Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ. Կաթողիկոսի հրաժարականն ինքնանպատակ չի կարող լինել, մենք կաթողիկոսի հրաժարականով ի՞նչ հարցեր ենք լուծում.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ. Կաթողիկոսի հրաժարականն ինքնանպատակ չի կարող լինել, մենք կաթողիկոսի հրաժարականով ի՞նչ հարցեր ենք լուծում.

Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ շարժում է սկսվել։ Կարգալույծ արված հոգեւորականները պահանջում են նրա հրաժարականը։ Երեկվանից բաց նամակներով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Խորեն վարդապետ Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել։ Ձեւավորված շարժումը նույնիսկ անուն ունի՝ «Նոր Հայաստան, նոր հայրապետ»։

Կաթողիկոսին զանազան մեղադրանքներ են առաջադրում․ թեմերի՝ մոմավառությունից գոյացած նվազ բյուջեն հարկելուց մինչեւ չաղոթող կաթողիկոս լինելը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը բացասական դիրքորոշում հայտնեց շարժման վերաբերյալ։ Նրա պնդմամբ՝ եկեղեցում հարցերը նման ձեւով բարձրացնելու պրակտիկա չկա․ «Շարժման վերաբերյալ բացասական դիրքորոշում ունեմ, նման կերպով եկեղեցում առկա խնդիրները բարձրաձայնելու պրակտիկան բացարձակապես առնչություն չունի մեզ մոտ ձեւավորված ընթացակարգերի հետ»։

– Կաթողիկոսի հրաժարականը պահանջողները հիմնականում կարգալույծ արված հոգեւորականներն են եւ պնդում են, որ իրենք հանիրավի են կարգալույծ արվել։

Ընդհանրական ձեւակերպումներից ես զերծ կմնամ, բայց եթե առանձին-առանձին դեպքեր լինեն, յուրաքանչյուրի վերաբերյալ էլ հիմնավոր պատճառաբանություններ կներկայացնեմ։

– Կաթողիկոսին մեղադրում են մոմավաճառության արդյունքում գոյացած չնչին գումարները հարկելու համար։

Դրանք անհիմն մեղադրանքներ են, ես ծանոթ եմ այդ մեղադրանքներին։ Ասում են, որ տուրք են սահմանել յուրաքանչյուր թեմի համար՝ Մայր Աթոռի պայծառությանը ներդրում բերելու նպատակով։ Դա եկեղեցական ավանդույթի մեջ գործող աթոռատուրքն է, որ յուրաքանչյուր թեմ կենտրոնական կառավարման վայրերին, տվյալ դեպքում՝ Մայր Աթոռին, կենսագործունեության համար որոշակի աթոռատուրք է վճարում։ Դա եկեղեցական կանոնացած տուրք է, այն կոչվում է աթոռատուրք։

– Կաթողիկոսին մեղադրում են նախկին, իրենց խոսքով, ոչ լեգիտիմ իշխանություններին «լեգիտիմացնելու» եւ օժանդակելու համար։

Իսկ ո՞վ է որոշում լեգիտիմությունն ու ոչ լեգիտիմությունը։

– Ժողովուրդը, ովքեր իրենց կամքն արտահայտեցին Հանրապետության հրապարակում։

Այսինքն՝ նախընթաց ընտրությունների ժամանակ ժողովրդի կամքն արտահայտված չէ՞ր։

– Համաժողովրդական շարժումը ցույց տվեց, որ՝ ոչ։

Մենք ինչպե՞ս կարող ենք գնահատել, երբ որ, սահմանված ընթացակարգերի համաձայն, ընտրության արդյունքները հաստատվել էին։ Մենք մեխանիզմ չունենք հստակեցնելու։

 

Գիտեք՝ հանրություն ասվածը շատ բազմազան ու բազմաշերտ է, այո, հանրության մի շերտի կողմից դժգոհություն կա, մի շերտի կողմից գոհունակություն կա։ Եվ այս իրադարձությունների ծավալումը ցույց տվեց, որ այդ դժգոհությունը հասել է իր բարձրակետին, եւ տեղի է ունեցել իշխանափոխություն։ Երբ տվյալ իրավիճակում ընտրությունները կատարվել էին, արձանագրվել էին ընտրության արդյունքները, եւ ընտրվել էր համապատասխան իշխանություն, որեւէ պատճառ չկար, որ եկեղեցին չարձանգանքեր, այն դեպքում, երբ արձագանքում էին օտար պետությունների ղեկավարներ, օտարերկրյա կազմակերպություններ։

– Իրենք ասում են, որ եկեղեցին բիզնեսի վայր է դարձել։

Դե, պետք է հասկանալ՝ ի՞նչ փաստեր ունեն նման բնորոշում կատարելու համար։

– Մեջբերվում են մամուլում բազմիցս արված հրապարակումները, ըստ որոնց՝ կաթողիկոսը փայատեր է սուպերմարկետի ցանցի՝ չհաշված 1500 դոլարանոց կոնյակի հայտնի դեպքը։

Գիտեք՝ ես կարծում եմ, որ ռացիոնալ մտածող մարդիկ ասեկոսեներով չպետք է առաջնորդվեն։ Պետք է հիմք եւ ի գիտություն ընդունել փաստերը։

– Ո՞րն է պատճառը, որ Գարեգին Բ-ի մասին դիրքորոշումները հանրության շրջանում միանշանակ չեն, մինչդեռ կաթողիկոսի հրաժարականը պահանջողները խորը ակնածանքով են խոսում Վազգեն Առաջինի մասին։

Դուք մարդիկ գիտե՞ք, որոնց մասին դիրքորոշումները միանշանակ են։

– Վազգեն Առաջինի մասին լավ են արտահայտվում։

Վազգեն Առաջինին, որ հիմա սրբացնում են, եւ, իրապես, մեծ առաքելություն ու գործունեություն է իրականացրել, 88-յան շարժման տարիներին վարկաբեկում էին, պախարակում էին, նկարներն էին նետում մարդկանց ոտքերի տակ։ Էնպես որ, հանրության տարբեր շերտերի վերաբերմունքը տարբեր ժամանակներում տարբեր է լինում։ Դժբախտաբար, մենք մարդկանց գործունեությունը կարողանում ենք գնահատել այն ժամանակ, երբ որ մարդիկ չկան։

– Վերջին տարիներին եկեղեցի հաճախողների թիվը շատացե՞լ է, թե՞ պակասել՝ Ձեր դիտարկմամբ։

Վիճակագրություն չունեմ, բայց եթե վիզուալ գնահատեմ, եկեղեցի հաճախողների թիվը, եթե չասեմ, որ չի աճել, ապա կարող եմ ասել, որ չի նվազել։

– Եթե Սուրբ Աննա եկեղեցու բակում մեծ թվով քաղաքացիներ հավաքվեն, կաթողիկոսը հրաժարական կտա՞։

Պետք է հասկանալ, թե ինչ պահանջներ են ներկայացնում։ Կաթողիկոսի հրաժարականն ինքնանպատակ չի կարող լինել, մենք կաթողիկոսի հրաժարականով ի՞նչ հարցեր ենք լուծում։

– Իրենք խնդիրներ են թվարկում եւ ասում, որ դրանց լուծման միակ տարբերակը կաթողիկոսի հրաժարականն է։

Դե, մենք պետք է հասկանանք՝ ինչ խնդիրներ են, եւ փորձենք ճանապարհներ փնտրել այդ խնդիրների լուծման համար։

– Իրենք ասում են՝ մեզ աղոթող հայրապետ է պետք։ 

Դուք, որպես հավատավոր եկեղեցու անդամ, ինչպե՞ս եք գնահատում նման արտահայտությունը, ո՞վ կարող է գնահատել, թե ով է աղոթում, ով՝ ոչ։ Հոգեւոր կյանքում այդպիսի գնահատումները մոտենում են աղանդավորության, ոչ ոք չի կարող ուրիշի հավատքի չափը գնահատել, սա ինկվիզիցիայի դարաշրջան չէ։ Իհարկե, այդպիսի մեղադրանքները չեն կարող տեղ գտնել հարաբերությունների մեջ։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում