Սուրբ Հռիփսիմյանց կույսեր

Սուրբ Հռիփսիմյանց կույսեր

Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց կույսեր (նահ. 301, Վաղարշապատ), տոնելի քրիստոնյա վկայուհիներ, նահատակներ: Հռիփսիմյանց կույսեր առաքինազարդ վանական կյանք են վարել Հռոմում, իրենց մայրապետի՝ Գայանե կույսի առաջնորդությամբ: Հռոմեկան Դիոկղետիանոս կայսրի (284–305) հալածանքներից խուսափելով՝ ի վերջո ապաստանել են Հայաստանում (Վաղարշապատի Հնձանք կոչված վայրում): Ավանդությունը հալածանքների պատճառ է համարում այն, որ կույսերից գեղեցկագույնը՝ երկնավոր հարս Հռիփսիմեն, հրաժարվել է Դիոկղետիանոս կայսրի առաջարկներից՝ դառնալու նրա կինը և Հռոմեկանա կայսրության թագուհին: Կայսրը լուր է հղել Հայոց Տրդատ Գ Մեծ թագավորին, որ գտնի Հայաստանում ապաստանած կույսերին և վերադարձնի Հռոմ, բայց եթե ուզենա, կարող է և կնության առնել Հռիփսիմեին: Տրդատ թագավորը, գտնելով կույսերին ու տեսնելով Հռիփսիմեի գեղեցկությունը, ինքն էլ է ցանկությամբ համակվել: Հռիփսիմեն հրաժարվել է Տրդատից ևս: Դրա համար նրան ենթարկել են անլուր չարչարանքների, կտրել լեզուն, հանել աչքերը և քառատելով այրել: Սրահար են արել նաև Հռիփսիմեի 32 հավատակից վկայուհիներին: Սրբուհիների մարմինները 9 օր մնացել են անթաղ, մինչև որ Խոր վիրապից դուրս եկած Գրիգոր Ա Լուսավորիչը ամփոփել է նրանց մարմինները տապաններում ու թաղել իրենց նահատակության տեղերում՝ Հռիփսիմեին՝ իր հավատակիցների հետ, Գայանյանց կույսերին՝ առանձին, իսկ հիվանդության պատճառով Հնձանք վայրում միայնակ մնացած կույսին՝ Հնձանքում, որտեղ հետագայում Նահապետ Ա Եդեսացի կաթողիկոսը կառուցել է Ս. Շողակաթ վանքը:

Ս. Հռիփսիմեի վկայարանի վրա Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը 618-ին կառուցել է Էջմիածնի Ս. Հռիփսիմե եկեղեցին, որի խորանի գետնահարկ մատուռի մեջ ցայսօր զետեղված է մնում սրբուհու տապանը: Իսկ Եզր Ա Փառաժնակերտցի կաթողիկոսը Ս. Գայանյանց կույսերի մատուռի տեղում բարձրացրել է Էջմիածնի Ս. Գայանե վանքը:

Ըստ Մ. Օրմանյանի, Ս. Հռիփսիմե և Ս. Գայանե տաճարների ներքո մեծամեծ քարերով շինված գետնափորեր կան, որտեղ ամփոփված են կույսերի ոսկորները: Հայաստան եկած կույսերի թիվը ըստ Ագաթանգեղոսի, 70-ից ավելի էր, նահատակվածներինը՝ 37: Հանվանե հիշատակված են Հռիփսիմեն, Գայանեն և Մարիանեն: Գրիգոր Ա Լուսավորիչը Հռիփսիմյանց կույսերին դասել է սրբերի շարքը: Որպես սրբեր Հռիփսիմեն և Գայանեն նշվում են ոչ միայն հայերեն, այլև հունական, լատինական, արաբական, ղպտիական, ռուսական Հայսմավուրքներում:

Հռիփսիմյանց կույսերի նահատակությունը հիմք է հանդիսացել հայ քրիստոնեական գրականության վաղ հուշարձաններից մեկի՝ Հռիփսիմյանց վկայաբանության համար, որը, անցնելով Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու Պատմությունների մեջ, լայն տարածում է ստացել ինչպես հայ, այնպես էլ ողջ միջնադարյան քրիստոնեական գրականության էջերում:

Ս. Հռիփսիմե վանքի օծման կապակցությամբ 618-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը գրել է ս. Հռիփսիմյանց կույսերին նվիրված շարականը. Անձինք նուիրեալք սիրոյն Քրիստոսի, Երկնաւոր նահատակք և կուսանք իմաստունք… (Շարակնոց, 1853, էջ 487):

Աղբյուր՝ ter-hambardzum.net։
Հեղինակ՝ Լևոն Սարգսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում