Վեհափառ Հայրապետն արցախցիներին հորդորում է եղբայրասիրության ոգով և երկխոսությամբ լուծել բոլոր տարաձայնությունները

Վեհափառ Հայրապետն արցախցիներին հորդորում է եղբայրասիրության ոգով և երկխոսությամբ լուծել բոլոր տարաձայնությունները

ԷՋՄԻԱԾԻՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Ստեփանակերտում տեղ գտած իրադարձությունների վերաբերյալ։ տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Ուղերձում նշված է. «Մտահոգված ենք այս օրերին Ստեփանակերտում տեղ գտած իրադարձություններով, որոնք հուզումների պատճառ են դարձել՝ վտանգելով Արցախի ներքին կայունությունը: Երկրում ներքաղաքական իրադրության սրացումը, անզիջում դիրքորոշումները անթույլատրելի են, քանզի դրանք կարող են խոցելի դարձնել Արցախի ապահովությունն ու խաղաղությունը:

Հորդորում ենք Արցախի Մեր սիրելի զավակներին՝ համերաշխության ու եղբայրասիրության ոգով և երկխոսության ճանապարհով լուծել բոլոր տարաձայնություններն ու խնդիրները՝ հանուն Արցախի կայունության ու առաջընթացի: Պողոս առաքյալի հորդորի համաձայն՝ եղբայրասիրության մեջ եղեք գթասիրտ, պատիվ տալու մեջ միմյանց գերազանցեք:

Աղոթում ենք, որ Աստված խաղաղ ու անսասան պահի ու պահպանի Արցախի Հանրապետությունը և Իր առատ օրհնությունները հեղի արցախահայության կյանքից ներս. ամեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում