USD
EUR
RUB

Եթովպական պատարագները «եվրոպականացրած» հայազգի կոմպոզիտորը կներկայանա մեծակտավ երկերով

 
 

Հայազգի շատ արվեստագետներ որոշիչ դերակատարում են ունեցել այլ պետությունների մշակութային կյանքում: Օրինակ, հայտնի է, որ Եթովպիայում, Հայլե Սելասիե կայսեր օրոք արքունի նվագախմբի ղեկավարն էր Գեւորգ Նալբանդյանը, որը Եթովպիայի պետական հիմնի երաժշտության հեղինակն է։ Բայց կան նշանավոր փաստեր, որոնց հետ նոր-նոր ենք առնչվում. վերոնշյալ կայսեր մոտ իբրեւ պալատական երաժիշտ գործունեություն է ծավալել ծնունդով Հալեպից, կոմպոզիտոր Հակոբ Մանուկյանը, որը յոթ տարի շարունակ հավաքագրել, մշակել, ապա եվրոպական նոտագրությամբ կայսերն է ներկայացրել եթովպական 14 պատարագ: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում հայտնեց կոմպոզիտորի այրին՝ Սրբուհի Մանուկյանը, որը որդու՝ պարոն Վարդանի հետ հայրենիքում է: «Արամ Խաչատրյան» համերգասրահում հունիսի 22-ին դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան), Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Հովհաննես Չեքիջյան) եւ յոթ մեներգիչների մատուցմամբ այլ երկերի թվում առաջին անգամ կկատարվեն կոմպոզիտորի երկու՝ «Խորհուրդ Վարդանանց» եւ «Աղավնու վանք» օրատորիաները, որոնց համար հիմք են հանդիսացել Վահան Թեքեյանի նույնանուն պոեմն ու Հովհաննես Թումանյանի լեգենդը:

Տիկին Մանուկյանը ներկայացնելով ամուսնու երաժշտական ուղին, սկսեց ամենասկզբից. «Հակոբի հայրը՝ պարոն Սամվելը, ճանաչված տենոր էր Սիրիայում, հորաքույրը՝ տիկին Ազնիվը՝ երաժիշտ, որը աշխարհում հայտնի քամանչահար Ռուբեն Կարախանյանի կինն է: Նախակրթարանում, հենց հորաքրոջ մոտ է սկսել ամուսինս ծանոթանալ երաժշտության այբուբենին, միաժամանակ ընտրելով ջութակ եւ դաշնամուր նվագարանները: Նրա առաջընթացը շատ արագ է ընթացել, ձեռքից ձեռք էին խլում: Ընդամենը մի քանի տարի անց Հակոբը գրավել է անվանի երաժիշտ Վահան Բեդելյանի ուշադրությունը, որն իրեն հրավիրել է կրթությունը շարունակել Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունում: Այստեղ, ուր ես ուսանում էի դաշնամուրի դասարանում, կայացավ մեր ծանոթությունը, ընկերությունը, ինչն էլ վերաճեց ամուսնության: Շուտով նրան վստահեցին կրթօջախի նվագախմբի ղեկավարումը: Շատ չանցած Հակոբն արդեն Կիպրոսի Սուրբ Աստվածածին եկեղեցու դպրապետն էր, որտեղ նրան նկատեցին Ադիս Աբեբայից ժամանած ուսուցիչներ եւ հրավիրեցին Եթովպիայի Սուրբ Գեւորգ եկեղեցի: Ամուսնուս անունը շուտով հայտնի դարձավ Հայլե Սելասիե կայսրին… Երբ 1976թ. կայսրին սպանեցին, մենք տեղափոխվեցինք Լոնդոն, որտեղ ապրել ենք տասը տարի: Այդ ընթացքում ամուսնուս ստեղծագործական գործունեությունը գրավեց աշխարհահռչակ երաժշտագետ Ալֆրեդ Աշպոլին: Հենց Անգլիայում էր, որ 1976թ. կայացավ մեր հանդիպումը Արամ Խաչատրյանի հետ: Սա մի առանձին թեմա է… Հակոբը արդեն հիմնել էր «Կոմիտաս-Սիփան» երգչախումբը, որն իսկապես հաջողություններ էր գրանցում: Երգչախումբը հրավիրվեց մասնակցելու Ելիզավետ Երկրորդի թագադրության 25-ամյակին նվիրված երեկոյին… Նշեմ, որ նրա տարերքը երգարվեստն էր: Դա է պատճառը, որ անդրադարձել է Թումանյանի, Իսահակյանի, Չարենցի, արեւմտահայ բանաստեղծներ Մաթեոս Զարիֆյանի, Վահրամ Մավյանի ստեղծագործություններին»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ իրենց ընտանիքի վերջին հանգրվանը Կանադան է եղել. «Հակոբն այստեղ էլ, բնականաբար, շարունակեց իր գործունեությունը, որտեղ 1980-ին դարձյալ հիմնեց երգչախումբ, այն կրկին անվանելով «Կոմիտաս-Սիփան»: Դյուրին չի եղել նրա ստեղծագործական ուղին: Երբ ոտք դրեցինք Անգլիա, նա այստեղ սկսեց ինտենսիվ զբաղվել ստեղծագործական կյանքով: Իր հետ վերցրել էր ծննդավայրում, Կիպրոսում, Եթովպիայում գրի առած մեղեդիները, որոնք հետո դարձան լուրջ երկեր: Այս տարի Հակոբը կլիներ 89 տարեկան: Նա գնաց երկնային կյանքով ապրելու 83-ը բոլորած: Նշեմ, որ Հակոբը անդրադարձել է նաեւ օպերետի ժանրին»:

Տիկին Մանուկյանը նշեց, որ խորհրդային տարիներից սկսած՝ 1964-ից 14 անգամ եղել են հայրենիքում, մեկ անգամ, 2005թ., Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը խմբավար Հարություն Օդաբաշյանի ղեկավարությամբ ներկայացվել են կոմպոզիտորի 12 երգերը: «Հանդիսատեսի ընդունելությունից հասկացա, որ դրանք կպան նրանց սրտին՝ իսկապես հուզված էին, ապշած… Հասկանում եմ՝ առաջին անգամ էին առնչվում Հակոբի արվեստին»,- ասաց տիկինը: Հետաքրքրությանը՝ կայանալիք համերգի «մեղավորներն» ովքե՞ր են, մեր զրուցակիցը պատասխանեց, որ Կանադայում ստեղծագործող կոմպոզիտոր Աշոտ Արիյանը իրենց հեռակա ծանոթացրել է դիրիժոր Հարություն Արզումանյանի հետ, նա էլ իր հերթին՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանի հետ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լրահոս
Մոսկվայում բացվելու է Այվազովսկու նկարների և Բուլգակովի ձեռագրերի ցուցահանդեսը Արևին Գուրգեն Մահարի․ Չարենցի հետ Այսօրվա կաթողիկոսին մերժելով, հաջորդ բոլոր կաթողիկոսների անվտանգության հարցը ևս մերժում են Թոմ Հարդին Բրիտանական կայսրության շքանշանի է արժանացել Հայաստանի երաժշտական ընկերությունը՝ ազգային երաժշտության պահապան Ավետիք Իսահակյան-Ֆրունզիկ Մկրտչյան Մեր Տունը․ Մուշեղ Իշխան Ով պարտիզպան Անուն հանած երաժիշտները վերադառնում են հայրենիք Սերգեյ Սմբատյանը Վարշավայում հանդես կգա Քշիշտոֆ Պենդերեցկու փառատոնի շրջանակում Ո՞վ է այսօրվա հոգևորականը Մնջախաղի պետական թատրոնը շարունակում է վարձով ապրել Մեկնարկել է «Կին» միջազգային կինոփառատոնը Օֆելյա Համբարձումյան․ Ամեն տեսակ երգ երգեցի... Տպավորություններ Վիգեն Չալդրանյան. «Ես կառչած չեմ պաշտոնից, թատրոնն էլ պատժիչ գաղութ չէ» Անհանգստություն, որից չենք կարողանում բաժանվել Չինաստանում 2.100-ամյա ստորգետնյա «բանակ» է հայտնաբերվել Երբ աշխարհը խոսում է մատնոցների միջոցով «Ռուսաստանի թանգարանների գանձերը» ցուցահանդեսում ներկայացված է Այվազովսկու կտավը Առակ հոգու խաղաղության մասին Լուսինե Զաքարյան․ Ավե Մարիա Կարմիր ծաղիկ մը գարունի Դուք լավն եք մարդիկ Չարլզ Բուկովսկի․ Ինձ արդեն սպանել են Ահաբեկչություն ու շանտաժ՝ ըստ Չալդրանյանի Ամփոփվեց Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը Սուրբ Գրքի ճանապարհը Հովհաննես Չեքիջյան. Կյանքը ափի մեջ. Աշնանային հեծություններ Եվրոպական ֆիլմերի փառատոնը հայ հանդիսատեսին հնարավորություն կընձեռի դիտել եվրոպական ֆիլմարտադրության վերջին գործերը Շուշին աստիճանաբար վերածվում է թանգարանային քաղաքի. նախարար Դիլիջանի երեխաները և «կորած» եկեղեցիները Հովհաննես Շիրազ․ Հանճարեղ խելագարը Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմի ու գրքի շնորհանդես «Սոսե» կինոփառատոնի արտամրցութային ծրագրում Առաջին անգամ ներկայացվեց «Խաչատրյան նոն-ստոպ» համերգային ծրագիրը Դանիայի պատկերասրահի հավաքածուն՝ հանրային տիրույթում Անպտուղ թզենու մասին առակը Լուսինե Զաքարյան․ Միակ պահպանված հարցազրույցը
website by Sargssyan