ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՅՔԱՐՆ ՈՒ ՋԱՆՔԵՐԸ ՀԱՆՈՒՆ ԹՈՒՐՔԱՀՊԱՏԱԿ ՀԱՅԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ

ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՅՔԱՐՆ ՈՒ ՋԱՆՔԵՐԸ ՀԱՆՈՒՆ ԹՈՒՐՔԱՀՊԱՏԱԿ ՀԱՅԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ

Ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր պատմական, փաստագրական տեղեկություններ չունենալով և համապատասխան գիտելիքներից զուրկ լինելով բամբասում ու չարախոսում են, թե իբր հոգևորականների հնազանդության քարոզության պատճառով է ցեղասպանության ենթարկվել հայությունը Հայաստանի արևմտյան մասում, ներկայացնում եք հակառակն ապացուցող բազում տեղեկություններից մի հատված:

Հայ հոգևորականները նախանձախնդիր գործունեություն են իրականացրել ցեղասպանության տարիներին ևս` հավատավոր իրենց հոտը պաշտպանելու համար: Դրա վերաբերյալ տեղեկություններ իմանում ենք նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Հայաստանի արևմտյան շրջաններ առաքված հանձնախմբի տեղեկագրերից: Այդ առումով ուշագրավ է Տ. Խորեն եպիսկոպոսի մանրամասն տեղեկագիրը:

1914 թ. նոյեմբերի 19-ի երեկոյան ժամը 4-ին հանձնախմբրի անդամները հասել են Բայազետ: Քաղաքին չհասած` նրանց դիմավորել են բազմաթիվ ձիավորներ, քաղաքի պատվավորներից` առաջնորդական փոխանորդ Տ. Ներսես քահանայի գլխավորությամբ: Նոյեմբերի 25-ին գնացել են Ղազի գյուղ: «Գյուղացիները գյուղի ծայրում դիմավորեցին մեզ. մեծ, փոքր, ծեր, կին, երիտասարդ, բոլորը դուրս էին եկել, անհամար խմբով շրջապատել էին մեզ: Ուրախության արցունքը նկատվում է բոլորի աչքերին: Ժողովուրդը փառք էր տալիս Աստծուն: Ուղղակի իջա եկեղեցի, տեսարանը սրտաշարժ էր, մանավանդ, երբ քարոզից հետո դատարկ, թալանված եկեղեցում չոգած երգեցինք «Ապաւինեցաք ի խաչ Քո» շարականը, որին մեղմ ձայնակցում էր զուլումի աշխարհի տանջված ժողովրդի լացը»:

Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրած տեղեկագրում Խորեն եպիսկոպոսը բացի զուտ նկարագրություններից նաև իր անձնական զգացումներն ու մտահոգություններն է արտահայտել. «Տեսածս քահաների մեջ աչքի էր ընկնում Եոնջալուի Տ. Հովհաննես քահանա Տեր-Հովհաննիսյանը, որը, մանավանդ ներկա հանգամանքներում, արթուն, իր հոտը պաշտպանող հովիվ է: Նրա որդին սպանվել է Ղարաքիլիսայում: Կսկիծն իր սրտում մեռցնելով` քաջ հովիվը, մոռացած իր վիշտը, սփոփում, մխիթարում է իր հոտը և նրա շահերը պաշտպանում իշխանության առաջ: Ինձ հետ եղած պատգամավորները պարտք դրեցին ինձ վրա` խնդրել Ձերդ Վեհափառությունից վարձատրել հիշյալ քահանային լանջախաչով»:

Հոգևորականները խժդժությունների ժամանակ ջանացել են, որ ոչ միայն իրենք անձնապես պաշտպանության ելնեն, այլև զենքի ապահովմամբ կամ բանակում հոգևոր հովվի ծառայությամբ ժողովրդի պաշտպանությունն իրականացնեն: Թեոդոսիայի սարկավագ Կյուրեղ Աբգարյանցը ցանկություն էր հայտնել քահանա ձեռնադրվել և մտնել կովկասյան բանակը հոգևոր հովվի պաշտոնով: 1914 թ. մարտին Բիթլիսում քուրդ հրոսակների և օսման զինվորների միջև կռիվներ էին սկսվել և տևել երկու օր: Բիթլիսում պաշարման վիճակ էր հայտարարված: Առաջնորդ Սուրեն վարդապետը դեպքերի մասին հետևյալ հեռագիրն է ուղարկել Պատրիարքարան. «Քրդերը ամսույս 20-ին քաղաք մտան սոսկալի կռվից հետո: Երեկ գնդակների տարափի տակ զինարան գնալով` 150-ի չափ զենք առա մերինների համար: Բայց ինձ հետ եկող հայերից մեկը վիրավորվեց: Զենքերը բաժանեցի: Ապստամբապետ Սելիմը ռուսական հյուպատոսարանն ապաստանեց: Այսօր զինադուլ կա, անտանելի վիճակ»: «Վտանգի պահին Առաջնորդ Տ. Սուրեն վարդապետի արիությունն ու արթնամտությունը և հայ ժողովրդի պաշտպանության համար ձեռք առնված միջոցներն ամեն կերպով գնահատելի են»,- գրում էր «Ազգ» թերթը: Հոգևորականների այս դիրքորոշումն անփոփոխ մնաց: Դիլմանի կատաղի պատերազմի ժամանակ, ուր թուրքերը Սարիղամիշից հետո երկրորդ սոսկալի պարտությունը կրեցին, հայ կամավորների գնդերը ունեցան մոտ 20 մեռյալ և 50-ի չափ վիրավորներ: Այս վիրավորների մեջ գտնվում էին երկու վաշտապետներ` Սմբատը, որ վիրավորված էր ձախ ոտքից, Արտաշեսը` կոկորդից և Վարդան քահանա Նալբանդյանը` աջ ոտքից:

Ժամանակի հայկական մամուլում հիացմունքով էր խոսվում օրհասական պահերին կռվի դաշտում հայրենիքն ու ազգը պաշտպանող և իրենց նպաստավոր ծառայությունները բերող հոգևորականների մասին: Ականատեսներն իրենց հիացմունքն էին արտահայտում` ի տես հայրենիքի և ժողովրդի պաշտպանության ելած հոգևորականների: «Մշակի» սեփական թղթակիցը հայտնում էր, որ 1914 թ. նոյեմբերի 16-ին Ծանծաղում հանդիպել է գաղթականների, ծանծաղեցի հայ գյուղացիների, որոնք վերադառնում էին իրենց բնակարանները սայլերով, հարսները մեջքներին կրելով բարուրած երեխաներին: «Սարը չբարձրացած,- գրում է դեպքերին ականատես Ատրպետ անունով թղթակիցը,- հանդիպեցի ուրիշ սայլերի, որոնց ուղեկցում էր մի երիտասարդ հայ քահանա: Նա գնում էր բանակ, բայց հույս չուներ իրենց գյուղը` Պարժվան գնալու, քանի որ այդ գյուղը դեռ չէր գրավված: Ծննդավայրի սերը, այն ազատելու տենչը այնպես էր գրավել քահանային, որ շտապում էր բանակ հասնել, կարևոր տեղեկություններ ստանալ կամ նպաստել օր առաջ իր պաշտելի գյուղը ազատելու թշնամու ճիրաններից»: Այդ խումբը կեսօրին հասնում է մի գյուղ, որի թուրք բնակիչները փախել էին, և բնակչություն չկար: «Մշակի» թղթակիցը, որ կերակուրի մեծ կարիք ուներ, կրկին հանդիպում է պարժվանցի քահանային, որը նրան օգնում և ուտելիք է տալիս:

Ջարդերից փրկված հայերի գաղթի ականատեսի վկայությունները ևս ուշագրավ են: Նույն թղթակիցը գրում է, որ 1915 թ. դեկտեմբերի 26-ին` ուրբաթ օրը, գաղթականները հասել են Իգդիր. «Հանձնախմբին թև ու թիկունք եղող հայ քահանա տեսա այստեղ` Տեր Ստեփան անվամբ: Իրավ որ հոգով հրճվեցի, դիտելով այս քահանայի անձանձիր և անշահախնդիր եռանդը դեպի տարաբախտ գաղթականները, մանավա՜նդ դեպի անտերունչ կորսվածները, որոնց մի մասին իր տանը զետեղած խնամում էր»: Վանի ազատագրումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից այստեղ էր եկել Սահակ արքեպիսկոպոս Այվատյանը` իբրև ներկայացուցիչ Վեհափառ Հայրապետի. Սրբազանի պաշտոնը, անշուշտ, ազգային ներքին կյանքը կազմավորելն էր:

Մուսա լեռան հերոսամարտից հետո մամուլում լուր հրապարակվեց եգիպտական Պորտ Սաիդ տեղափոխված ազատվող հայերի մասին: Գովերգվում էր այդ հայերի դյուցազնական կռիվը, որոնք Տեր Աբրահամ քահանա Գալուստյանի խրախուսանքով երեք ամիս շարունակ կռվել են թուրքերի դեմ, նրանցից 6.000-ին սպանելով:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում