Մի պահանջ եմ ունեցել՝ չխանգարել. Ռուբեն Բաբայան

Մի պահանջ եմ ունեցել՝ չխանգարել. Ռուբեն Բաբայան

Այսօր ԱԺ-ում կազմակերպված «ՀՀ մշակութային քաղաքականության ուղղություններն ու հիմնահարցերը միջազգային պարտավորությունների համատեքստում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը մտահոգություն հայտնեց այն մասին, որ «ստեղծագործական աշխատանքով զբաղվողները կառավարության ու պետության կողմից ընկալվում են որպես պոտենցիալ հանցագործներ, որոնց դեմը պետք է առնել, քանի որ մեր միակ ուշք ու միտքը կոռուպցիոն ռիսկերի դիմելն է»։

Նրա խոսքով՝ բազմաթիվ հակակոռուպցիոն օրենքներ ընդունելով, գրանտներ ստանալով, երկիրը որևէ բան չի արել, որպեսզի այդ կոռուպցիան չզարգանա։

«Ես իմ ամբողջ կյանքում պետությունից, կառավարությունից, նախարարությունից մի պահանջ եմ ունեցել՝ չխանգարել։ Ցավոք սրտի միշտ առնչվում ենք այդ խանգարիչ հանգամանքների հետ, օրենսդրական դաշտը, որի մեջ գործում են թատրոնները, բացարձակապես հաշվի չեն առնում ոլորտի բնույթը։ Ինչքան իմ կարճ խելքով հասկանում եմ, յուրաքանչյուր օրենք պետք է նպաստի ոլորտի զարգացմանը, բայց իրականում այդպես չէ։ Իրականում, առավել ևս վերջին տարիներին, ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ բոլոր նախարարություները, այդ թվում և մշակույթի նախարարությունը, պարզապես ֆինանսների նախարարության կառուցվածքի մեջ ստորաբաժանում են», – նշեց Բաբայանը։

Նրա կարծիքով՝ գուցե իրենք հնարավորություն կունենան, որպեսզի ոչ թե ընդունվող օրենքները կամ որոշումները պարզապես կպարտադրվեն մեզ, այլ գոնե դրանք ընդունելուց առաջ կխորհրդակցեն ոլորտի մասնագետների հետ։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում