Մշակութային, նաև քաղաքական արժեք ունեցող համերգ՝ Զվարթնոցում

Մշակութային, նաև քաղաքական արժեք ունեցող համերգ՝ Զվարթնոցում

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 19-րդ փառատոնը մեկնարկել է հունիսի 11-ին Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի համերգով, որը ղեկավարել է ծագումով էստոնացի ամերիկացի լեգենդար դիրիժոր Նեեմե Յարվին:

Panorama.am-ի հետ զրույցում փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանն ասաց, որ այն ոչ միայն մշակութային, նաև քաղաքական տեսանկյունից էր փայլուն իրադարձություն, քանի որ այդ համերգով Էստոնիան նշում էր իր Հանրապետության 100-ամյա հոբելյանը, որին միացրել էին նաև Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը:

Նա տեղեկացրեց, որ այժմ պատրասվում են մշակութային, նաև քաղաքական արժեք ունեցող համերգի, որը կայանալու է հունիսի 16-ին Զարթնոց տաճարում:

Ելույթ է ունենալու «Հորտուս Մուզիկուս» անսամբլը:

«Այդ օրը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ միասին նշանավորում ենք Եվրոպայի մշակութային ժառանգության տարվա սկիզբը: Հատուկ ընտրել ենք այդ խումբը, որովհետև իր կեսդարյան հետազոտությունների արդյունքում հասել է մի հազվագյուտ որակի. չքնաղ ձևով ներկայացում է եվրոպական տարբեր երկրների ու դարաշրջանների՝ հնագույն, միջնադարյան, վերածննդի, բարոկկո ժամանակաշրջանի երաժշտությունը: Իրենց ամբողջ աշխատանքի մեջ խտացված է Եվրոպայի մշակութային ժառանգության ասվածը»,- նշեց Ս. Հովհաննիսյանը:

Նա ասաց, որ «Հորտուս Մուզիկուս»-ը Եվրոպայի պատմության մեջ կես դարի ընթացքում միակ մշտապես գործող խումբն է: Փառատոնի շրջանակում հունիսի վերջին Հայաստանում մենահամերգով հանդես է գալու հայազգի աշխարհահռչակ սոպրանո Լիաննա Հարությունյանը:

«Աշխարհում հայտնի սոպրանոներից է, գործունեություն է ծավալում Ֆրանսիայում: Այս համերգին երկար ենք սպասել: Կարելի է ասել, որ նա երբեք Հայաստանում համերգով հանդես չի եկել: Այսօր նա երգում է աշխարհի ամենամեծ բեմերում՝ Մետրոպոլիտեն օպերային թատրոնում, Լա Սկալայում»,- ասաց փառատոնի տնօրենը:

Ս. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ սեպտեմբեր-նոյեմբերին փառատոնի շրջանակում սպասվում է աշխարհահռչակ նվագախումբի, մենակատարների այց: Նա նշեց, որ փառատոնը միաժամանակ կրթական ծրագրեր է իրականացնում Բյուրականի արվեստի ակադեմիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում