Կատալոնիայի մի քանի միությունների կողմից կատարված հայտարարության վերաբերյալ. Տ․ Սիփան վարդապետ Գևորգյան

Կատալոնիայի մի քանի միությունների կողմից կատարված հայտարարության վերաբերյալ. Տ․ Սիփան վարդապետ Գևորգյան

«Եթե չհավատաք, չեք հասկանա» (Ես․ 7։9)։

Համացանցում «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» վերտառությունը կրող նախաձեռնության էջում հրապարակվեց Կատալոնիայի մի քանի միությունների կողմից Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջի վերաբերյալ հայտարարությունը։ Առ ի տեղեկություն նշեմ, որ 2017թ․ սեպտեմբեր ամսից, բարսելոնահայության խնդրանքին ընդառաջ, Ամենայն Հայոց Հայրապետի կողմից նշանակվել եմ Իսպանիայում և Պորտուգալիայում Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ։ Առիթ ունենալով բազմիցս շփվելու այդ միությունների անդամների հետ, նախևառաջ ափսոսանքի և ցավի զգացում ապրեցի, քանի որ այս անձերը և կամ նրանց մեծամասնությունը այդքան էլ լավ չեն պատկերացնում, թե ի՞նչ է Հայ Եկեղեցին, որն է Եկեղեցու առաքելությունը, ինչպես են ընտրվում հայրապետները, և ինչպես են «գահընկեց» արվում նրանք։ Վերջին օրերին զրուցելով նրանցից որոշների հետ լսեցի բացառապես բամբասանքի նմանվող մի շարք անհիմն մեղադրանքներ և հերյուրանքներ, ինչպես նաև վերջնագրային ոճ պարունակող պահանջներ, որոնք միանշանակորեն Եկեղեցու ավանդական ընթացակարգից դուրս են, և հետևապես որևէ առնչություն չեն կարող ունենալ իրականության հետ։ Նշեմ, որ Կատալոնիայում հաշվվում են շուրջ 7000 հայորդիներ, բացի նշյալ միություններից Բարսելոնայում գործում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծխական խորհուրդը՝ բաղկացած 9-ը անդամներից, վերջիններս էլ ձեռնամուխ են եղել համայնքային կյանքի ձևավորման ու զարգացման գործին։ Ծխական խորհրդի, անձնապես իմ, ինչպես նաև բազմաթիվ հավատացյալների համար վերոհիշյալ հրապարակումն անընդունելի է համարվում, քանի որ նման դիրքորոշումը համայնքի ներսում կարող է երկպառակտության և անhամաձայնության դրսևորումներ ունենալ՝ խաթարելով համայնքի բնականոն կյանքը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Եպիսկոպոսաց և Միաբանական ժողովների անունից արդեն հայտարարվել է, որ հայաստանյան ներքաղաքական վերջին շրջանի զարգացումների տրամաբանությունը ներեկեղեցական կյանքում օգտագործելու փորձն անընդունելի և անթույլատրելի է հոգևոր ու բարոյական տեսանկյուններից։ Դարեր շարունակ մեր Եկեղեցու առաքելությունը եղել և մնում է Քրիստոսի փրկարար Ավետարանի քարոզչությունը, հոգեփրկչական ծառայությունը, որը հայ հոգևորականությունը, ի գլուխ ունենալով Գարեգին Բ Հայրապետին իրականացնում է մեր ժողովրդի կյանքում։ Մենք կոչված ենք երաշխավորը լինելու նաև հայ ժողովրդի միասնության, ազգային և հոգևոր նպատակների իրագործման ու պահպանման, այլ ոչ թէ պառակտման:

Տ․ Սիփան վարդապետ Գևորգյան
Իսպանիայում և Պորտուգալիայում Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի Փոխանորդ

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում