USD
EUR
RUB

«Կոռումպացված» թատերական համակարգ

 
 

Ինչպես են թատրոնները մսխում պետական գումարները

Հայաստանի անկախությունը երեսուն տարին դեռ չի բոլորել, բայց Երեւանի երկու ակադեմիական թատրոններում կան մարդիկ, ովքեր երեսուն տարի, գուցեեւ ավելի, աշխատում են թատրոնում, ստանում աշխատավարձ, բազմաթիվ անգամներ «աշխատանքային ստաժի» բերումով` բարձրացնում «վաստակած» աշխատավարձերը, այդ ամենի հետ միասին չխաղալով ոչ մի դեր: Եվ սա մի հոգու, երկու, տասներկու կամ քսաներկու հոգու մասին չէ, այլ շատ ավելի մեծ թիվ կազմող դերասանների եւ օպերային թատրոնի մեներգիչների ու պարողների մասին է (պետական այլ կոլեկտիվների մասին դեռ չենք խոսում), ովքեր հայտնվել են «անաշխատունակ» իրավիճակում եւ այս «կարգավիճակով» տարիներ շարունակ «աշխատում են» թատրոններում: Ո՞ւմ մեղադրել՝ դերասանի՞ն, արտիստի՞ն, մեներգչի՞ն, բալետի պարողի՞ն, թե՞ իրականում այլ «մեղավորներ» կան, տվյալ դեպքում՝ «հանցագործներ», ովքեր թույլ են տալիս տասնամյակներ շարունակ վատնել պետական հսկայական միջոցներ: Սա մի հարց է, որի պատասխանը չկա ու չկա: Պարզ է, որ բոլոր կողմերից «մեղավորությունը» «իրար վրա են գցում»` դերասանը կամ պարող-երաժիշտ արտիստը մեղավոր է համարում թատրոնի գեղարվեստական ղեկավարին եւ տնօրինությանը, իսկ գեղղեկն ու տնօրենը մեղավոր են համարում արտիստին՝ համարելով, որ եթե տվյալ արվեստագետը «շնորհքով լիներ», ապա խաղացողի փոխարեն ինքը կխաղար եւ «խաղից դուրս» չէր հայտնվի: Ինչպես գրեթե բոլոր նման իրավիճակներում, ոչ մի կողմի ասածը չի կարելի ընդունել որպես հիմք, բայց պետք է նկատի առնել, որ երկու կողմի ասածների մեջ իսկապես ճշմարտության ծանրակշիռ չափաբաժին կա: Լավ, հարց է առաջանում, իսկ այս դեպքում ո՞ւմ դիմել, ո՞վ է դատավորը: Արդյունքում կարելի է պատկերացնել հսկայական միջոցների այն ահռելի ծավալը, որ պետությունը աշխատավարձի ձեւով վճարում է իրենց աշխատանքը չիրականացրած արտիստներին, երաժիշտներին, պարողներին, շատ անգամ նաեւ բազմաթիվ տեխնիկական աշխատողների, ովքեր «իներցիայով» աշխատում են «նոր» թատրոններում, բայց «հին» ժամանակներում թատրոններում մեծ հարգանք վայելող գործերը չեն անում, քանի որ նոր ժամանակներում դրանք պատվիրվում են «դրսում» կամ գնվում են «ազատ շուկայում»: Դրանք թատերական հագուստների դերձակներն են, կոշկակարները, բացառիկ ռեկվիզիտ պատրաստող արդեն «չքացող» բուտաֆորները, «հազար տարվա» բեմի բանվորները, «սպեց» կահույքագործները, «հազվագյուտ» մետաղագործներն ու փայտագործները, բեմի կոնստրուկտորները, բեմի «վերխի», «նիզի», «շտանգետների», «կալասնիկների» ու «տրյումների», «գրուզների» մասնագետները, «էլեկտրիկները», «պաժարնիկները» «պիրոտեխնիկները». իրենց դարն ապրող վերջին մասնագետները, ադմինիստրատիվ բնույթի բազմաթիվ աշխատողներ՝ ադմինիստրատորներ, տոմս տարածողներ, հսկիչներ եւ անհաշվելի այլ աշխատողներ, ովքեր աշխատավարձ են ստանում, բայց թե ով ինչ ծավալով է աշխատում՝ «շունը տիրոջը չի ճանաչում» ու ինչ-ինչ խրթին հարցեր լուծելու փոխարեն գերադասվում է աշխատավարձ տալ, մինչեւ տեսնեն, թե «ինչ է լինելու» կամ այս հարցին «երբ են անդրադառնալու»:

Բայց լրագրողական հետաքրքրությամբ եւ հետաքննությամբ, հարցումներով եւ դիտարկումներով ամեն դեպքում փորձենք պարզել, թե «ո՞վ է մեղավոր» եւ եթե սխալ տեսակետ լինի, թող «իմացողները» հանդես գան հակադարձումով եւ թող «քար նետի նա, ով մեղավոր չէ»: Մեր դիտարկումների եւ արտիստական ոլորտում բազմաթիվ աշխատողներին հարցումներ ուղղելու արդյունքում պարզեցինք հետեւյալ պատկերը. հիմնական «մեղավորը» նոր պետական, տնտեսական համակարգն է, որի արդյունքում 1991-ից պաշտոնապես փոխվեց պետության քաղաքատնտեսական համակարգը, բայց թատրոնների աշխատաձեւն ու կառուցվածքը չի փոխվել, մնացել է խորհրդային երկրում: Հին կառույցով փորձ է արվում աշխատել նոր ձեւերով, իսկ որ ամենասարսափելին է` խորհրդային պետական դոտացիոն ծավալներով եւ համակարգով փորձում են աշխատել «շուկայական հարաբերությունների» ավելի մասնավորեցված եւ կամայականությամբ կառավարելու համակարգով: Դա այն դեպքում, երբ թատրոնների ղեկավարներն առանձնակի ջանք չեն թափում թատրոնի բյուջեն ինքնուրույն ձեւավորելու հարցում, բայց հսկայական ջանք են թափում պետական բյուջետային կամ դրամաշնորհային այլ հնարավորություններ կորզելու ոչ հեշտ խնդրում: Դե, եթե խորհրդային եք աշխատում, ապա ակադեմիական թատրոնների երկու ղեկավարները՝ գեղարվեստական ղեկավարը եւ տնօրենը, պարտավոր են կազմակերպել եւ ապահովել պետական աշխատավարձ ստացող բոլոր արտիստների զբաղվածությունը թատրոնի ստեղծագործական կյանքում եւ մերօրյա «խորհրդային» տիպի թատրոնը պարտավոր է տարեկան բեմադրելու նվազագույնը չորս ներկայացում, որի մեջ պետք է պարտադիր ներգրավված լինեն թատրոնի բոլոր աշխատակիցները եւ մեր ժամանակների գեղարվեստական ղեկավարների ու տնօրենների այն արտահայտությունները, թե իրենք «ստիպված» (խեղճ ղեկավարներ) ներգրավում են «շնորհքով արտիստներին», դա իրենց անկարողության առաջին դրսեւորումն է: Գեղարվեստական ղեկավար կամ գլխավոր ռեժիսորը թատրոնում նշանակված է եւ նախատեսված է ոչ թե իր կամայականությամբ եւ իր քմահաճույքով ներկայացումներ բեմադրելու համար, այլ նա պարտավոր է նախ կազմակերպել թատրոնի աշխատակազմի բոլոր անդամների զբաղվածությունը խաղացանկային ներկայացումներում՝ հավասարաչափ, ու դրանից հետո միայն, եթե հնարավորություն լինի, ինքն էլ կարող է իրեն թույլ տալ մեկ բեմադրություն էլ ինքը իրականացնի, որպես ռեժիսոր: Իսկ անկախության տարիների հենց սկզբից սկսած՝ մինչ օրս ի՞նչ պատկերի ենք ականատես լինում: Գեղարվեստական ղեկավարների բացահայտ կամայականության: Ինչպես նոր պետությունն անցավ կլանային կառավարման, այդպես թատրոններն անմիջապես բաժանվեցին կլանների եւ իշխող կլանը իր գիշատիչ ձեռքն էր վերցրել բոլոր գլխավոր դերերը, հատուկ պարգեւավճարները, կոչումներ ստանալու առաջնությունը, հյուրախաղերի գնալու մենաշնորհը եւ այդ գիշատիչ մրցավազքի մեջ մի ղեկավարը աշխատում է իր հետ բերված կամ «հարազատ» թիմի հետ (օրինակ՝ Մայր թատրոնի նախկին գեղղեկավար Վահե Շահվերդյանը), հետո այդ տեսակից մի կերպ ազատվում ես, ընկնում ես տնօրինական հակաստեղծագործական կառավարման խավարի մեջ (Մայր թատրոնի նախկին տնօրեն Ստեփան Դավթյանի օրոք), հետո խարխափում ես մի նոր, խակ ռեժիսորի նորելուկ «ստուդիական» անփորձ կազմի անկարողության երեսից (դարձյալ Մայր թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Տիգրան Գասպարյան), իսկ հետո գալիս է ավելի սարսափելին, երբ ակադեմիական թատրոնը վերածվում է ընտանեկանի (գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Էլբակյան): Պատկերավոր ասած՝ մի կողմ են «նետում» իրենց անհիմն կարծիքով բոլոր «անշնորհք» դերասաններին եւ բոլոր դերերն ու փողերը տրվում են իր եւ իրեն ընդունող մյուս ընտանիքների անդամներին, քանի որ ինչպես հայտարարում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը՝ «ես մեղավոր չեմ, որ իմ կինը տաղանդավոր է»: Ի՞նչ ինքնասիրահարվածություն: Փաստորեն, գեղղեկավար Էլբակյանը չի տեսնում թատրոնում աշխատող յոթանասունից ավելի այլ դերասանների: Թեպետ տարրական բարոյականությունը եւ գոնե մշակույթի ասպարեզում պարտադիր բարեկրթությունը պահանջում են, որ ոչ միայն իր կնոջն ու դստերը չտա բոլոր լավ պատառները, այլեւ կինն ու դուստրը ուղղակի չաշխատեն թատրոնում, ինչպես որ չեն աշխատել իրենից առաջ: Այս ամենին գումարած՝ ինքն անձամբ բեմադրություն չպիտի անի այնքան ժամանակ, քանի դեռ թատրոնը չի ապահովել մի քանի բեմադրող ռեժիսորներով եւ բեմադրությունների այն քանակով, որի մեջ զբաղված կլինեն թատրոնում աշխատող բոլոր դերասանները: Էլբակյանը որպես գեղղեկավար իրականացրել է 3 ներկայացում՝ «Մեծապատիվ մուրացկաններ», «Պեպո», «Հարսնացու հյուսիսից»:

Կամայական կառավարման գրեթե նույն վիճակն է օպերային թատրոնում, որը թատրոն լինելով հանդերձ, իրականացնում է միայն երաժշտական կառավարում եւ Տիգրան Լեւոնյան երաժիշտ-ռեժիսորից հետո, որեւէ տեսակի թատերական կառավարում նույնիսկ նշանավոր տենոր Գեղամ Գրիգորյանի դեպքում օպերայի եւ բալետի թատրոնում չի իրականացվել: Օպերայում, իհարկե, կա երաժշտական կյանք, սակայն բացակայում է թատերական կյանքը, մի պարզ պատճառով. այնտեղ տարիներ շարունակ չկա թատրոնի գլխավոր ռեժիսոր, իսկ նույնիսկ բարձրակարգ երաժիշտը չի կարող կազմակերպել թատերական կյանք, ինչպես որ ռեժիսորը չի կարող կազմակերպել երաժշտական կյանք: Իսկ օպերան եւ բալետը միայն երաժշտություն չեն, այլ պարտադիր պետք է ունենան իրենց բեմադրական տեսանելի կյանքը, որ թատերական այդ երկու ժանրի համար պարտադիր պայման է (այս պահին զուգահեռ ընթանում են «Կարինե», «Կախարդական սրինգ», «Կարմեն» օպերաների եւ «Շչելկունչիկ» բալետի փորձերը): Եզրակացությունը հետեւյալն է. պետական բյուջեի վատնումների «հանցագործ» մեղավորները թատրոնի ղեկավարներն են՝ գլխավոր ռեժիսորը եւ տնօրենը: Այն դերասանները, ովքեր «բունտ» են բարձրացնում, հիմնականում հեռացվում են աշխատանքից «իրենց դիմումի համաձայն», իսկ նրանք, ովքեր հլու իրենց աշխատավարձն են ստանում՝ մի օր դեր խաղալու հույսով, երեւի այդպես էլ հույսով կմնան, գոնե աշխատավարձ կստանան: Ի՞նչ անեն, ոչինչ չեն կարող անել: Բոլոր իրավունքները քմահաճ ղեկավարների ձեռքին են: Այդպես է, քանի որ «վերեւներում» իրենց առաջ պահանջ դնող չկա, քանի որ գեղղեկը վայելում է ոմն բարձր պաշտոնյայի հովանավորությունը… բայց մինչեւ ե՞րբ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ակնկալում ենք Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի, մասնավորապես՝ թատերագետ Նաիրա Զոհրաբյանի նախաձեռնությունը՝ գտնել թատրոնները կոռուպցիոն չարաշահումներից դուրս բերելու իրավական ելքը:

«Առավոտ»

Լրահոս
Ի՞նչ տարբերություն… Բրիտանիայում գտել են Կուբրիկի սցենարը, որը 60 տարի համարվում է կորած Հին ուրվականները Գուլո Հասմիկ Պապյան. «Ուրախ եմ վերադառնալ Մոնտե Կառլոյի օպերային թատրոն» «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի հաղթողները Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Եգիպտոսի և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմերի ուխտավորների հետ Սուրբ Մեսրոպ Մենավոր ծառ Աղուեսական Վանիչկա Տխուր երեխա Ձյուն Ես եմ 21-րդ դարի լավագույն կինոկատակերգությունները Երեք սերունդ և երեք նոր գիրք. ընթերցողի սեղանին են դրվել մանկապատանեկան նոր գործեր Գրիգոր Ղափանցյանի թանգարանը շենքային պայման չունի Երաժիշտները կրոնական պատկերագրության մեջ Հասմիկ Պապյան․ Աշնանային երգեր Հայ և հայություն «Հարսանիք թիկունքում». երևանյան երեք հյուրախաղերի բոլոր տոմսերը սպառված են Մի լուսանկարի պատմություն Գարուն Բադիկ Կատու Աշուն Խելոք երեխա Մահացել է Լուսիկ Ագուլեցին Անգլիայում հնագետները հայտնաբերել են «աստծու ձեռքը» Հ․ Շիրազ Շոն Բեյքերը՝ կինոյում ուսումնասիրությունների եւ հայ գործընկերոջ մասին Օրորոցի երգ Հաճախ ինքնանպատակ է լինում նոր թանգարանների բացումը. Կարո Վարդանյան Լուսավոր և արթուն հոգևոր ներաշխարհով «Եկեղեցին չի կարող շարունակաբար իր սրբությունների հանդեպ անհնազանդություն ցուցաբերողներին ընդունել իր մեջ» «Սիրելի պաշոնյաներ, իսկ հա’յ, պա’րզ հավատացյալի իրավունքն ո̕վ պետք է պաշտպանի» Արիստակես քահանա Հովհաննիսյան Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Բորիս Գևորգյանը Թումանյանական ոգով կամ Օլգա Թումանյանի դասերը ՊՈԱԿ-ի պարզաբանումը Ս․Աստվածածին եկեղեցու շուրջ ստեղծված աղմուկի վերաբերյալ Վարդ սիրեցի
website by Sargssyan