Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներին՝ գլխավորությամբ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի:

Խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց խմբի անդամներին, տեղեկություններ փոխանցեց Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի գործունեության վերաբերյալ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու շնորհակալությունը հայտնեց Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներին հայ-ֆրանսիական կապերի առավել զարգացման և ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար: Վեհափառ Հայրապետը ուրախությամբ ընդգծեց, որ խումբն Հայաստանի անկախությունից ի վեր մշտապես իր զորակցությունն ու աջակցությունն է ցուցաբերել հայ ժողովրդին: Նորին Սրբությունը նշեց նաև, որ հպարտության զգացում է ապրում` խմբի կազմում տեսնելով երեք հայորդիների:

Գարեգին Բ Կաթողիկոսը գոհունակությամբ խոսեց ֆրանսահայ համայնքի մասին, որը ակտիվորեն ներգրավված է Ֆրանսիայի կյանքին՝ շարունակելով պահպանել իր ազգային ինքնությունն ու մշակույթը, ինչպես նաև իր նպաստը բերելով երկրի զարգացման ու բարգավաճման գործում:

Վեհափառ Հայրապետը կարևորությամբ շեշտեց, որ շնորհիվ Ֆրանսիայում ապրող հայորդիների՝ հայ և ֆրանսիացի ժողովուրդների հարաբերությունները հատկանշված են առանձնակի ջերմությամբ:

Վերջում Հայոց Հայրապետը Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներին մաղթեց արդյունավետ գործունեություն:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում