Մշակութային օջախները պետք է մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց համար

Մշակութային օջախները պետք է մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց համար

«Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը մայիսի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու մշակութային գործիչների հանդիպման ժամանակ բարձրացրեց հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ մշակութային օջախներ այցելելու դժվարության հարցը: Նա նշեց՝ կա կարծիք, որ «եվրոպաներում» ամեն ինչ իդեալական է մարդկանց համար, սակայն այդպես չէ ամենևին: Ալավերդյանը նշեց՝ որպեսզի մշակույթը լինի մատչելի, կարելի է միջոցներ գտնել, որ այդ հարցը լուծվի: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Երկրորդ հարցով նա բարձրացրեց իրենց երգչախմբին պետական կարգավիճակ և աջակցություն տալու հարցը: Ալավերդյանը հայտնեց, որ իրենց խումբը 1993 թ-ից մրցույթների դափնեկիր է, բայց մինչ օրս չի կարողանում ստանալ պետական կարգավիճակ, ու զարմանում են, որ մասնավոր հովանավորներ են գտնում:

Փաշինյանը նշեց, որ հարցը տեղին է, պետք է արագ քայլեր ձեռնարկել մշակութային կարևոր օջախները հարմարեցնելու համար, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի լինեն դրանք: Նա խոստացավ՝ կառավարությունը կքննարկի այդ հարցը, և կարելի է անգամ դոնոր կազմակերպությունների հետ դա քննարկել, հաստատ միջոցներ կգտնեն:

«Ինչ վերաբերում է մշակութային գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին պետական կարգավիճակ տալու խնդրին, այդ հարցը շատ է բարձրացնում, իմ կարծիքով՝ մեր խնդիրը պետք է չլինի բոլորին տալ պետական կարգավիճակ ու չեղած գումարները, որ առանց այդ էլ չեն բավարարում, ավելի նվազեցնել: Մենք եկամուտների մեծացման խնդիր ենք դրել, բայց պետք է հակառակ ուղղությամբ գնալ, պետք է ապահովենք որոշակի հավասար դաշտ, և խմբերի, մշակութային կազմակերպությունների համար փորձենք վարել այնպիսի քաղաքականություն, որ ապահովենք հանդիսատեսի հոսք, որը իր հետևից կբերի ֆինանսավորում»,- ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց՝ եթե համերգները շարունակում են անցնել կիսադատարկ դահլիճներում, սա նշանակում է, որ պետական միջոցներն արդյունավետ չեն օգտագործվում, ուստի պետք է հանդիսատեսին ուղղորդել համերգասրահներ, դահլիճներ, իսկ խմբերը հանդիսատեսի համար պետք է առավել գրավիչ դառնան, այսինքն՝ պետք է ֆինանսավորել ոչ թե ուղղակի, այլ անուղղակի:
«Մեր հիմնական խնդիրը ոչ թե բեմը պետք է լինի, այլ սրահը, դահլիճը, որովհետև հանդիսատեսը պետք է ազդի տեղի ունեցող պրոցեսների վրա, բեմն էլ՝ հանդիսատեսի շարունակական կրթության վրա»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում