Կաթողիկոսությունն ըստ եկեղեցու նվիրապետական կարգի

Կաթողիկոսությունն ըստ եկեղեցու նվիրապետական կարգի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սբ. Գրիգոր Լուսավորչի 132-րդ հետևորդն է եւ զբաղեցնում է Սբ. Գրիգոր Լուսավորչի գահը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Վեհափառ Հայրապետը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայաստան և Արցախ աշխարհի, աշխարհասփյուռ միլիոնավոր հայերի հոգեւոր առաջնորդն է, Հայ Առաքելական Ուղղափառ Քրիստոնյաների Հովվապետն ու Հայրապետը:

Հայ Առաքելական Եկեղեցու Նվիրապետության մեջ ամենայն Հայոց Կաթողիկոսը /հունարեն տերմինը նշանակում է եկեղեցու ընդհանուր առաջնորդ/ Եկեղեցու Առաջնորդն է: Հայոց եկեղեցում նա աստիճանով բարձր է Պատրիարքից, Արքեպիսկոպոսից եւ Եպիսկոպոսից:

Որպես կանոն, նրան ընտրում են եպիսկոպոսաց դասից: Լինելով Աստծո և ազգի ընտրյալ` նա համարվում է առաջինը հավասարների մեջ: Կաթողիկոսին օծում է 12 եպիսկոպոս: Կաթողիկոսը ներկայացնում է Հայ Եկեղեցու կենտրոնացված իշխանությունը: Նա բարձրագույն դատավորն է եւ օրենսդրական մարմնի ղեկավարը: Նա Ազգային-Եկեղեցական, Գերագույն Հոգեւոր Խորհրդի եւ Եպիսկոպոսական ժողովի նախագահն է: Նրա իրավասության եւ պատասխանատվության մեջ են մտնում եպիսկոպոսների ձեռնադրությունը, Մյուռոնի օրհնությունը, տոների հռչակումը, Ազգային Եկեղեցական Ժողովների գումարումն ու ցրումը, Հայ Եկեղեցու վարչական հարցերի եւ թեմեր հիմնելու վերաբերյալ որոշումների արձակումը: Կաթողիկոսը ընտրվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվող ազգային-Եկեղեցական ժողովի կողմից ցմահ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացնում է Առաքելական իշխանության հաջորդականությունը Հայաստանում, որտեղ Հիսուս Քրիստոսի կողմից առաքյալներին շնորհված քրիստոնեական եկեղեցու իշխանությունը փոխանցվում է միմյանց հաջորդող եպիսկոպոսներին:

Անհնար է Հայ եկեղեցին պատկերացնել առանց Եպիսկոպոսապետի` Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Չունենալով եպիսկոպոսական աստիճան` Հայաստանի քրիստոնյաները կհայտնվեին հարեւան աթոռների ենթակայության տակ, եւ Հայ Քրիստոնեությունը այսօր հանդես չէր գա որպես իր ինքնությանը բնորոշ ազգային առանձնահատկություններով առանձին կառույց:

Ամենայն Հայոց առաջին կաթողիկոսը Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է: Սուրբ Գրիգորը օծվել է 301 թ-ին, Կեսարիայում, կապադովկիացի եպիսկոպոսների կողմից` դրանով իսկ հաստատելով Հայոց եպիսկոպոսական աստիճանը որպես առաքելական իշխանության հաջորդականություն:

Գրիգոր Լուսավորիչը հիմնեց Հայ Եկեղեցու նվիրապետությունը` հավատարիմ մնալով Հայաստանի պետական վարչական համակարգի սկզբունքներին: Նա յուրաքանչյուր նախարարության համար մեկական եպիսկոպոս ձեռնադրեց: Այս եպիսկոպոսները ենթարկվում էին Հայաստանի Ծայրագույն եպիսկոպոսին` եպիսկոպոսապետին, որը հետագայում կոչվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս:

Նորին Սրբության պաշտոնական կոչումն է Ծայրագույն Պատրիարք եւ Կաթողիկոս Ամենայն Հայոց: Այնպիսի պաշտոնական փաստաթղթերի համար, ինչպիսիք են Կոնդակները, լրիվ տիտղոսագիրը հետեւյալն է. ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՀԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ, ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ, ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ, ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՍՐԲՈՅ ԿԱԹՈՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ:

Վեհափառ Հայրապետին բանավոր դիմալաձևն է` Աստված օգնական, Վեհափառ, Տեր:
Իսկ նամակներն ավարտում ենք`«Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն» գրությամբ:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում