Ս. Ներսես Շնորհալի «Հաւատով խոստովանիմ»

Ս. Ներսես Շնորհալի «Հաւատով խոստովանիմ»

«Հաւատով խոստովանիմ»-ը համաշխարհային հոգևոր գրականության գոհարներից է (թարգմանվել է 36 լեզուներով): Բաղկացած է 24 տնից (օրվա 24 ժամերի համեմատ) և բովանդակում է աղոթքի բոլոր տեսակները (դավանական, զղջական, պաղատական, խոստովանական և այլն): Հեղինակն այն անվանել է «Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի աղոթք»: Գրված է արձակ, բայց հոգևոր ապրումների, հույզերի հարստությամբ և ներքին ռիթմով ազատ բանաստեղծություն է:

Աշխարհաբար

Ա (1)
Հավատով
խոստովանում և երկրպագում եմ Քեզ` Հա՛յր և Որդի՛ և Սո՛ւրբ Հոգի, անստեղծ և
անմա՛հ բնություն, հրեշտակների, մարդկանց և բոլոր եղածների՛ Արարիչ,
ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Բ (2)
Հավատով
խոստովանում և երկըրպագում եմ Քեզ, անբաժանելի լո՛ւյս, միասնական Սո՛ւրբ
Երրորդություն և Մի Աստվածություն, արարի՛չ լոյսի և հալածի՛չ խավարի,
հալածի՛ր իմ հոգուց մեղքերի և անգիտութեան խավարը և լուսաւորի՛ր միտքս`
աղոթելու Քեզ այժմ հաճույքով ու ստանալու Քեզանից իմ խնդրածները. և
ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Գ (3)
Հա՛յր
երկնավոր, Աստվա՛ծ ճշմարիտ, որ առաքեցիր Քո սիրելի Որդուն մոլորված ոչխարիս
փնտրելու համար, մեղա՜ երկնքի ու Քո առաջ, ընդունի՛ր ինձ ինչպես անառակ
որդուն և հագցրո՛ւ ինձ առաջին պատմուճանը, որից մերկացա մեղքով. և ողորմի՛ր
Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Դ (4)
Որդի՛ Աստծո,
Աստվա՛ծ ճշմարիտ, որ իջար հայրական ծոցից և մարմին առար սուրբ Կույս
Մարիամից մեր փրկութեան համար, խաչվեցիր, թաղվեցիր և հարություն առար
մեռելներից ու փառքով համբարձվեցիր առ Հայրը, մեղա՜յ երկնքի և Քո առաջ,
հիշի՛ր ինձ, ինչպես ավազակին, երբ գաս Քո արքայությամբ. և ողորմի՛ր Քո
արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Ե (5)
Հոգի՛ Աստծո, Աստվա՛ծ
ճշմարիտ, որ իջար Հորդանան և Վերնատուն և լուսավորեցիր ինձ սուրբ Ավազանի
մկրտությամբ, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, մաքրի՛ր ինձ վերստին Քո աստվածային
հրով, ինչպես հրեղեն լեզուներով՝ սուրբ առաքյալներին. և ողորմի՛ր Քո
արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Զ (6)
Անե՛ղ բնություն,
մեղա՜ Քեզ իմ մտքով, հոգով և մարմնով, հանուն Քո սուրբ անվան մի՛ հիշիր իմ
նախկին մեղքերը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Է (7)

Ամեն ինչ տեսնող Աստված, մեղանչեցի Քո առջև խորհրդով, խոսքով և գործով,
ջընջի՛ր իմ հանցանքների ձեռագիրը և գրի՛ր անունս Կեանքի Գրքում. և ողորմի՛ր
Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Ը (8)
Գաղտնիքնե՛ր
քննող, մեղա՜ Քեզ կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ, թողությո՛ւն
շնորհիր մեղավորիս, քանզի սուրբ Ավազանի ծնունդից մինչև այսօր մեղանչել եմ
Աստվածությանդ առաջ իմ զգայարաններով և մարմնիս բոլոր անդամներով. և
ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Թ (9)
Ամենախնա՛մ Տեր, Քո սուրբ երկյուղը պահապան դի’ր աչքերիս` ՝ այլևս անպատկառ
չնայելու, ականջներիս՝ չախորժելու լսել չար խոսքեր, բերանիս՝ սուտ
չխոսելու,սրտիս՝ չարը չխորհելու, ձեռքերիս՝ անիրավություն չգործելու, և
ոտքերիս՝ անորենության ճանապարհով չգնալու, այլ ուղղի՛ր սրանց ընթացքը`
միշտ լինելու ըստ Քո պատվիրանների. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝
բազմամեղիս:

Ժ (10)
Հուր կենդանի Քրիստո՛ս, Քո սիրո հուրը,
որ գցեցիր երկրի վրա, բորբոքի՛ր իմ անձում, որպեսզի այրի իմ հոգու ախտերը և
սրբի իմ մտքի խիղճը, մաքրի իմ մարմնի մեղքերը և վառի Քո գիտության լույսն
իմ սրտում. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

ԺԱ (11)
Հոր իմաստություն Հիսո՛ւս, տո՛ւր ինձ իմաստություն՝ ամեն ժամ Քո առջև
բարին խորհելու, խոսելու և գործելու: Փրկի՛ր ինձ չար խորհուրդներից,
խոսքերից և գործերից. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

ԺԲ (12)
Բարիք կամեցող Տե՛ր կմարար, մի՛ թող ինձ իմ անձի կամքով գնալ, այլ
առաջնորդի՛ր ինձ միշտ լինել ըստ Քո բարեսեր կամքի. և ողորմի՛ր Քո
արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

ԺԳ (13)
Արքա՛ երկնավոր,
տո՛ւր ինձ Քո արքայությունը, որ խոստացար Քո սիրելիներին, զորացրո՛ւ իմ
սիրտը՝ ատելու մեղքը և միայն Քեզ սիրելու և Քո կամքը կատարելու. և ողորմի՛ր
Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

ԺԴ (14)
Խնամո՛ղ
արարածների, պահի՛ր Քո Խաչի նշանով իմ հոգին և մարմինը մեղքերի
պատրանքներից, դևերի փորձություններից, անիրավ մարդկանցից և հոգու ու
մարմնի բոլոր վտանգներից. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

ԺԵ (15)
Պահապա՛ն բոլորի Քրիստո՛ս, Քո աջը թող հովանի լինի ինձ վրա գիշեր թե
ցերեկ, թե՛ տանը նստելիս, թե՛ ճանապարհ գնալիս, ննջելիս և թե՛ արթնանալիս,
որպեսզի երբեք չսասանվեմ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

ԺԶ (16)
Աստվա՛ծ իմ, որ բացում ես ձեռքերդ և լցնում բոլոր արարածներիդ Քո
ողորմությամբ, Քեզ եմ հանձնում իմ անձը, Դո՛ւ հոգա և պատրաստիր իմ հոգու և
մարմնի կարիքները այսուհետև մինչև հավիտյանս. և ողորմի՛ր Քո արարածներին և
ինձ՝ բազմամեղիս:

ԺԷ (17)
Մոլորյալներին դարձի՛ բերող, ե՛տ
դարձրու ինձ իմ չար սովորություններից բարի սովորության և բևեռի՛ր իմ
հոգում մահվան սոսկալի օրը և գեհենի երկյուղը և արքայության սերը, որպեսզի
զղջամ մեղքերիս համար և գործեմ արդարություն. և ողորմի՛ր Քո արարածներին և
ինձ՝ բազմամեղիս:

ԺԸ (18)
Անմահությա՛ն աղբյուր, բխեցրո՛ւ իմ
սրտից ապաշխարության արտասուքներ, ինչպես պոռնիկին, որպեսզի լվանամ իմ
հոգու մեղքերն աշխարհից ելնելուց առաջ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝
բազմամեղիս:

ԺԹ (19)
Պարգևի՛չ ողորմության, պարգևի՛ր ինձ
ուղղափառ հավատքով և բարի գործով և Քո սուրբ Մարմնի և Արյան հաղորդությամբ
գալ Քեզ մոտ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Ի (20)
Բարերա՛ր Տեր, ինձ բարի հրեշտակի՛ հանձնիր՝ իմ հոգին քաղցրությամբ
ավանդելու համար և անխռով անցկացնելու դևերի չարիքից, որոնք երկնքի ներքո
են. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

ԻԱ (21)
Lո՛ւյս ճշմարիտ Քրիստոս, արժանակորի՛ր իմ հոգու կոչման օրը ուրախությամբ
տեսնել Քո փառքի լույսը և բարիքների հույսով հանգչել արդարների օթևաններում
մինչև Քո գալստյան մեծ Օրը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

ԻԲ (22)
Արդա՛ր Դատավոր, երբ գաս Հոր փառքով՝ դատելու
կենդանիներին և մեռյալներին, մի՛ մտնիր դատաստանի մեջ Քո ծառայի հետ, այլ
փրկի՛ր ինձ հավիտենական հրից և լսելի՛ արա ինձ արդարների երանավետ կանչը
դեպի երկնքի արքայությունդ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

ԻԳ (23)
Ամենողո՛րմ Տեր, ողորմի՛ր Քեզ հավատացողներին` յուրայիններին ու
օտարներին, ծանոթներին ու անծանոթներին, կենդանիներին ու մեռյալներին.
թողությո՛ւն շնորհիր նաև իմ թշնամիներին ու ատողներին ինձ դեմ գործած
հանցանքների համար և ետ դարձրու նրանց չարիքից, որ պահում են իմ դեմ,
որպեսզի նրանք էլ արժանի լինեն Քո ողորմութեյանը. և ողորմի՛ր Քո
արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

ԺԴ (24)
Փառավորյա՛լ Տեր,
ընդունի՛ր Քո ծառայի աղաչանքները և ի բարի՛ կատարիր իմ խնդրվածքները՝
բարեխոսությամբ սրբուհի Աստվածածնի և Հովհաննես Մկրտչի և սուրբ Ստեփանոս
Նախավկայի և մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի և սուրբ առաքյալների,
մարգարեների, վարդապետների, մարտիրոսների, հայրապետների, ճգնավորների,
կույսերի, միանձանց և Քո բոլոր երկնավոր և երկրավոր սուրբերի. և Քեզ
անբաժանելի Սուրբ Երրորդությանդ, փա՜ռք և երկրպագություն հավիտյանս
հավիտենից. ամեն:

Գրաբար

Ա
Հաւատով խոստովանիմ
Եւ երկիր պագանեմ քեզ,
Հայր եւ Որդի եւ սուրբ Հոգի.
Անեղ եւ անմահ բնութիւն.
Արարիչ հրեշտակաց եւ մարդկան
Եւ ամենայն եղելոց.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Բ
Հաւատով խոստովանիմ
Եւ երկիր պագանեմ քեզ,
Անբաժանելի լոյս,
Միասնական սուրբ Երրորդութիւն
Եւ մի Աստուածութիւն,
Արարիչ լուսոյ եւ հալածիչ խաւարի.
Հալածեա ի հոգւոյ իմմէ
Զխաւար մեղաց եւ անգիտութեան.
Եւ լուսաւորեա զմիտս իմ ի ժամուս յայսմիկ՝
Աղօթել քեզ ի հաճոյս
Եւ ընդունիլ ի քէն զխնդրուածս իմ.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Գ
Հայր երկնաւոր Աստուած ճշմարիտ,
Որ առաքեցեր զՈրդիդ քո սիրելի
Ի խնդիր մոլորեալ ոչխարին.
Մեղայ յերկինս եւ առաջի քո.
Ընկալ զիս որպէս զանառակ որդին.
Եւ զգեցո ինձ զպատմուճանն զառաջին՝
Զոր մերկացայ մեղօք,
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Դ
Որդի Աստուծոյ Աստուած ճշմարիտ,
Որ խոնարհեցար ի հայրական ծոցոյ
Եւ առեր մարմին ի սրբոյ կուսէն Մարիամայ
Վասն մերոյ փրկութեան՝
Խաչեցար եւ թաղեցար
Եւ յարեար ի մեռելոց
Եւ համբարձար փառօք առ Հայր.
Մեղայ յերկինս եւ առաջի քո.
Յիշեա զիս որպէս զաւազակն՝
Յորժամ գաս արքայութեամբ քով.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Ե
Հոգի Աստուծոյ՝ Աստուած ճշմարիտ,
Որ իջեր ի Յորդանան եւ ի վերնատունն
Եւ լուսաւորեցեր զիս մկրտութեամբ սուրբ աւազանին՝
Մեղայ յերկինս եւ առաջի քո.
Մաքրեա զիս վերստին աստուածային հրով քով՝
Որպէս հրեղէն լեզուօք զառաքեալսն.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Զ
Անեղ բնութիւն,
Մեղայ քեզ մտօք իմովք.
Հոգւով եւ մարմնով իմով.
Մի յիշեա զմեղս իմ զառաջինս՝
Վասն անուանդ քում սրբոյ.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Է
Տեսող ամենայնի
Մեղայ քեզ,
Խորհրդով, բանիւ եւ գործով.
Ջնջեա զձեռագիր յանցանաց իմոց
Եւ գրեա զանուն իմ ի դպրութեան կենաց.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Ը
Քննող գաղտնեաց,
Մեղայ քեզ կամայ եւ ակամայ,
Գիտութեամբ եւ անգիտութեամբ.
Թողութիւն շնորհեա մեղաւորիս.
Զի ի ծննդենէ սուրբ աւազանին
Մինչեւ ցայսօր մեղուցեալ եմ
Առաջի աստուածութեանդ քո,
Զգայարանօք իմովք,
Եւ ամենայն անդամօք մարմնոյս.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Թ
Ամենախնամ Տէր,
Դիր պահապան աչաց իմոց
Զերկիւղ քո սուրբ
Ոչ եւս հայիլ յայրատ.
Եւ ականջաց իմոց՝
Ոչ ախորժել լսել զբանս չարութեան.
Եւ բերանոյ իմոյ՝ ոչ խօսիլ զստութիւն.
Եւ սրտի իմոյ՝ ոչ խորհիլ զչարութիւն.
Եւ ձեռաց իմոց՝ ոչ գործել զանիրաւութիւն.
Եւ ոտից իմոց՝
Ոչ գնալ ի ճանապարհս անօրէնութեան.
Այլ ուղղեա զշարժումն սոցա
Լինիլ ըստ պատուիրանաց
Քոց յամենայնի.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Ժ
Հուր կենդանի Քրիստոս,
Զհուր սիրոյ քո, զոր արկեր յերկիր՝
Բորբոքեա յանձն իմ,
Զի այրեսցէ հոգւոյ իմոյ.
Եւ սրբեսցէ զխիղճն մտաց իմոյ.
Եւ մաքրեսցէ զմեղս մարմնոյ իմոյ.
Եւ վառեսցէ զլոյս գիտութեան քո ի սրտի իմում,
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

ԺԱ
Իմաստութիւն Հօր Յիսուս,
Տուր ինձ զիմաստութիւն,
Զբարիս խորհիլ եւ խօսիլ եւ գործել
Առաջի քո յամենայն ժամ.
Ի չար Խորհրդոց՝ ի բանից եւ ի գործոց
Փրկեա զիս.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

ԺԲ
Կամեցող բարեաց Տէր կամարար,
Մի թողուր զիս ի կամս անձին իմոյ գնալ.
Այլ առաջնորդեա ինձ
Լինիլ միշտ ըստ կամաց քոց բարեսիրաց.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

ԺԳ
Արքայ երկնաւոր,
Տուր ինձ զարքայութիւն քո,
Զոր խոստացար սիրելեաց քոց.
Եւ զօրացո զսիրտ իմ
Ատել զմեղս
Եւ սիրել զքեզ միայն
Եւ առնել զկամս քո.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

ԺԴ
Խնամող արարածոց,
Պահեա նշանաւ խաչի քո
Զհոգի եւ զմարմին իմ՝
Ի պատրանաց մեղաց,
Ի փորձութեանց դիւաց,
Եւ ի մարդոց անիրաւաց,
Եւ յամենայն վտանգից հոգւոյ եւ մարմնոյ.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

ԺԵ
Պահապան ամենայնի Քրիստոս,
Աջ քո հովանի լիցի ի վերայ իմ
Ի տուէ եւ ի գիշերի.
Ի նստիլ ի տան,
Ի գնալ ի ճանապարհ,
Ի ննջել եւ ի յառնել,
Զի մի երբէք սասանեցայց.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

ԺԶ
Աստուած իմ, որ բանաս զձեռն քո
Եւ լնուս զամենայն արարածս
Ողորմութեամբ քով,
Քեզ յանձն առնեմ զանձն իմ.
Դու հոգա եւ պատրաստեա
Զպէտս հոգւոյ եւ մարմնոյ իմոյ
Յայսմհետէ մինչեւ յաւիտեան.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

ԺԷ
Դարձուցիչ մոլորելոց,
Դարձո զիս ի չար սովորութեանց իմոց
Ի բարի սովորութիւն.
Եւ բեւեռա ի հոգի իմ սոսկալի օր մահուն,
Եւ զերկիւղ գեհենոյն,
Եւ զսէր արքայութեանն.
Զի զղջացայց ի մեղաց
Եւ գործեցից զարդարութիւն
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

ԺԸ
Աղբիւր անմահութեան.
Աղբերացո ի սրտէ իմմէ զարտասուս ապաշխարութեան
Որպէս պոռնկին.
Զի լուացից զմեղս անձին իմոյ՝
Յառաջ քան զելանելն իմ յաշխարհէս.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

ԺԹ
Պարգեւիչ ողորմութեան,
Պարգեւեա ինձ
Ուղղափառ հաւատով,
Եւ բարի գործով,
Եւ սուրբ մարմնոյ
Եւ արեան քո հաղորդութեամբ
Գալ առ քեզ.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Ի
Բարերար Տէր,
Հրեշտակի բարւոյ յանձն արասցես զիս՝
Քաղցրութեամբ աւանդել զհոգի իմ.
Եւ անխռով անցուցանել ընդ չարութիւն այսոցն՝
Որք են ի ներքոյ երկնից.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

ԻԱ
Լոյս ճշմարիտ Քրիստոս,
Արժանաւորեա զհոգի իմ ուրախութեամբ տեսանել
Զլոյս փառաց քոց
Ի կոչման աւուրն
Եւ հանգչել յուսով
Բարեաց յօթեւանս արդարոց
Մինչեւ յօր մեծի գալստեան քո.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

ԻԲ
Դատաւոր արդար,
Յորժամ գաս փառօք Հօր դատել
Զկենդանիս եւ զմեռեալս՝
Մի մտաներ ի դատաստան
Ընդ ծառայի քում,
Այլ փրկեա զիս ի յաւիտենական հրոյն
Եւ լսելի արա ինձ
Զերանաւէտ կոչումն արդարոց՝
Յերկնից արքայութիւնդ.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

ԻԳ
Ամենաողորմ Տէր,
Ողորմեա ամենայն հաւատացելոց ի քեզ՝
Իմոց եւ օտարաց,
Ծանօթից եւ անծանօթից,
Կենդանեաց եւ մեռելոց.
Շնորհեա եւ թշնամեաց իմոց
Եւ ատելեաց զթողութիւն,
Որ առ իս յանցանաց.
Եւ դարձո զնոսա ի չարեացն,
Զոր ունին վասն իմ,
Զի ողորմութեան քում արժանի եղիցին.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

ԻԴ
Փառաւորեալ Տէր,
Ընկալ զաղաչանս ծառայի քո՝
Եւ կատարեա ի բարի զխնդրուածս իմ
Բարեխօսութեամբ սրբուհւոյ Աստուածածնին,
Եւ Յովհաննու Մկրտչին,
Եւ սրբոյն Ստեփաննոսի Նախավկային,
Եւ սրբոյն Գրիգորի մերոյ Լուսաւորչին,
Եւ սրբոց առաքելոց եւ մարգարէից,
Եւ վարդապետաց, եւ մարտիրոսաց
Եւ սրբոց հայրապետաց, եւ ճգնաւորաց
Եւ կուսանաց, եւ ամենայն սրբոց քոց,
Երկնաւորաց եւ երկրաւորաց,
Եւ քեզ փառք եւ երկրպագութիւն
Անբաժանելի սուրբ Երրորդութեանդ,
Յաւիտեանս յաւիտենից, ամէն:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։
Կարդում է Անժելա Քալոյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում