Ջազային երկխոսություն՝ Տաթևիկ Հովհաննիսյանի հետ

Ջազային երկխոսություն՝ Տաթևիկ Հովհաննիսյանի հետ

«Ուզում էի խոսել, հուզված էի շատ, ավելի հեշտ էր երգելը»,- երևանյան ունկնդրի հետ իր զրույցն այսպես սկսեց ջազային երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը։

Մայիսի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ջազի երեկո էր. մոր՝ ժողովրդական երգչուհի Օֆելյա Հովհաննիսյանի մահվան օրվանից երկար ժամանակ չերգելուց հետո Տաթևիկ Հովհաննիսյանը կրկին բեմում էր։ Նա խոստովանեց՝ թե ինքը, թե իր երաժիշտներն ամեն անգամ սիրով են Հայաստան գալիս։

«Ես, պարզ է, միշտ սիրով պետք է վերադառնամ Հայաստան, բայց իմ երաժիշտներն էլ են սիրով վերադառնում. ջերմությունը, երաժշտասիրությունը, հյուրընկալությունը, եղանակը, ամեն ինչ շատ ավելի քաղցրությամբ է հիշվում իրենց համար, հաճախ ասում են՝ այնտեղ չե՞նք գնալու… ուզում եմ ասել՝ մենք մեծ հաճույքով ենք ձեզ ներկայանում նորից»,- ասաց նա։

Ու սկսվեց զրույցը՝ հանդիսատեսի, երգչուհու ու երաժիշտների. հայկական էթնիկ ջազ, բրազիլական երգեր ու ամերիկյան ստանդարտներ, հետո բուռն ծափեր ու հիացած դեմքեր։

Ջազի լեդին խոստովանեց՝ երգերի ստեղծման ուղին փշոտ է, երբեմն, երբ փնտրտուքի մեջ է լինում, ոչ մի երգ չի գալիս մտքին, ոչ մի բան չի ստեղծվում, մեկ էլ հանկարծակի գտնվում է այն երգը, որ ասում է՝ ահա, այ սրանով կարող եմ ստեղծագործել, իսկ երբ երգը ստեղծում է, դարձյալ չգիտի՝ կստացվի՞, թե՞ չի ստացվի։

«Բերում ես, ներկայացնում դաշնակահարին, պատերազմում ենք, կռվում ենք, սիրում, բարիշում, ժամանակի ընթացքում ստեղծվում է, հետո առաջին անգամ պիտի ներկայացնես ժողովրդին, էն էլ՝ հայ ժողովրդին։ Պատկերացրեք՝ ինձ համար ինչ հաճույք է, որ այս երաժշտությունն այսպես ընդունվում է, սա մեզ ուժ է տալիս, որ այդ բոլոր փշերի վրայով ձգվող ուղին, որ մենք անցնում ենք, որոնց մասին դուք չգիտեք, շարունակենք»,- ասաց նա։

Համերգային երկու ժամի ավարտից հետո հանդիսատեսը դեռ երկար չէր ցանկանում բաժանվել սիրելի երգչուհուց։ Հովհաննիսյանական ջազի սիրահարների հետ երգչուհու հերթական հանդիպումն ավարտվեց, հանդիսատեսը կարոտով ու սիրով սպասելու է նրա հետ իր հաջորդ հանդիպմանը։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում