Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված միաբանական ժողովը հանդես եկավ հայտարարությամբ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված միաբանական ժողովը հանդես եկավ հայտարարությամբ

Հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ միաբանական ժողով, որին մասնակցում էին նաև Մայր Աթոռում պաշտոնավարող քահանաները:

Ժողովի մասնակիցները հանդես եկան հետևյալ հայտարարությամբ.

«Սիրելի հոգևոր եղբայրներ, սիրելի հավատավոր ժողովուրդ,
Վերջին օրերին համացանցում հայտնվել են նախաձեռնություններ և բողոքի կոչեր, որոնք հասցեագրված են Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մայր Աթոռ Սուրբ Էջմածնի միաբանությանը: Ցավում ենք, որ դրանց միացել են նաև հավատավոր զավակներ, ովքեր անկեղծորեն մտահոգված են մեր Եկեղեցու առաքելությամբ:

Անուրանալի են անկախությունից ի վեր հայոց հայրապետների և ուխտապահ հոգևորականների ջանքերով կատարված աշխատանքները և արձանագրված ձեռքբերումները հովվական, քարոզչական, կրթական, սոցիալական, բարեսիրական և մեր ազգային կյանքի այլ ոլորտներում: Մայր Աթոռ Սուրբ Էջմածինն իր ամենօրյա գործունեությամբ մշտապես հետամուտ է հոգևոր կյանքի բարենորոգմանն ու զարգացմանը` շարունակ ջանալով լուծել եկեղեցական կյանքում ի հայտ եկող խնդիրներն ու մարտահրավերները:

Ցավալի է, որ բողոքի հիշյալ գործընթացին խթանում են որոշ անհատներ, ովքեր իրենց անձնական շահերից ելնելով փորձում են ստվերել ամենքիս համար գնահատելի և կենսական նշանակություն ունեցող այս ավանդը` խաթարելով սուրբ Եկեղեցու աղոթական կյանքը և գայթակղություն դառնալով բարեմիտ հավատացյալների համար:

Առավել ևս ցավում ենք, որ հանդես են գալիս նաև անձեր, ովքեր ժամանակին հնարավորություն ունեին իրենց ծառայության մեջ բարձրաձայնելու ու նպաստելու խնդիրների լուծմանը:

Մեր Եկեղեցու ներքին կյանքի խնդիրները լուծում են ստանում ըստ դարերով նվիրագործված ընթացակարգի՝ եկեղեցական կանոնական մարմինների միջոցով: Խնդիրների լուծման կանոնական այլ ճանապարհներ և հարթակներ չկան:

Հորդորում ենք մեր սիրեցյալ հավատացյալներին և հոգևոր եղբայրներին, որ նրանք երևան եկած խնդիրները համապատասխան կարգով բարձրաձայնեն իրենց հովիների և առաջնորդների առջև, իսկ երբ չգտնվեն լուծումներ, պատշաճ կերպով ներկայացվեն եկեղեցական բարձրագույն ատյաններին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական ժողովը համոզված է, որ Հայաստանյայց Սուրբ Եկեղեցուն հուզող ամեն մի խնդրի առնչությամբ կկայացվի համապատասխան որոշում՝ գոհացում տալով հավատացյալների սպասումներին և կարիքներին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ողջ միաբանությունը հավատարիմ է սրբազան իր ուխտին և մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից ավադնված իր առաքելությանը` ի խնդիր հայ ժողովրդի բարօրության և հայրենի մեր երկրի զորացման:

Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը խաղաղություն պարգևի ամենքիս, իմաստության շնորհով պայծառացնի մեր միտքը և պարգևի զորություն` բարին խորհելու, խոսելու և գործելու: Թող Տերն Իր ամենախնամ հովանու ներքո միշտ շեն ու հզոր պահի համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմածինը և մեր Հայոց աշխարհը:

«Արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում» (Հակովբոս Գ 18)»:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում