Նախանձի վնասները

Նախանձի վնասները

Նախանձը համարվում է յոթ մահացու մեղքերից մեկը, խանդը` ոչ: Ո՞րն է մեղքի մահացու և ոչ մահացու լինելու սահմանումը:

Եկեղեցական հեղինակների ուսուցմամբ կան յոթ մահացու մեղքեր, որոնք են` հպարտություն, նախանձ, բարկություն, ծուլություն, ագահություն, որկրամոլություն, բղջախոհություն: Այս մեղքերը կոչվում են մահացու, որովհետև կարող են ուրիշների, մինչև իսկ սեփական մահվան պատճառ դառնալ: Մահացու մեղքը հաճախ առնչվում է ոչ միայն ֆիզիկական մահվանը, այլև հոգևոր մահվանը, որովհետև այդ մեղքերի մեջ հարատևողը կարող է հոգևոր մահ ունենալ:

Հոգևոր մահ է կոչվում չար ընթացքներով Աստծուց հեռանալը, Տիրոջից հեռու գտնվելը: Նախանձը նաև մեծ ատելություն է բերում, որը կարող է պատճառ դառնալ նույնիսկ մարդասպանության: Սուրբ Գիրքն ասում է. «Ամեն ոք, ով ատում է եղբորը, մարդասպան է» (Ա Հովհ. 3.15): Այսպես էր, որ Կայենը, իր եղբորը նախանձելով, սպանեց նրան (Ծննդ. 4.58):

Նախանձից Հովսեփին չարություն արած եղբայրներն ի՞նչ վնաս բերեցին Հովսեփին, ում ցանկացան կործանել (Ծննդ. 37.4, 18-36): Չէ՞ որ նա Եգիպտոսի տիրակալ դարձավ, իսկ եղբայրները երկար ժամանակ սովի մեջ էին: Աստված ամեն ինչ տեսնում է և անպատիժ չի թողնում չար գործերն ու զգացումները: Նախանձոտն ինքն է իրեն ներսից մաշում, ապա նաև իր նախանձի պատճառով դժբախտությունների մատնվում:

Առակաց գիրքն ասում է. «Ընկերոջ համար հոր փորողն ինքն է ընկնելու նրա մեջ» (26.27): Նաև Դավիթ սաղմոսերգուն է ասում. «Նա ով փոս փորեց, խորացրեց, հենց ինքն էլ ընկավ այն փոսը, որ նա պատրաստեց» (Սաղմ. 7.16): Նախանձից եղբորը սպանած Կայենն Աստծո անեծքին արժանացավ (Ծննդ. 4.10-11) և ինքն էլ սպանվեց Ղամեքի կողմից (Ծննդ. 4.23):

Նախանձից իրենց եղբայր Հովսեփին վնասածները սովի ու չարչարանքների մատնվեցին (Ծննդ. 42.13, 17, 22, 43.12, 44.12-14, 47.4): Նախանձից Մովսես մարգարեին բամբասած նրա քույր Մարիամը բորոտությամբ տառապեց (Թվ. 12.1-2, 9-10): Իր հայր Դավիթ թագավորից նախանձի պատճառով թագավորությունը խլելու համար պայքարած Աբիսողոմը սպանվեց պատերազմում (Բ Թագ. 18.9, 14-15):

Քրիստոսին մահ պատճառած հրեաները 70 թ. Երուսաղեմի գրավման ժամանակ Վեսպասիանոս կայսեր որդի Տիտոսի միջոցով պատժվեցին, սպանվեցին, շուրջ հարյուր հազարը գերվեցին, շատերն իրենց երկրից տարաշխարհ ցրվեցին:

Հրեա պատմիչ Հովսեփոս Փլավիոսը նույնիսկ հաղորդում է, որ Երուսաղեմի պաշարման ժամանակ հրեաների թշվառությունը, սովն այն աստիճանի էր, որ անգամ մայրերը, քաղցից մտագարված, մորթում և ուտում էին իրենց զավակներին, ինչից գարշեցին այդ ամենին ականատես հռոմեացիները:

Աղբյուր՝ christianity4all.com։

Հետևեք մեզ նաև Telegram-ում