Եվրոպայի Եկեղեցիների Խորհրդի գագաթնաժողովի շրջանակներում կատարվեց Արևագալի ժամերգություն և հոգեհանգստյան կարգ

Եվրոպայի Եկեղեցիների Խորհրդի գագաթնաժողովի շրջանակներում կատարվեց Արևագալի ժամերգություն և հոգեհանգստյան կարգ

Հունիսի 2-ին, Սերբիայի Նովի Սադ քաղաքում, Եվրոպայի Եկեղեցիների Խորհրդի գագաթնաժողովի շրջանակներում կատարվեց Արևագալի ժամերգություն՝ ներկայությամբ տարբեր եկեղեցիներից ու հարանվանություններից ժամանած շուրջ 500 մասնակիցների:

ԱՄՆ Եկեղեցիների ազգային խորհրդի դիտորդի կարգավիճակով գագաթնաժողովին մասնակցող Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի և ԵԵԽ Կառավարման խորհրդի անդամ Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակության անդամները կատարեցին Արևագալի ժամերգություն։ Օրվա պատգամի՝ Քրիստոնեական արդարության մասին քարոզեց և ներկաներին իր խոհրդածությունները ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե Ծ. վրդ. Անանյանը։

Հաջորդ օրը՝ հունիսի 3-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական պատվիրակությունը նաև Հոգեհանգստյան կարգ կատարեց Նովի Սադ քաղաքի կենտրոնում՝ Մեծ երկրաշարժի օրերին դեպի Հայաստան օգնության շտապող և ինքնաթիռի վթարի զոհ դարձած յոթ օդաչուների հիշատակին կանգնեցված Հայկական խաչքարի առջև։ Հոգեհանգստյան արարողությանը ներկա էին նաև ԵԵԽ գագաթնաժողովի բազմաթիվ մասնակիցներ ու պատգամավորներ:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում