Ինչ-որ մեկը

Ինչ-որ մեկը

Երբ բոլորը քննարկում էին զենք ունենալ-չունենալու պատճառները, ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ մի նռնակով հաղթեց անվտանգությանդ երիկամներին դեմ տված տանկը…ու կյանքդ շարունակվեց:
Երբ բոլորը քննարկում էին գոտկատեղից ներքևի բազմազանության կարևորությունը, ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ երաժշտությունդ մաքրեց բյուրեղության այն աստիճան, որ հուզեց հոգիդ ու գոտկատեղից վերև ամենակարևոր օրգանդ կծկվեց ու ինքնամաքրվեց՝ հաստատելով սիրո բնակության հասցեն…ու կյանքդ շարունակվեց…
Երբ բոլորը ազատության սահմաններն էին քննարկում, ուրիշի կյանք չմտնելու օրենք հաստատելու համար, ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ հանեց գլխարկը ու այն սեղմեց դեմքին՝ 8 ժամ վիրահատական սեղանի շուրջ կանգնելուց հետո, որ ցույց չտա մահին հաղթողի հուզմունքից լցված աչքերը, այլ ձևացնի, թե հոգնության քրտինքն է մաքրում ու լուռ ժպտա: Ու դու հասկանաս, որ ազատության սահմանը բարակ է այնքան,որքան ածելու լեզվակը, որի վրայով ամեն անգամ ստիպված ես ոտքերդ արնոտելով անցնել,երբ կյանքի ու մահվան սահմանն ես զատում…ու կյանքդ շարունակվեց…
Երբ շատերն անքնության դեղահաբ կուլ տալով քուն մուրացին, ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ ամբողջ գիշեր սեր խմորեց ու լուսադեմին հաց թխեց, որ առավոտյան հազարավոր՝ խղճի ձեռը տանջված ու անքուն մնացածներ, նշխարքի պես բերանը դնեն մրմնջած աղոթքով հարստացած հացը…ու կյանքդ շարունակվեց…
Երբ բոլորը քննարկում էին իրենց ուսին դրված հոգսերի կապոցի ծանրությունը, ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ քո դարավոր խնդիրների ծանրությունը դրեց ուսին, հետո հանեց գլխից վերև, որ հաղթանակածի դրոշն ավելի բարձր ծածանվի, քան քեզ քնած կացնահարող սպառնալիքիդ…ու կյանքդ շարունակվեց…
Ու մինչ դու փառահեղ խոսքդ ես նախապատրաստում, էստեղ մի բան գրելու համար, ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ մաքուր-իստակ ավլեց բակդ լուսադեմին՝ գլուխդ էլ մաքրելով հիմար մտքերից, իսկ ավելի քսքստոցի հանգիստ ռիթմով ինչ-որ մի տեղ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ կյանք արարեց իր անկողնում…ու կյանքդ շարունակվեց…
ԱԱՄԵՆ ԻՆՉ դառած քո խղճուկ կերպարով արդեն պիտի երազես դառնալ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ, որովհետև մինչ դու ամեն ինչ ամենակարևորի դեմքով ամենակարևոր տեղերում քննարկում էիր, ԻՆՉ-ՈՐ ՄԵԿ-երն այս կյանքն ապրեցրին:
Ու ես թաքուն երազում եմ դառնալ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ, քանզի չունեմ այդքան համարձակություն՝ դառնալու ՈՉԻՆՉԸ:
Հ.Գ. Շնորհակալություն բոլոր ԻՆՉ-ՈՐ ՄԵԿ-երին, որ եկող ու գնացողներից անկախ, գլուխները կախ անում են ամեն բան…որ կյանքս շարունակվի…

Վարսենիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում