Պատերազմն ու նկարիչները

Պատերազմն ու նկարիչները

Ինչպե՞ս է պատերազմն ազդում նկարիչների վրա: Այս հարցին է նվիրված Լոնդոնի Թեյթ բրիտանական պատկերասրահում բացված ցուցահանդեսը, որի նպատակն է ուսումնասիրել եվրոպական արվեստի և Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունների միջև կապը:

Եվրանյուզը հայտնում է, որ պատկերասրահում հավաքված է բրիտանացի, ֆրանսիացի, գերմանացի նկարիչների ավելի քան 150 աշխատանք, որոնք վերաբերում են 1916-1932 թվականներին: Ներկայացված նկարիչներից շատերը եղել են զինվորներ և մասնակցել են ռազմական գործողություններին։

Համադրող Էմմա Չամբերսն ասել է. «Առաջին համաշխարհային պատերազմը ստիպել է նկարիչներին մտածել հին աշխարհակարգի ոչնչացման մասին, նաև այն մասին, թե ինչպես քաղաքական իրավիճակը հանգեցրեց պատերազմի: Այդ պատճառով նրանք ձգտում էին վերանայել հետպատերազմյան ժամանակաշրջանի սոցիալական հարաբերությունները: Դադաիզմը, սյուռեալիզմը դիտարկվում էր ստեղծագործական նոր ուղիներ, որպեսզի հրաժարվեն հին բուրժուական արժեքներից»:

Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 23-ը և պատմում է այն մասին, թե ինչպես են նկարիչները տարբեր կերպ արձագանքել պատերազմի մասին հիշողություններին: Ժորժ Գրոսսն ու Օտտո Դիկսն իրենց աշխատանքներում բացահայտել են պատերազմի հաշմանդամների նկատմամբ անարդար վերաբերմունքը, Ֆերնան Լեժեն ու Քրիստոֆեր Նեվինսոնը նկարել են ապագայի քաղաքներ, իսկ այդ ժամանակ Պաբլո Պիկասոն և Վինիֆրեդ Նեյթսը վերադարձել էին կլասիցիզմին:

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում