Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Պաշտպանության նախարարին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Պաշտպանության նախարարին

Մայիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին:

Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքները բերեց տիար Դ. Տոնոյանին նշանակման առիթով՝ շնորհավորելով նաև մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ:

Տոների առիթով Հայոց Հայրապետն իր հայրական օրհնությունն ու շնորհավորանքները փոխանցեց Հայոց հաղթական բանակի քաջարի զինվորներին ու հրամանատարներին: Նորին Սրբությունն ընդգծեց, որ մայիսյան հերոսամարտերը յուրաքանչյուր հայորդու հպարտության և ներշնչանքի առիթն են հանդիսանում և դրանցով պետք է ոգեշնչվեն նաև մեր երկրի խաղաղությունն ու անվտանգությունն ապահովող զինվորները:

Այնուհետև երատագիտության խոսք ասաց տիար Դ. Տոնոյանը` Հայոց Հովվապետին տեղեկացնելով իր հետագա գործունեության մասին: Պաշտպանության նախարարն իր խոսքում մեծապես կարևորեց Հայ Եկեղեցու և ՀՀ ՊՆ միջև առկա սերտ համագործակցությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությանը, գնդերեցների նվիրյալ ու պատասխանատու ծառայությանը և զինվորների նկատմամբ ցուցաբերվող հոգևոր խնամատարությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահեցրեց, որ Հայոց Եկեղեցին և հայ հոգևորականը, ինչպես անցյալում, այնպես էլ այսօր, պիտի շարունակի լինել հայրենյաց պաշտպանների կողքին, տարբեր սոցիալական, կրթական ծրագրերով մշտապես սատարել Հայոց բանակին, աջակից լինել պատերազմի բովով անցած ազատամարտիկին և վիրավոր զինվորին:

Վերջում Վեհափառ Հայրապետն աղոթեց, որպեսզի Տերն Իր ամենախնամ Ս. Աջի հովանու ներքո խաղաղ ու անվտանգ պահի Հայոց աշխարհն ու ժողովրդին:

Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում