Աշխարհը լույս է, աշխարհը սիրելու մասին

Աշխարհը լույս է, աշխարհը սիրելու մասին

Որն է առաքյալի` «Աստված լույս է», «Աստված սեր է» խոսքի իմաստը:

Աստված լույս է (Ա Հովհ. 1.5), Աստված սեր է (Ա Հովհ. 4.8, 16): Հովհաննես առաքյալի այս հայտնի արտահայտությունների կողքին կա նաև այս պատկերացումը` մարդը որպես լույս և մարդը որպես սեր: Հովհաննեսն իր Ավետարանում մեջբերում է Քրիստոսի խոսքը. «Ես եմ աշխարհի լույսը» (Հովհ. 8.12): Բայց Քրիստոս նաև ասում է Իր առաքյալներին, քրիստոնյաներին. «Դուք եք աշխարհի լույսը» (Մատթ. 5.14):

Ուրեմն, մի տեղ` Ես եմ լույսը աշխարհի, մեկ այլ տեղ` դուք եք լույսը աշխարհի: Քրիստոսի լույս լինելու այս խոսքերն ապացույցներից են Տիրոջ աստվածության` առաքելական թղթի արտահայտության համեմատությամբ, որտեղ Աստված ներկայացվում է որպես լույս: Քրիստոս լույս և Աստված լույս արտահայտությունները բերում են լույսի հատկությունն ունեցողի աստվածության գաղափարը:

Առաքյալն Աստծուն ներկայացնում է որպես լույս և սեր ըստ էության, իսկ մարդն այդպիսին է ոչ թե ըստ էության, այլ ըստ փոխառության: Երբ հաղորդվում ենք լույսի հետ, լուսավորվում ենք, երբ հաղորդվում ենք սիրո հետ, լցվում ենք սիրով:

Առաքելական թղթի խոսքը` «Եթե ասենք, թե հաղորդության մեջ ենք Նրա հետ, բայց քայլենք խավարի մեջ, ստում ենք և ճշմարտությունը չենք կատարում» (1.6), ցույց է տալիս, որ Հովհաննես առաքյալը հասկանում է Աստծո հետ կենդանի հաղորդակցությամբ, հոգևոր փորձառությամբ այդ լույսի և դրա հատկությունների ձեռքբերումը, շնորհների ստացումը:

Պե՞տք է քրիստոնյան սիրի այս աշխարհը և բոլոր մարդկանց:

Հովհաննես առաքյալն իր թղթում տալիս է նաև աշխարհի հանդեպ սիրո դրսևորման պատկերացումը: Պե՞տք է սիրել աշխարհը, թե՞ ոչ: Առաքելական թղթում պատասխանը միանշանակ է և ժխտական` աշխարհը սիրել պետք չէ: Առաքյալն ասում է. «Մի՛ սիրեք աշխարհը, ոչ էլ` ինչ-որ աշխարհի մեջ կա: Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրա մեջ չէ» (2.15-16):

Այս ասելով` առաքյալը կարծես հակասում է ինքն իրեն: Հովհաննես առաքյալը, ով նույն ինքը Հովհաննես Ավետարանիչն է, իր Ավետարանում նշյալ խոսքի բոլորովին հակառակն է ասում. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի, ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (3.16):

Մի տեղ ասում է` Աստված այնքան սիրեց աշխարհը, մեկ այլ տեղ` մի՛ սիրեք աշխարհը, մի տեղ աշխարհի հանդեպ սերը ներկայանում է դրական իմաստով, մյուս տեղում` բացասական: Պետք է իմանալ, որ առաքյալի բառապաշարում «աշխարհը» տարբեր իմաստներ ունի: Այն նախ նշանակում է մարդկությունը, առկա դրական երևույթները, բայց նաև նշանակում է աշխարհի արատավոր իրողություններն ու արատները:

Աղբյուր՝ christianity4all.com։

Հետևեք մեզ նաև Telegram-ում