Տառապանքի վախճանը

Տառապանքի վախճանը

Մարդկային տեսակետից Աստված բավականին երկար ժամանակ է հանդուրժում անկատարությունն ու տառապանքը: Ինչքա՞ն ժամանակ է սահմանված այդ ամենի համար, և որքա՞ն մոտ է տառապանքի վախճանը:

Երբ մարդը պահանջում է, որ Աստված, չարագործներին պատժելով, դադարեցնի պատճառվող տառապանքն այս կյանքում, միշտ նկատի է ունենում ուրիշներին, իր շրջապատի մարդկանց, մարդկությանը, բայց ոչ` իրեն: Եթե մարդը գիտակցի, որ անկատարությունը, մեղքն անմիջապես է պատժվելու և իր անկատարության դրսևորման, կատարած սխալ արարքի համար Աստված իրեն անմիջապես պիտի շանթահարի ու ոչնչացնի, ապա կդադարի բոլորի հանդեպ այսպիսի մոտեցում պահանջելուց:

Աստված մարդկանց կողմից դրսևորվող անկատարությունն ու պատճառվող տապապանքը միանգամից չի վերացնում, որովհետև Աստված անկատարությունից կատարելություն և տառապանքից հաղթանակ է դուրս բերում: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի տառապանքից հարություն ու հաղթանակ ելավ, նաև մեր սուրբ Տրդատ թագավորը, ով անգութ հեթանոս էր և Հռիփսիմյան կույսերին դաժանորեն սպանեց` լեզուները կտրելով, ցիցը հանելով, հետո իր այդ հեթանոսական անկատարությունից դարձավ քրիստոնեական կատարելության, դարձավ բարի ու հեզ քրիստոնյա և մեծապես նպաստեց մեր ժողովրդի քրիստոնեացման գործին:

Աստված չի ցանկանում մեղավորի մահը, ասում է Աստվածաշունչը, այլ նրա ապրելն ու փրկվելը (Եզեկ. 18.23): Դրա համար Աստված հանդուրժում է մեղավորներին, որովհետև նրանցից կարող են բարի զավակներ ծնվել, ինչպես նաև շատ մեղավորներ, զղջալով ու ապաշխարելով, դառնում են իրական քրիստոնյաներ և արժանանում փրկության:

Աշխարհում կլինեն բացասական իրողություններ, որովհետև Աստված դրանցով խրատում է մարդկանց, կամ, ավելի ճիշտ, թույլ է տալիս, որ դրանք լինեն, որպեսզի մարդիկ խրատվեն: Այստեղ խոսքը, իհարկե, մեծագույն ողբերգությունների մասին չէ, որոնք այլ բացատրություններ ունեն` հալածանքների ժամանակ քրիստոնյաների մարտիրոսություն, ոճիրների դեպքում` ի Քրիստոս հավատքով մահացածների ընդունում երկնային օթևաններում, կրած տառապանքների համար երկնային փառքի ու պայծառության հավելում և այլն:

Իսկ անձնական կյանքում անկատարությունն ու տառապանքը վերանում են, երբ մոտենում ենք Աստծուն և ապրում հոգևոր ուրախության մեջ: Դա չի նշանակում, որ մարդը միանգամից դառնում է կատարյալ, զերծ մնում երբեմն պատահող վշտերից, չարչարանքներից, նեղություններից, բայց այդ ընթացքով բարին ու բարիքը գերակշռում են նրա կյանքում, իսկ փորձությունները կարողանում է հաղթահարել և առավել մեծ ձեռքբերումներ ունենալ հավատքով և Աստծո օգնությամբ:

Աղբյուր՝ christianity4all.com։

Հետևեք մեզ նաև Telegram-ում