Յոթ մահացու մեղքեր

Յոթ մահացու մեղքեր

Ի՞նչ է հայտնի մեղքի ծագման և էության մասին:

Հին Կտակարանում մեղքի ծագումը կապվում է չարի գայթակղության և Աստծո պատվիրանի խախտման հետ (Ծննդ. 3.113): Մեղքը գործվում է չարի գայթակղությամբ և Աստծո կամքին հակադրվող արարք է: Աստվածային կամքին հակառակ յուրաքանաչյուր արարք մեղք է: Ոչ կրոնական հասկացողության մեջ չկա մեղքի գաղափարը, այլ շեշտվում է հանցագործության հանգամանքը:

Մինչ մեղքը սահմանվում է որպես Աստծո կամքին հակառակ արարք, հանցագործությունը սահմանվում է որպես արարք` հակառակ օրենքին: Դրա համար էլ պետությունների օրենքները հիմնականում ապաբարոյական են, այսինքն` առնչություն չունեն բարոյականության հետ. այստեղ ընդգրկված չեն շնության, կռապաշտության վերաբերյալ բանաձևումներ:

Դա է պատճառը, որ բազմաթիվ երկրներում անառակությունը և դրա տարածումը հակառակ չէ օրենքին, և կրոնական դավանության ազատությունը` խղճի ազատության մասին օրենքով, թույլատրում է անգամ պղծություն ներառող կրոնական գաղափարներով կազմակերպությունների գործունեությունը որոշ սահմանակարգումներով:

Մեղքի պարագայում պետք է երկու տարբերակում անել` սկզբնական կամ ադամական մեղք և անձնական մեղք: Սկզբնական մեղքն առաջին մարդու` Ադամի պատվիրանազանցությունն է, Աստծո կամքին հակառակ գնալու մարդկային խաթարված, արատավոր բնության հակումը, որը ժառանգաբար անցնում է Ադամի բոլոր սերունդներին:

Սկզբնական մեղքից մարդն ազատվում է Մկրտությամբ, որով վերստին դառնում է Աստծո որդեգիրը, ժառանգորդը Երկնքի արքայության, ստանում աստվածային շնորհներ, զորություն ունենում Աստծո կամքի համաձայն ապրելու: Միայն Աստվածորդին` Քրիստոս Փրկիչը, ծնվեց առանց ադամական մեղքի, բայց դառնալով նաև կատարյալ մարդ` վերցրեց չարչարանքներին ենթակա մարդկային մարմինը, որով և իրագործեց աշխարհի փրկությունը խաչելությամբ ու Հարությամբ:

Անձնական մեղքը մարդու կյանքի ընթացքում կատարվող քայլերն են` Աստծո պատվիրանների խախտումով, Քրիստոսի ուսուցանած վարդապետությունից կամ ճանապարհից շեղումով, որից սրբվում են զղջմամբ ու ապաշխարությամբ, Աստծո ներումով նորից կանգնում ճիշտ ճանապարհին:

Այսօրվա հասարակության մեջ մեղքի գիտակցությունն աղոտացել է, որովհետև շեշտվում է օրենքի և դրա համաձայն ապրելու անհրաժեշտությունը, իսկ օրենքն անտեսում է բարոյականության դերը մարդու, հասարակության կյանքում և առաջնորդվում հիմնականում կարգավորության հաստատման նպատակով: Այդ իսկ պատճառով մեղքի թակարդը, մեղքի ճահիճը չընկնելու համար պետք է ապրել ոչ միայն համաձայն օրենքի` հանցագործությունների կատարումից հեռու մնալով, այլև ըստ աստվածային կամքի, մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատվիրանների:

Եկեղեցու Հայրերն առանձնացրել են յոթ մահացու մեղքեր` հպարտություն, նախանձ, բարկություն, ծուլություն, ագահություն, որկրամոլություն և բղջախոհություն: Այստեղ չկան այնպիսիները, որոնք բացարձակապես մերժված են մարդկության կողմից և որակվում են որպես ծանր հանցագործություն` սպանություն, գողություն և այլն. ինչպե՞ս են առանձնացվել յոթ մեղքերը:

Քրիստոս մի առակ պատմեց ժայռի և ավազի վրա տուն կառուցող մարդկանց մասին: Անձրևների, հորդառատ գետերի, հողմերի հարվածի հետևանքով ավազի վրա շինված տունը քանդվում է, իսկ ժայռի` ամուր հիմքի վրա շինված տունը հաստատուն մնում (Մատթ. 7.24-25, Ղուկ. 6.47-48): Առակի իմաստը նախ վերաբերում է հավատքին, որն անսասան է մնում, երբ խարսխված է ամուր վեմի` Քրիստոս վեմի վրա: Սակայն առակի պատկերներն օգնում են նաև այլ իրողություններ հասկանալու:

Երկու մարդիկ էլ տուն են կառուցում: Ուրեմն, երկուսի արարքներն էլ նույնն են և լավ են թվում, բայց դրանց հիմքը տարբեր է: Այսպես նաև մեղքի պարագայում այն կարող է ունենալ առաքինության կամ օգտակար վարմունքի նմանություն, սակայն իր էության մեջ մոլորություն և մեղք լինել:

Օրինակ` մեկը կարող է տնտեսել, իսկ մյուսն ագահություն անել, մեկը բարկանալ մարդկանց ուղղելու համար, մյուսը` բարկությունը կարող է վերածել սպանության: Ողորմությունը նույնպես կարող է լինել օգնության ձգտում և կամ ցուցամոլություն:

Արարքներն իմաստավորվում են մարդկային մտադրություններով: Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, որ եթե մտադրություններին ուշադրություն չդարձնենք, կարող ենք նույնիսկ սատանային արդարացնել: Արատավոր արարքները կարող են նաև նմանվել առաքինություններին, սակայն էությամբ մեղսալի լինել:

Եկեղեցական Հայրերը որպես մահացու մեղքեր առանձնացրել են այս յոթը, որովհետև դրանք այն կործանարար հիմքն են, որոնց վրա կառուցվում են այլ մեղքերը, կամ այն արմատներն են, որոնցից ճյուղավորվում են այլ մեղքերը, ինչպես, օրինակ, բարկությունից, նախանձից՝ սպանություն, բղջախոհությունից` շնություն, հպարտությունից՝ մարդկանց արհամարհում և այլն:

Աղբյուր՝ christianity4all.com։

Հետևեք մեզ նաև Telegram-ում