրերում:

Պահպանողականության կատարյալ նմուշներ են թատրոնները: Եթե մի քանի տասնամյակ առաջ խորհրդային կառավարությունը ֆինանսապես ապահովում էր թատրոններին եւ պահանջում էր իրականացնել իր գաղափարական քմահաճությունը, որի պատճառով թատերական աշխատակազմը «գլուխը կախ», «խելոք» կատարում էին «կոմունիզմ կառուցողի» իրենց պարտականությունները, ապա հետխորհրդային ժամանակներում խղճուկ պետական բյուջեից հատկացվող առավել խղճուկ եւ արդեն անգաղափար թատերական դոտացիաները ըստ էության միայն շենքապահպանության ու հերթապահ աշխատակազմի խնդիրներ է լուծում, որն ամենեւին չի խանգարում, որ այդ եղած պայմանական բյուջեն եւս մսխվի եւ թատրոններն էլ մյուս «պետական» կառույցների նման անընդհատ «Փող չկա» վերնագրով նույն երգը երգեն: Անցումը նոր ժամանակներին եւ նոր տնտեսական հարաբերություններին ենթադրում էր, որ թատրոնները գաղափարական ազատություն ստանալուց հետո այնպիսի բեմադրություններ կիրականացնեին, որ հանդիսականների «հերթերն իրար կուտեին» եւ թատրոնի բյուջեն կլցվեր մյուս բեմադրությունների համար անհրաժեշտ միջոցներով ու, ինչպես աշխարհի առաջատար թատրոնները, երբեք ֆինանսավորման խնդիրներ չէին ունենա, դեռ մի բան էլ կլցնեին պետական բյուջեն, ինչպես, օրինակ, ավստրիական երաժշտական թատրոնները, որոնք բավականին մեծ մուտք են ապահովում երկրի պետական բյուջե:

Սա ամենեւին չի վերաբերում ժամանակակից հայկական թատրոններին, որոնց վրա ոչ մի կերպ նոր ժամանակը իր ներգործությունը չի ունենում եւ գրեթե անխտիր բոլոր թատրոնները մեծագույն ջանք են թափում նոր ժամանակներում իրենց ճռռացող հին սայլով տեղաշարժվելու մեր արագընթաց նոր կյանքում: Հիմա եթե մի կողմ թողնենք այլաբանական միտքը եւ խոսենք ավելի կոնկրետ օրինակներով, ապա ավելի սարսափելի պատկերի ականատես կլինենք. առանց բացառության Հայաստանի շուրջ 25 թատրոններ, գործնականում ճահճացած, որտեղ ինքնուրույն եկամուտների հիման վրա բացառապես ոչ մի գործունեություն չկա, եւ եթե, հանկարծ մի պահ ընդհատվի պետական դոտացիան, ապա դրանցից եւ ոչ մեկը ի վիճակի չի լինելու գոնե մեկ տոկոսով իրեն ապահովելու, չասած այն մասին, որ բեմադրությունների փոխարեն միայն լաց ու կոծ կլինի, որը մեր թատերական կյանքի մշտական զուգակիցն է, եւ փորձ անգամ չի արվի ինքնուրույն միջոցներ գտնելու իր իսկ կենսագործունեությունը ապահովելու համար:

Այնքան տարածված է այս մտայնությունը մեր բոլոր թատրոններում, որ չեն էլ ուզում տեսնել, թե Եվրոպայի եւ Ամերիկայի բազմաթիվ մասնավոր թատրոններ հարյուրամյակներ շարունակ իրենց գոյությունն ապահովում են բացառապես ինքնուրույն ծրագրերով եւ միջոցներով, առանց այն ծանր աշխատավարձային բալաստների, որ ստանում են մեր դոտացիոն թատրոնները եւ այդքանից հետո էլ թատրոնների որոշ ապաշնորհ ղեկավարներ չեն կարողանում ապահովել բազմաթիվ դերասաններին ստեղծագործական աշխատանքով, որոնք չնչին աշխատավարձ ստանալով տասնամյակներ շարունակ, գերհամբերատար պահվածքով հույս են փայփայում, որ մի օր իրենք էլ բեմ դուրս կգան:

Մեկ-երկու թատրոններում գործում է գիշատիչ կլանային մի խումբ, որը, որպես կանոն, գեղարվեստական ղեկավարի հետ միացած՝ ամենաանկուշտ կերպով հափշտակում է դերերի եւ հավելագումարների բոլոր յուղոտ կտորները: Այդքանից հետո անկուշտ ու ագահ դերասանների ոհմակը ամեն ջանք գործադրում է բոլոր արգելված հնարքներով դպրոցներ գնալով իրենց փուչիկ անունների վրա փող հավաքելու` մի տխմար կիսահամերգային ներկայացում հրամցնելով թաց ու չորը չտարբերող երեխաներին. դրանով իրականացնելով իրենց «մեծապատիվ մուրացկանությունը» նաեւ մատաղ սերնդի նկատմամբ: Ուղղակի ամոթից չենք ուզում խոսել այն մասին, որ ազգային ակադեմիական կոչված թատրոնում մի մեծահարուստ մարդ, այս դեպքում՝ լոսանջելեսյան հայ կարող է ներկայացում պատվիրել, պրեմիերայից հետո ԱՄՆ-ում խաղալու պայմանով, ինչպես, օրինակ, «Հարսնացու հյուսիսից» հնոտի ներկայացումը «Սունդուկյան» թատրոնում, քանի որ «խեղճ» ակադեմիական թատրոնը եւ իր մշակույթի նախարարությունը փող չունեն եւ դարձյալ զբաղվում են մեծապատիվ մուրացկանությամբ: Չգիտենք, արդյոք ավելի սարսափելի փաստերի մասին գրենք, թե ոչ, բայց եթե հասել ենք այս կետին, ուրեմն շարունակենք մինչեւ վերջ, քանզի մեզ կարող են հանդիմանել… Ներկայացնենք մի փաստ, որ անգամ թատրոնի մարդիկ այդ մասին գուցեեւ չիմանան, բայց ավելի լավ, թող բոլորի մազերը բիզ-բիզ կանգնեն, որ պատկերացնեն, թե ինչ փոսի մեջ ենք հայտնված եւ ոչ ոք չի զգում, որ ճահճացել է մեր գարշահոտ թատերային կյանքը, հնից կառչած է եւ ոչ մի կերպ չի կարողանում անցնել նոր կյանքի: Փաստը բերենք, որ ավելի ակնառու դառնա որոշ թատրոնների մակաբույծ լինելու աստիճանը: Թերեւս շուրջ երկու տասնամյակ է, որ ամեն տարի պետական դոտացիա է հատկացվում «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ին: Լսե՞լ եք, արդյոք, համոզված ենք, որ շատերը առաջին անգամ են լսում: Եթե վերջին տասնամյակի ընթացքում մեկ-երկու ներկայացման ազդագիր եղել է եւ նույնիսկ մեկ անգամ խաղացված ներկայացում է եղել, ապա ցույց տալու համար, որ իբր գումարները չեն մսխվել: Պարզ է, չենք շարունակում:

Ի դեպ, այդ մեկանգամյա ներկայացումների ծանր հիվանդության մասին: Լինում է, որ կես տարի, մեկ տարի, մեկուկես տարի, անգամ երկու տարի ներկայացում են բեմադրում, խաղում են մի քանի պրեմիերային ներկայացումներ ու «դեն են նետում» այդ հսկայական ծախսերը ու անմիջապես անցնում են նորին ու նորից լաց են լինում, թե «փող չկա»: Դե հիմա, ինչ ասենք ու ինչ անենք, մի քանի հարց է ծագում. արդյո՞ք պետք է պահել դոտացիոն թատրոնները Հայաստանում: Բացահայտ է մեկ հանգամանք. հենց որ հանվի դոտացիան, նույն պահին դրանք կփակվեն: Մյուս կողմից էլ, մեր ժամանակներում չի կարելի այսքան միակողմանի, բացառապես միայն բյուջեն կողոպտելով ապրել: Պետք է գտնվի այն ոսկե միջինը, որով հնարավոր կլինի բյուջետային գումարները որպես մեծ օգնություն դիտարկել թատրոններին, որպեսզի իրենք էլ իրենց հերթին արդյունավետ աշխատանք իրականացնեն, խելամիտ ու բարեխիղճ օգտագործեն հատկացումը, աշխատանքի մեջ ներգրավեն ամբողջ աշխատակազմին եւ պահպանելով հին համակարգը, կարողանան իրականացնել նոր ժամանակի ու մեր նոր երկրի պահանջվող խնդիրները:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում