Ռոբերտ Հակոբյան. «Կապ չունի, որ Նիկոլ Փաշինյանի հարեւանն եմ»

Ռոբերտ Հակոբյան. «Կապ չունի, որ Նիկոլ Փաշինյանի հարեւանն եմ»

 Հունիսի 14-ին «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի թեկնածու Ռոբերտ Հակոբյանը հայտարարեց, որ ինքը պայքարելու է այդ պաշտոնի համար, քանի որ մյուս հավակնորդը թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի դուստրն է՝  Նորա Գրիգորյանը: 

Պարոն Հակոբյանը հայտարարում է, որ ոչ մի նշանակություն չունի իր՝ Նիկոլ Փաշինյանի հարեւան լինելը. «80 տոկոսը չի ցանկանում, որ Նորա Գրիգորյանը լինի գեղարվեստական ղեկավար»:

Նա նշեց, որ եթե հեղափոխություն չլիներ, Նորա Գրիգորյանը հաստատ կդառնար գեղարվեստական ղեկավար, որովհետեւ թատրոնում բաց տեքստով ասվել էր, որ այդ հարցը լուծում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տիկինը:

Լրագրողների հարցին՝ իսկ ինչու է ուզում անպայման դնել իր թեկնածությունը, արդյոք չի՞ օգտվում ստեղծված քաղաքական իրավիճակից, Ռոբերտ Հակոբյանը պատասխանեց. «Ես իմ թեկնածությունը դրել եմ այն պատճառով, քանի որ ուրիշ ոչ ոք չի ուզում տանել այդ ծանր բեռը: Առանց դրա էլ ես ինձ շատ լավ եմ զգում, իմ մոնոներկայացումներով զվռնում եմ աշխարհով մեկ»:

Ասուլիսի ժամանակ նա կոչ արեց, որ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը այցելի թատրոն եւ հանդիպի կոլեկտիվի հետ, նաեւ ասաց, որ տիկին Մակունցը չի ճանաչում ոչ մեկին, այլապես կարող են նրան այլ բան ներկայացնել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում