Ռուսաստանում համաշխարհային բեմական արվեստի բարձրագույն նվաճումների ամենաներկայացուցչական համաժողովին առաջին անգամ կմասնակցենք

Ռուսաստանում համաշխարհային բեմական արվեստի բարձրագույն նվաճումների ամենաներկայացուցչական համաժողովին առաջին անգամ կմասնակցենք

Գարնանը Երեւանում անցկացվեց ԱՊՀ-ի, Բալթյան երկրների եւ Վրաստանի երիտասարդական թատերական ֆորումը: Երրորդ անգամ անցկացվող այս միջոցառման նպատակն անկասկած նույնն էր՝ երիտասարդ թատերական գործիչների միջեւ ստեղծագործական շփումների ամրապնդումը, ինչն անկասկած խթան է համընդհանուր երիտասարդական թատերական-մշակութային հարթակ ստեղծելու, սերտ գործակցելու համար: Կայացած ֆորումի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե հովանոցը», շնորհվել է ռեժիսոր Տաթեւ Մելքոնյանին՝ Տանկրեդ Դոդորսթիի «Ես այստեղ եմ» բեմադրության համար, «Լավագույն դերակատար» ճանաչվեց Արամ Կարախանյանը: Հենց այս բեմադրությունն էլ կմասնակցի 2019թ. Մոսկվայում կայանալիք Չեխովի անվան թատերական միջազգային փառատոնին, որի գլխավոր տնօրեն, թատերական միությունների միջազգային համադաշնության նախագահ Վալերի Շադրինը «Առավոտի» հետ զրույցում շնորհավորելով, իր ուրախությունը կիսեց չեխովյան փառատոնում առաջին անգամ Հայաստանի մասնակցության առիթով: Պարոն Շադրինը ժպտալով հիշեցրեց, որ Չեխովյան փառատոնը Ռուսաստանում համաշխարհային բեմական արվեստի բարձրագույն նվաճումների ամենաներկայացուցչական համաժողովն է: Օրերս ռեժիսոր Ռուբեն Բաբայանը մեզ հայտնեց, որ օգոստոսին Տաթեւ Մելքոնյանի հետ մեկնելու են Մոսկվա՝ ընտրելու այն թատրոնը, որի բեմում հաջորդ տարի կներկայացվի «Ես այստեղ եմ»-ը: Չեխովյան փառատոնի նման աշխատաոճը մեզ համար նորություն է, մի նոր մշակույթ եւ մասնագետները չեխովյան փառատոնը դասում են Ավինյոնի (Ֆրանսիա) եւ Էդինբուրգի (Մեծ Բրիտանիա) եւ այլ հեղինակավոր փառատոների շարքում: 

Վերջերս Ռուբեն Բաբայանի ռեժիսուրայով Ռաֆայել Հակոբջանյանի «Անպարկեշտ Թոմի մեկնաբանությունները» պիեսում դերասանական զուգախաղով իսկապես փայլեցին Տաթեւ Մելքոնյանն ու Արամ Կարախանյանը, էլ չեմ խոսում բեմադրության մասին: Նման հաջողությունից հետո էլ լինում են կուլիսային խոսակցություններ: Այս անգամ էլ շրջանառվում է, ինչի հետ համակարծիք ենք, թե Ռուբեն Բաբայանը յուրաքանչյուր իր ուսանողի համար անում է ամեն հնարավորն ու նույնիսկ անհնարը: Իսկ Տաթեւը սովորել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի «Տիկնիկային թատրոնի դերասան» բաժնում՝ Ռուբեն Բաբայանի արվեստանոցում, մինչ այդ էլ ուսանել Տամբովի Դերժավինի անվան պետական համալսարանի նույն բաժնում: Տեղեկացնենք, որ դերասանուհի Տաթեւ Մելքոնյանին հանդիպել ենք Տիկնիկային թատրոնում (իբրեւ տիկնիկավար նույնպես), Մետրո թատրոնում, Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում: Ժամանակին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում երջանկահիշատակ գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը մեզ հետ զրույցի ժամանակ, իսկ թեման Գրիբոյեդովի «Խելքից պատուհասն» էր, հիացմունքով արտահայտվեց երիտասարդ դերասանների մասին, այդ թվում՝ Տաթեւ Մելքոնյանի եւ Արամ Կարախանյանի:

Մի հիշեցում նույնպես. Նարինե Գրիգորյանի «Երկնագույն գունդ» ներկայացման մեջ՝ ըստ Ցվետաեւայի պոեզիայի, հենց ռեժիսորը մեզ ասել էր, որ «նման բան հաճախ չի պատահում, բայց կոնկրետ այս դեպքում՝ ես երկրորդ Տաթեւ չեմ պատկերացնում»:

Խիտ գրաֆիկով աշխատող արվեստագետի հետ մեզ չհաջողվեց կապվել, ինչը կկրկնենք Մոսկվայից նրանց վերադառնալուց հետո:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում