Ազատվել ուղեղի խարդավանքներից

Ազատվել ուղեղի խարդավանքներից

Տեսե՞լ եք փողոցում մի մարդու, ով անհանգիստ շարժումներով անդադար ետ ու առաջ է գնում և ինքն իրեն բարձրաձայն խոսում: Երբ ավելի եք մոտենում և նկատում եք, որ ականջակալներ ունի, հասկանում եք, որ տարօրինակ ոչինչ չկա, մարդը հեռախոսով է խոսում՝ արդիական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններն օգտագործելով: Բայց երբ տեսնում ենք, որ այդպիսի մեկը ցնորված հայացքով, առաջ ու ետ գնալով բարձրաձայն խոսում է, պարզ է դառնում, որ մարդը մտքի խանգարում ունի: Գուցե Ձեզ համար անսպասելի լինի այն, ինչ հիմա պիտի ասվի, բայց Դուք նման եք այդ վերջին՝ մտագար մարդուն: Ձեր ուղեղն իր անդադար աշխատանքով Ձեզ անընդհատ գցում է անցյալ ու ապագա, տարուբերում այս ու այն կողմ, չի թողնում, որ մտքով կանգ առնեք, դադար տաք, հանգիստ ունենաք:

Պողոս առաքյալի խոսքը, թե մեր պատերազմը մարդու՝ մարմնի և արյան հետ չէ, այլ` այս խավար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ (Եփ. 6.12), վերաբերում է ոչ թե միայն մեկ այլ մարդու, որ չարությամբ ու չարի ազդեցությամբ ուզում է վնաս պատճառել, այլև հենց անձին իրեն, որ նաև մտքի առումով դիվազդեցության տակ կարող է գտնվել: Մարդու ինքնապաշտպանության բնազդով ուղեղն անդադար առավելաբար վատ սցենարներ է ներկայացնում ապագայի համար, որպեսզի մարդն անակնկալի չգա դժվարության առջև և կարողանա պայքարել, իսկ հիշողությունները ծածկում է բազմաթիվ վերլուծությունների ցանցով:

Այսպիսով, Դուք Ձեր ներաշխարհում նման եք հիշված մտագար մարդուն: Ոչ միայն ուղեղի պարտադրումով անհանգստությամբ մշտապես այս ու այն կողմ եք շարժվում, այլև ներքնապես խոսում եք՝ անցյալի իրադարձություններից նեղսրտելով կամ դրանք վերապատմելով և կամ ապագայի զարգացումների հնարավոր տարբերակները, բացասական ընթացքներին դիմադրելու ճանապարհներն ինքներդ Ձեզ՝ կարծես մի ուրիշի, խոսակցությամբ ներկայացնելով: Ուղեղի այս խարդավանքներն են, որ մտատանջությունների պատճառ են դառնում: Եվ մարդու համար դժվար ու թերևս անհնար կլինի ազատվել այդ վիճակից, քանի դեռ ինքն իրեն նույնացնում է իր ուղեղի հետ:

Նկատե՞լ եք, որ Ձեզ նույնական եք համարում Ձեր ուղեղի հետ: Այսպիսի մոտեցումը չի արտահայտում քրիստոնեական ուսմունքը: Քրիստոնեական վարդապետությունը չի ուսուցանում, թե մարդն իր ուղեղն է: Եկեղեցու Հայրերը Սուրբ Գրքի հիման վրա բացատրել են, որ մարդը հոգու և մարմնի միավորությունն է: Ուրեմն, քրիստոնեական տեսակետը շեշտում է հոգևոր և մարմնական իրողությունը և ոչ թե մարդուն նույնացնում իր զգայարանների կամ օրգանների հետ: Սիրտը մենք չենք, այլ սիրտը մեր զգայարանն է, որով զգում ենք: Եվ ահա Ձեր սխալն այս մոտեցմանը հակառակ ընկալումն է, որով Դուք Ձեզ նույնացնում եք Ձեր ուղեղի հետ և համարում եք, որ Դուք Ձեր ուղեղն եք: Ինչպես որ սիրտը մեր զգալու օրգանն է, այնպես էլ ուղեղը ոչ թե մենք ենք, այլ այն մեր մտածելու օրգանն է:

Ուղեղը, մտքի առումով վերցրած, մեր հիանալի «գործիքն» է, զարմանալի ու սքանչելի կարողություններով, փոխաբերական իմաստով՝ հաշվիչ մեքենա է, որը վերլուծում է կյանքի բազմաթիվ տարբերակներն ու հնարավորությունները, կատարում բազմապիսի հաշվարկներ և անդադար կարող է աշխատել: Բայց երբ որ ուղեղի այդ աշխատանքն իր գերլարվածությամբ արդեն վնաս է պատճառում, պետք է այն վերահսկողության տակ առնել: Գիտակցումը, որ Դուք Ձեր ուղեղը չեք, այլ այն իր բազմաթիվ ֆիզիկական գործառույթներով Ձեր մտածելու և վերլուծելու գործիքն է, կօգնի կարգավորել ուղեղի կողմից Ձեզ անդադար երևեկայական անցյալ ու ապագա նետելը, կենտրոնանալ ներկայի վրա, դուրս գալ մտատանջության բեռան տակից:

Շրջապատի առարկաներին, ձայներին, Ձեր ձայնին, շնչելուն, գույներին, երևույթներին ուշադրության կենտրոնացումը կարգելակի մտքի թռչկոտումները՝ զգալու ներկայի խաղաղ պահը, միտքն ազատելու լարվածությունից: Կամքին հակառակ՝ Ձեր միտքն ու ներքին ուշադրությունը տարբեր կողմեր ուղեղի սլացնելը հնարավոր կլինի այսպիսի իրավիճակի պարզապես գիտակցումով կանգնեցնել և կամքի ենթակայության տակ դնել, որպեսզի մտային խառնաշփոթը կարգավորվի, և ուղեղը մտավոր աշխարհում Ձեզ չնետի այս ու այն կողմ:

Մի՛ տրվեք ուղեղի սադրանքներին՝ կատարված կամ կատարվելիք իրադարձությունների տարբերակների պատկերներով, որպեսզի ներկա պահին ոչ մի մեծագույն խնդիր չունենալով զայրույթի կամ սրտնեղության մեջ չընկնեք: Երբ մարսողությունը խանգարվում է, առողջացման համար միջոցներ ենք ձեռնարկում: Այդպես էլ, երբ ուղեղի աշխատանքը մեզ տանում է ոչ ցանկալի ուղղություններով, պետք է հսկենք այդ ընթացքը, մեզ համար օգտակար ձևի և հունի մեջ բերենք՝ մնալով ներկայում կամ մտածելով մեր կոնկրետ անելիքի, նպատակի մասին: Առաքյալն ասում է. «Նորոգվեցե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք լավը, և թե ի՛նչ է Աստծու կամքը` բարին և հաճելին և կատարյալը» (Հռ. 12.2):

Աղբյուր՝ christianity4all.com։

Հետևեք մեզ նաև Telegram-ում