ՀՀ նախագահի տիկին. «Սիրում եմ ազգային պարը, նաեւ չառլստոն ու ռոքնռոլ»

ՀՀ նախագահի տիկին. «Սիրում եմ ազգային պարը, նաեւ չառլստոն ու ռոքնռոլ»

Ես ընդհանրապես սիրում եմ պարը….ազգային պարն եմ սիրում, չառլստոն եմ սիրում, ռոքնռոլ…

Ընդհանրապես պարը շատ կարեւոր է մարդկության կյանքում, որովհետեւ պարի միջոցով ձերբազատվում ես քո կուտակած բացասական հույզերից, ավելի երջանիկ եւ ուրախ մարդ ես դառնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը, որը հունիսի 13-ին այցելել էր Պարարվեստի քոլեջ, եղել քննասենյակում, շփվել քոլեջի սաների ու աշխատակիցների հետ` ամենուր հանդիպելով ժպիտների:

Քոլեջի դահլիճում նա դիտեց ավարտական համերգի առաջին մասը: Վերջում սիրով լուսանկարվեց պարողների հետ: Երբ երեխաները շնորհակալություն հայտնեցին այցելության համար, ՀՀ նախագահի տիկինն ասաց, որ հաճելիորեն զարմացած է. «Խոստովանեմ, որ չէի սպասում նման կատարելություն, թե տղաները, թե աղջիկները հիասքանչ էին պարում»:

«Բալետ ստեղծելը դժվար աշխատանք է, տարիների, երկար ժամերի…»,- ասաց տիկին Սարգսյանը, ապա քոլեջի սաներին մաղթեց, որ զարդարեն ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի լավագույն բեմերը:

Նունե Սարգսյանը նաեւ զրուցեց պարարվեստի քոլեջի երախտավորներից Հովհաննես Դիվանյանի հետ: Ապա բոլորին մի պատմություն պատմեց. «Երբ փոքր էի, առաջին բալետը տեսա: Այդ ժամանակ 6 տարեկան էի: Ես ծնողներիս աղերսեցի, որ ինձ պարարվեստի ուսումնարան տանեն: Բերեցին, քննությունն անցա, ծալեցին, ճկեցին, երաժշտական լսողությունս ստուգեցին, սակայն 6 ամիս հետո նորից սկսեցի աղերսել, որ ինձ հանեն ուսումնարանից, շատ դժվար է, չեմ կարող շարունակել: Ինչպիսի կամքի ուժ է հարկավոր տարիներ շարունակ աշխատելու, պարապելու համար, որպեսզի ստեղծվի այս հիանալի գեղեցկությունը»:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե Հայաստանում ի՞նչ բալետային ներկայացում է դիտել ու հավանել: «Այսօր «Դիմակահանդեսն» եմ գնալու նայեմ, վստահ եմ, որ ինձ դուր կգա»,-ասաց նա: Նշեց, որ շատ է հավանել հատկապես մեր «Սպարտակ» բալետը: Նաեւ հավելեց, որ քոլեջ այցելելու նախաձեռնությունն իրենն էր, որովհետեւ շատ է սիրում բալետ, օպերա եւ երաժշտություն, միշտ պատրաստ է օգնել այս կրթօջախին, ինչով կարող է:

«Պարարվեստը մեր ազգային մշակույթի կարեւոր մասն է: Ժամանակին լինելով Խորհրդային Միության եւ ռուսական բալետային դպրոցի մի մասը` մենք բախտ ունեցանք զարգացնել այդ արվեստը: Իսկ դրանից առաջ ունեցել ենք Ագրիպինա Վագանովա, որ ազգությամբ հայ բալետի պարուհի էր, պարուսույց, ինքը ստեղծեց հատուկ մեթոդ բալետի պարողնեñին կրթելու համար: Նրա հայրը հայ էր, մայրը` ռուս, ու բոլորին հայտնի է, որ Վագանովան հայ է: Հիմա նրա անունով Պետերբուրգի պարի ակադեմիան է կոչվում: Այսինքն, մենք ունեցել ենք բալետային ավանդույթներ եւ ինչպես այսօր տեսա, այդ ավանդույթները շարունակվում են»,- հայտնեց Նունե Սարգսյանը: Տիկին Սարգսյանն ասաց, որ իր թոռնուհին`6-ամյա Սավաննան նույնպես նախընտրել է բալետը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում