Հեռուստատեսությունը մարդկանց կրթական ցենզը հետևողականորեն իջեցնում է. ՀՀ վարչապետ

Հեռուստատեսությունը մարդկանց կրթական ցենզը հետևողականորեն իջեցնում է. ՀՀ վարչապետ

Պատմական հուշարձանների վերականգնող ճարտարապետների հայկական ասոցացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց կարճ նամակ՝ հակիրճ պրոբլեմներով և լուծման տարբերակներով։ Մայիսի 25-ին մշակութային գործիչների՝ վարչապետի հետ հանդիպմանը Սողոմոնյանը նշեց, որ հուշարձանների պահպանության ոլորտն այդքան էլ լուսավոր չէ։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

«Եթե սարերում տեսնեք ինչ մշակութային կոթողներ են աստիճանաբար կործանվում, ապա կտեսնեք համակարգի թերությունները: Գուցե Դուք տարվա մեկ մեզ նվիրեք մեկ օր, մենք անընդհատ տեղյակ կպահենք Ձեզ իրավիճակի մասին»,- ասաց նա՝ խնդրելով առաջիկայում մեկ հանդիպում կազմակերպել՝ խնդիրների մասին առավել մանրամասն խոսելու համար։

Փաշինյանը նշեց՝ քանի որ այդ հարցերով զբաղվելու է Մշակույթի նախարարը, ապա նամակի պատճենը կամ կրկնօրինակը կհանձնի նրան։

Հանդիպմանը նաև երգիչ-երգչուհիներին պանդոկներում երգելն օրենսդրորեն արգելելու հարց բարձրացվեց, քանի որ դա նվաստացուցիչ է։ Փաշինյանը նկատեց՝ շատ հռչակավոր երգիչներ իրենց կարիերան սկսում են պանդոկներում երգել սկսելով։

«Բայց եթե Դուք նկատի ունեք կարիերան այդպես ավարտելը, դա ուրիշ բան է»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե կարելի է դիմել մեծահարուստ-բարերարների օգնությանը, ովքեր կապահովեն առանձին գործիչների կամ կառույցների գործունեությունը, Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ իր համար շատ ավելի վատ է, որ երբ որևէ մեծահարուստ ինչ-որ լավություն է արել մի մշակութային գործչի, հետո ստիպում է փոխհատուցել։ Փաշինյանը նշեց՝ իր համար այդ նվաստացումն ավելի վատ է։

«Չեմ կարծում, թե որևէ աշխատանքից կարելի է ամաչել, ամաչել պետք է ձրիակերությունից, բայց հարցի լեգիտիմությունն ընդունում եմ»,- ասաց նա:

Փաշինյանն անդրադարձավ նաև հեռուստատեսային արտադրանքի վերահսկման հարցին։ Նա ցավով նշեց, որ այսօր հեռուստատեսությունը մարդկանց կրթական ցենզը հետևողականորեն իջեցնում է:

«Երբեմն ես հեռուստատեսությամբ լսում եմ բաներ, և չեմ հավատում, որ դա իրականություն է, որովհետև չի կարող լինել այդպիսի բան՝ «Կիսաբաց լուսամուտներ», չգիտեմ ինչ, նոր Հայաստանում չի կարող լինել այդպիսի բան, որ մարդիկ իրենց կեղտոտ սպիտակեղենը հանեն ի տես հանրությանը: Սա մշակույթի հարց է, և ինչու պետք է էլ մարդկանց ուրիշ բան հետաքրքրի, որ մտածեն թատրոն, համերգ գնալու, մշակույթի մասին»,- նշեց նա։

Փաշինյանն ընդգծեց՝ իրենք ոչ մեկին ոչինչ չեն պատրաստվում պարտադրել, շարունակելու են այդ մասին խոսել հեռուստաընկերությունների ղեկավարների հետ։

«Չի կարելի թույլ տալ, որ մեր երեխաներին փորձեն ցածրացնել, ցածրացնել ու ցածրացնել, մենք դա երբեք թույլ չենք տա»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում