Երևանի Մնջախաղի թատրոնը որպես հատուկ հյուր մասնակցելու է միջազգային փառատոնի

Երևանի Մնջախաղի թատրոնը որպես հատուկ հյուր մասնակցելու է միջազգային փառատոնի

ՌԴ Վոլոգդա քաղաքում հունիսի 19-ին մեկնարկելու է «Պատմության ձայներ» միջազգային թատերական փառատոնը։ Որպես հատուկ հյուր հրավիրված է Երևանի Մնջախաղի պետական թատրոնը։

Panorama.am-ին թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն ասաց, որ հանդես են գալու «Արդաղիոն» ներկայացմամբ հունիսի 20-ին։

«Վոլոգդայի Կրեմլի պատերի ֆոնին՝ բացօթյա, ցուցադրելու ենք մեր ներկայացումը»,- հավելեց նա։

Ժ. Դադասյանի խոսքով, շատ հայտնի փառատոն է, ցուցադրվում են պատմական պիեսներ։

«Քանի որ մենք ժանրային թատրոն ենք, դրա համար չենք կարող մասնակցել մրցութային ծրագրին, չնայած կազմակերպիչներն էլ են շատ ցավում դրա համար»,- ասաց Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավարը։

Նա տեղեկացրեց, որ ամբողջ ծախսերը փառատոնի կազմակերպիչներն են հոգացել, ինչպես շատ հաճախ լինում է իրենց թատրոնի դեպքում։

Ժիրայր Դադասյանը նաև հայտնեց, որ այս տարվա համար այլ հրավերներ էլ ունեն, որոնք պետք է քննարկեն. «Տեսնենք, թե ինչպես է մշակույթի նախարարության կողմից մշակվում ստրատեգիան, ըստ այդմ կորոշենք»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում