Եսայի քահանա Արթենյանն անդրադառնում է ներեկեղեցական խմորումներին

Եսայի քահանա Արթենյանն անդրադառնում է ներեկեղեցական խմորումներին

Եսայի քահանա Արթենյանն անդրադառնում է ներեկեղեցական խմորումներին: «Մեր եկեղեցու ավանդույթը, մեր եկեղեցու պատմությունը, առհասարակ, մեր եկեղեցու առաքելությունը մեզ ցույց է տալիս և սովորեցնում է մի շատ պարզ ճշմարտություն, որ եթե եկեղեցու շրջանակներում և եկեղեցու ներսում պետք է որևէ բարենորոգչություն իրականացնել, այդ բարենորոգչությունը իրականացվում է միմիայն համախմբման արդյունքում և մեր հավատացյալ հոտին ճշմարիտ հովվի օրինակ լինելով: Հետևաբար, ես չեմ կարծում, որ այս իրողությունը՝ դուրս գալ, բողոքել, ինչ-որ անհասկանալի պահանջներ դնել, բխում է առաջին հերթին՝ մեր հավատացյալների շահերից և երկրորդը՝ եկեղեցու և բոլորիս շահերից: Որովհետև, եթե կա կարիք և դա բոլորս ասում ենք, որ եկեղեցին ունի կարիք՝ բարենորոգման կարիք և մենք ամբողջ այս պրոցեսի ընթացքում կարիք ունենք համախմբվելու, համախմբվելու Հայոց հայրապետի և նրա հովվության շուրջ: Եվ կարծում եմ, որ կարևոր է, որ սա մենք հասկանանք ժամ առաջ և ի վերջո մտածենք, որ համախմբումը և միաբանությունը, սերը և քրիստոնեական առաքինությունները ամենակարևորն են, որոնք մենք մեր օրինակով, մեր խոսքերով մեր գործերի մեջ իրականություն կդարձնենք: Անընդունելի էառհասարակ խոսել լայն հանրության և բոլոր հավատացյալների անունից, որովհետև գոնե մենք եկեղեցիներում շատ հստակ տեսնում ենք այն իրողությունը, որ այստեղ բոլոր հավատացյալները չէ, որ տիրապետում են իրավիճակին, որ կիսում են առանձին անհատների կարծիքները, բողոքները: Պարզապես շատ հաճախ մարդիկ իներցիայի և ընդհանուր տրամադրության տակ որոշակի կարծիքներ են փոխանակում և կամ որոշակի տեսակետներ են փոխանակում առանց շատ հաճախ նաև հասկանալու կամ գիտակցելու դրանց արմատները կամ դրանց իրական իմաստը: Պիտի ցանկանանք, որ մարդիկ ավելի ողջամիտ լինեն և պիտի ցանկանանք, որ կեղծ լուրերից, հերյուրանքներից ինչքան հնարավոր է հեռու մնան, որովհետև ամեն դեպքում սա այն իրավիճակը չէ, որ պետք է մեկս մյուսի վրա ցեխ շպրտենք և մեկս մյուսին պախարակենք, ընդհակառակը կոչված ենք հետևելու Քրիստոսին, կոչված ենք հետևելու Ավետարանի ճշմարտություններին: Ուրեմն, ինչ էլ որ անենք, այստեղ մեզ համար կարևորը քրիստոնեական առաքինություններն ու Քրիստոսի պատվիրաններն են, մանավանդ, որ խոսում ենք եկեղեցու ապագայի մասին, եկեղեցու պայծառացման մասին և, մանավանդ, երբ մենք խոսում ենք հոգու փրկության մասին»:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում