Երևանի լքված գործարանը՝ ցուցասրահ

Երևանի լքված գործարանը՝ ցուցասրահ

Հունիսի 17-ին Երևանի «Երազ» գործարանի լքված տարածքում բացվելու է ցուցահանդես՝ «Երևան Արտ էքսպո»:

Ցուցահանդեսի համադրող Նարինե Իսաջանյանը, ով 20 տարի բնակվում և գործում է Լոս Անջելեսում, Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ արդեն երեք տարի կազմակերպում է Երևան էքսպո հենց այդ լքված գործարանի տարածքում:

«Ինչո՞ւ է այդ տարածքն ընտրվել: Իմ գաղափարն այն էր, որ կարողանանք օգտագործել այդ տարածքը, քանի որ ներսից արդեն ունի սառած հիշողություններ դեպի անցյալը, սառած հիշողություններ, որտեղ ինչ-որ ժամանակ արտադրություն է եղել, կյանք է եղել»,- նշեց Նարինեն:

Ցուցահանդեսում Հայաստանի արվեստագետների հետ մեկտեղ ներկայացվելու են նաև տարբեր երկրներից հրավիրված հեղինակներ:

Հիշեցնենք, որ նախքան այս ցուցահանդեսը, հունիսի 7-ից Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում գործում է «2018 Էքսպոյից առաջ» խորագրով խմբային ցուցահանդեսը, որին նույնպես բացի հայ արվեստագետներից, ներկայացած են նաև ԱՄՆ-ից, Ռուսաստանից և այլ երկրներից հրավիրված հեղինակներ։

Ցուցադրության կոնցեպտն է «Ոչ ավանդական արվեստը»:

Ցուցահանդեսի համարդրողն ասաց, որ ընդհանուր առմամբ, «2018 Էքսպոյից առաջ»-ին մասնակցել է 44 հեղինակ (դրսից՝ 12 նկարիչ), որոնք կարող են մասնակցելու նաև «Արտ էքսպոյին»:

«Հունիսի 17-ին բացվող ցուցահանդեսում ներկայացվելու են դրսից բերված բոլոր աշխատանքներ: Այս տարի Ամերիկայից ինձ հետ բերել եմ 5 ստեղծագործող: Ինչ վերաբերում է այստեղի հեղինակներին, նրանք այսօր իրենց գործերը Ժամանակակից արվեստի թանգարանից տուն կտանեն, իսկ հունիսի 17-ին բացումից երկու ժամ առաջ կգան գործարանի տարածք՝ բերելով իրենց հետ իրենց գործերը: Ցուցահանդեսի ամբողջ նպատակը ոչ տրադիցիոնալ նկարչությունն է կամ ցուցադրությունը, այսինքն, երբ հեղինակը գալիս է տարածք, պետք է կարողանա տեսնել իրեն այդ տարածքում, օգտագործել ինչ կա շրջապատում՝ փորձելով գործերը դարձնել ինստալյացիոն արվեստ կամ ինստալյացիա»,- մանրամասնեց ցուցադրության համադրողը՝ ընդգծելով, որ իր նպատակն է ցուցահանդեսին մասնակցեն երիտասարդ ստեղծագործողները:

Նրա խոսքով, Հայաստանում շատ են տաղանդավոր երիտասարդ նկարիչներ, որոնց հետ հաճելի է աշխատել:

«Երանի ինչ ունեինք մենք տարիներ առաջ՝ արվեստանոցներ, ստուդիոներ, շփումներ նկարիչների հետ, իրենք էլ ունենան այսօր: Այսօր նրանք շփման կարիք ունեն»,- հավելեց նկարչուհին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում