Քաղցր էր Հայաստանում. Տաթևիկ Հովհաննիսյան

Քաղցր էր Հայաստանում. Տաթևիկ Հովհաննիսյան

Ջազի լեդի Տաթևիկ Հովհաննիսյանը շարունակում է համերգային շրջագայությունը, որ սկսել էր Հայաստանում։ Համերգային երթուղին է՝ Մոսկվա-Նյու-Յորք-Լոս-Անջելես։ Ռուս լրագրող Եկատերինա Օսիպենկոյի հետ զրույցում երգչուհին պատմում է մանկությունից, ջազում իր առաջին քայլերից ու Հայաստան կատարած ուղևորությունից։

«Քաղցր էր Հայաստանում»,- ասում է Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում նաև եղանակն էր ջերմ, Մոսկվա ժամանելով՝ տեսել է, որ ցուրտ է, սակայն մարդկանց վերաբերմունքը ջերմացրել է։

«Հայաստանում չորս համերգ ունեցա, մեկը՝ Գյումրիում։ Բառացիորեն բոլոր համերգները հրաշալի անցան՝ լեփ-լեցուն դահլիճով։ Ես պարզապես ապշեցի, որ այդքան մարդիկ էին եկել։ Ինձ հատկապես ինչն էր ուրախացրել՝ եկել էին երիտասարդներ, շատ երիտասարդներ, այդ պահին մտածում ես՝ որտեղի՞ց գիտեն իմ երգերը, հիմա երիտասարդներն այլ երաժշտություն են լսում. թերևս ծնողներից, ավագ ընկերներից են լսել, հեռուստատեսությամբ էլ են հաճախ ներկայացնում»,- պատմում է նա։

Հովհաննիսյանը նշում է, որ հնչյունային ռեժիսորը ևս հիանալի մասնագետ էր, ապա խոստովանել՝ իրենք էլ էին գոհ իրենց համերգներից։ Երգչուհին ասում է, որ ինքը խիստ հազվադեպ է գոհ լինում իր ելույթներից, անգամ հիմա որ ասում է՝ լավ էր, միևնույն է՝ միշտ լավագույնին եմ ձգտում։ Նա պատմում է, որ աշխատել սկսել է 11 տարեկանում, դրա հետ կապված մի հետաքրքիր պատմություն հիշում։

«Մայրս հայտնի երգչուհի է, Օֆելյա Համբարձումյանը, ով, ցավոք, այսօր կողքիս չէ. երկու տարի առաջ ես նրան կորցրի։ Ես միշտ սիրել եմ երաժշտություն, մայրս էլ ինձ միշտ իր հետ տարել է համերգների, փորձերի։ Մի անգամ նրան հրավիրեցին իբրև նոր արտիստների, երաժիշտների մրցույթի ժյուրիի անդամ. մրցույթին մասնակցում էին թե մեծեր, թե փոքրեր։ Ես նստած էի մորս ու մյուս հայտնի երաժիշտների կողքին՝ ջազ երաժիշտների և ուրիշների, լսում էի մասնակիցներին, այդ ամենն ավարտվեց, ու հանկարծ ժյուրիի անդամներից մեկն ասաց՝ իսկ գիտե՞ք, որ Օֆելյայի աղջիկն էլ է երգում։ Ես՝ փոքրիկ մի աղջնակ, ոտքի կանգնեցի ու երգեցի իմ սիրելի ֆրանսիական խմբերից մեկի կոմպոզիցիաներից՝ Բախ, որն ինձ շատ է դուր գալիս, ու հանկարծ՝ «օ, ի՞նչ է կատարվում, երեխան այս ի՞նչ է երգում» »,- հիշում է նա։

Այդ պատահականության շնորհիվ նա ստանում է իր առաջին աշխատանքը. այդ ժամանակ հնչյունավորում էին «Գիքորը» համր ֆիլմը, այնտեղ կա մի պահ, որտեղ մանկական անմեղ աղջնակի ձայն է պետք, 11-ամյա աղջկան առաջարկում են այդ կատարումը։ Նա հանդիպում է կոմպոզիտորի հետ, ով տալիս է ֆիլմում աղջկա կատարելիք մեղեդին։ Հովհաննիսյանը խոստովանում է՝ մինչ օրս անգիր հիշում է այն։ «Աշխատանքային» երկրորդ փորձն արդեն Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած «Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային–սիմֆոնիկ նվագախմբի» հետ էր՝ 16 տարեկանում։

«Ես ավարտեցի ուսումնարանը, Օրբելյանն ինձ ընդունեց իր նվագախումբ, ճամփորդությունից սկսեցինք՝ Հայաստան, Ֆրանսիա, ԱՄՆ՝ մեկ ամբողջ ամիս, ամենուր եղանք, ես սկսեցի ջազ երգել, տեղական թերթերը սկսեցին գրել ու հանկարծ՝ Հայաստանը ոտքի կանգնեց, «Մեր աղջիկը ջազ է երգում»։ Սկսենք նրանից, որ ես իմ արմատներով եղել եմ և միշտ հայ կլինեմ՝ իմ ազգը, սովորույթները, երաժշտությունը, այդ ամենը իմ սրտում են։ Չնայած արդեն 30 տարի Ամերիկայում եմ ապրում, բայց հայ եմ»,- ասում է նա։

Հովհաննիսյանը նշում է՝ դեռ այն ժամանակ, երբ աշխարհով մեկ շրջում էր, շատ էր ցանկանում, որ մարդիկ իմանան՝ ով է ինքը՝ հայ, ով ունի իր մշակույթը, իր երաժշտությունը, որ պետք է լսեն և իմանան։ Նա պատմում է՝ քանի որ այն ժամանակ բոլորն ուզում էին եվրոպական, ամերիկյան ջազ լսել, 70-ականներից սկսած՝ իր ամեն համերգից հետո «բիս»-ի ժամանակ բեմ էր դուրս գալիս ու երգում մեկ «ակապելլա»՝ հնագույն երգերից, որոնք հրաշալի էին ընդունվում ամենուր։ «Երգում էի՝ ինչ սիրտս ուզի, իսկ ես շատ բան գիտեմ՝ ծնողներիս շնորհիվ։ Նախ՝ մեղեդին էին ընդունում. մեղեդին ինտերնացիոնալ լեզու է»,- ասում է նա։

Երգչուհին պատմում է, որ ԱՄՆ տեղափոխվելով՝ սկսել է լեզու սովորել, ու անընդհատ զգում էր՝ այս երաժշտությունը կարող է հրաշալիորեն կապվել ջազային ռիթմերի, հարմոնիաների հետ, այդ զգացումը մշտապես իր ներսում է եղել։ Առաջին փորձը արել է ամերիկահայ իր երաժշտի հետ համատեղ, ով հայերեն չգիտեր, գիտեր հայկական միայն մեկ մեղեդի, սակայն զգում էր ռիթմերը։ Նրանց փորձը հանդիսատեսն ըստ արժանվույն գնահատեց.

«Համերգներից մեկի ժամանակ վերջում հայտարարեցի, որ անակնկալ ունեմ։ Անգամ հիմա, երբ դա հիշում եմ, փշաքաղվում եմ։ Աննկարագրելի է՝ ինչ տեղի ունեցավ. դահլիճում շատ հայեր կային, նրանք ոտքի կանգնեցին, մոտեցան բեմին, մեզ շրջապատեցին, ու անվերջ ծափահարում էին, երբ հիշում եմ՝ արցունքներս հազիվ եմ զսպում»։ Համերգից հետո մեկը դարձավ երկուս, երեք ու երգչուհու երգացանկի անբաժանելի մասը դարձավ հայկական ռիթմերով ջազ-երաժշտությունը։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում