ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց մշակութային գործիչների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց մշակութային գործիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշակույթի նպատակ ասելով` մենք հասկանում ենք երկու մարդկանց կամ երկու քաղաքացիների հարաբերությունների որակը և, մեր պատկերացմամբ, մշակույթի առանցքային դերակատարումը ՀՀ կամայական երկու քաղաքացիների հարաբերությունների մակարդակը հետևողականորեն բարձրացրելն է: Այս մասին մայիսի 25-ին մշակութային գործիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպումը տեղի ունեցավ մայիսի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Իր ողջույնի խոսքում վարչապետն ասաց, որ ուրախ է տեսնել մշակութային գործիչներին և իր համար պատիվ է նրանց առաջ հանդես գալը:

«Ինչպես ասել են ու ինչպես ասում են շատերը, նույնիսկ կարելի է ասել բոլորը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները` ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական հեղափոխությունը շատ մեծ մշակութային բաղադրիչ ունի:

Կարծում եմ, որ մեր երկրում շատ հաճախ հանդիպող կիսադատարկ դահլիճները նույնիսկ նշանավոր մշակութային իրադարձությունների, խոսում է ճգնաժամի մասին: Կառավարության դերակատարումը տեսնում ենք ոչ թե մշակութային բովանդակության մեջ խառնվելը, որոշելը, թե մշակութային գործիչն ինչով պետք է զբաղվի և ինչպե՞ս, այլ մեր մեծագույն խնդիրն ենք համարում ՀՀ քաղաքացիների մշտական հաղորդակցությունը մշակույթի և մշակութային կյանքի ապահովումը»,-շեշտեց Փաշինյանը:

Վարչապետը, ըստ իր բնորոշման, կոպիտ օրինակ բերեց` փորձելով ներկայացնել մեր ընկալումը մշակույթի վերաբերյալ: «Ինչպես կարելի է ապրել առանց լվացվելու: Ըստ էության` եղել են ժամանակներ, երբ դա հնարավոր է եղել, բայց ժամանակակից աշխարհում դա անհնար է և այլ բան է նշանակում:

Մեր խնդիրն է, որ երեխաները դպրոցական տարիքից հաղորդակցվեն մշակույթի հետ: Այո, մենք շատ ենք լսել քննադատություն մշակութային գործիչների հասցեին, բայց նաև ականատես ենք լինում, որ Հայաստանի բեմերում իսկապես կա բարձր մշակույթ. թանգարաններում կան արժեքավոր նմուշներ, ստեղծվում է արժեքավոր գրականություն, նկարվում են արժեքավոր կտավներ, գրվում են արժեքավոր երգեր»,-ընդգծեց նա:

Փաշինյանը պատմեց, որ երբ իրեն հարցնում են` արդյոք լինելու՞ է մշակութային հեղափոխություն, վարչապետը պատասխանում է, որ այն, ինչ տեղի է ունեցել մշակութային հեղափոխություն է, քանի որ այդ հեղափոխության ամենամեծ հեղինակները նաև մշակութային գործիչներն են:

Նա ասաց, որ մարդիկ իրենց հետագա քաղաքական, քաղաքացիական մշակութային ընկալումները պետք է ընդլայնեն, և եթե հետագայում Հայաստանում բռնապետություն իրականացնելու փորձ արվի մարդիկ նույն թափով դուրս գան փողոցներ և հաստատեն իրենց իշխանությունը, որպեսզի հետագայում ապրեն իրենց երջանկությունը: «Մշակույթը, մշակութային գիտակցությունը համարում եմ մարդկային երջանկության անբաժան մասը, ուրեմն երբ ասում ենք, որ մեր նպատակը երջանիկ Հայաստան ստեղծելն է, դրանում տեսնում ենք մշակույթի մշակութային գործիչների դերը, ուզում ենք մեր կառավարության գործունեության արդյունքում գրողը վերագտնի իր կորցրած ընթերցողին, թատրոնը` իր կորցրած հանդիսատեսին, երաժշտությունը`կորցրած երաժշտասերին, կերպարվեստը` արվեստասերին»,- եզրափակեց ՀՀ վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում