«Մեղրի համը» ներկայացումը կրկին բեմում է

«Մեղրի համը» ներկայացումը կրկին բեմում է

Տևական դադարից հետո, հունիսի 23-ին և 29-ին Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում կլինի Շեյլա Դիլենիի «Մեղրի համը» ներկայացումը, որի բեմադրիչը Գոռ Մարգարյանն է: ՊՀԹ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ «Մեղրի համը» ներկայացումը ցուցադրվել է նաև Մոսկվայում (Պ. Ֆոմենկոյի արվեստանոցում), Մինսկում (ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի Երիտասարդական թատերական II ֆորումին, որտեղ դերասանուհի Մարիամ Ղազանչյանը հաղթող է ճանաչվել «Լավագույն կին դերակատար» անվանակարգում: 2014թ.-ին ՀԹԳՄ ամենամյա «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության ժամանակ «Մեղրի համը» հաղթող է ճանաչվել վեց անվանակարգերում:

Բեմադրիչը պատմում է, որ բովանդակային առումով այս անգամ ներկայացումը փոփոխության չի ենթարկվել, սակայն դերասանական կազմում կա փոփոխություն. երկու նոր դերասան են ներմուծել: Խոսքը Եվա Զոհրաբյանի և Սեյրան Մովսիսյանի մասին է:

Գ. Մարգարյանն ասում է, որ այս գործն իր համար առանձնահատուկ է. «Այս պիեսին անդրադառնում եմ երկրորդ անգամ: Հայաստանում այն քիչ բեմադրված է: Պետք է ասեմ, որ ինձ դուր է գալիս Դիլենիի գործը: Այստեղ շատ սեր կա` թաքնված սեր… Ներկայացման մեջ սիրո բացակայությունն ընդգծում է, թե որքան մարդը կարիք ունի սիրո ու թե ինչ հետևանքներ կարող են լինել դրա բացակայության դեպքում:

Մի առիթով ինձ հարցրել են` ինչու ես անդրադառնում ծնող-երեխա խեղված հարաբերություններ թեմային: Հավանաբար, այն պատճառով, որ այս թեման ինձ հարազատ չէ. մեծացել եմ համերաշխ ընտանիքում, որտեղ եղել են ու կան փոխադարձ սերն ու հարգանքը: Ուստիև հետաքրքիր էր հայտնվել մութ անտառում…»:

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում