Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անտիոքի Ուղղափառ Եկեղեցու` Զահլեի միտրոպոլիտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անտիոքի Ուղղափառ Եկեղեցու` Զահլեի միտրոպոլիտին

Հունիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Անտիոքի Հույն Ուղղափառ Եկեղեցու` Զահլեի և Բաալբեքի միտրոպոլիտ Անտոնիոս Էլ Սոուրիին` ուղեկցությամբ բարերար Նիկոլա Աբու ֆեյսալի:

Նորին Սրբությունը, ողջունելով Լիբանանից ժամանած հյուրերին, կարևոր նկատեց այն, որ երկու ժողովուրդների ու Եկեղեցիների հարաբերությունները հատկանշված են եղբայրական ջերմությամբ, իսկ նմանօրինակ այցերը նոր ազդակ են հանդիսանում գործակցության առավել զորացման և ամրապնդման առումով:

Հայոց Հովվապետը, իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցելով Անտիոքի Հույն Ուղղափառ Եկեղեցու պետ Նորին Սրբություն Հովհաննես Ժ Պատրիարքին, հավելեց, որ այս հանդիպումներն առիթ են ընծայում միմյանց առավել ճանաչելու համար: Գարեգին Բ Կաթողիկոսը մասնավորապես անդրադարձ կատարեց Լիբանանի հայ համայնքի աշխույժ ազգային-հոգևոր կյանքին:

Ապա Զահլեի միտրոպոլիտն անդրադարձավ երկու Եկեղեցիների միջեկեղեցական սերտ հարաբերություններին, որոնք պատմական, ավանդական խոր արմատներ ունեն, ինչպես նաև հայ համայնքի հետ իր ջերմ կապերին: Նա տեղեկացրեց, որ իր` թվով երրորդ այցն է դեպի Հայաստան և ամեն անգամ ինքը տեսնում է հայորդիների ամուր և ծաղկուն հավատքը: Միտրոպոլիտ Անտոնիոս Էլ Սոուրին նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսին տեղեկություններ փոխանցեց իր հոգևոր խնամատարության ներքո գտնվող համայնքների մասին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, վերստին իր օրհնությունը փոխանցելով ներկաներին, աղոթեց Լիբանանի ժողովրդի խաղաղ և առաջընթաց կյանքի համար:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ու Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում