Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին

Հունիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Սանտա-Կլարիտայի Սուրբ Սարգիս եկեղեցու ուխտավորներին՝ առաջնորդությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Սերովբե քահանա Ալանջյանի:

Տեր Հայրը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց ուխտավորներին, անդրադարձավ ծխական կյանքին, ինչպես նաև կիսվեց Հայաստան կատարած այցի տպավորություններով:

Ամենայն Հայոց Հայրապետը, իր հայրական օրհնությունը բերելով ուխտավորներին, իր գնահատանքը հայտնեց հոգևոր հովվին նման նախաձեռնության կազմակերպման համար: Նորին Սրբությունը նշեց, որ ուխտագնացությունը հնարավորություն կընձեռի Ս. Սարգիս եկեղեցու հավատացյալներին ներշնչվելու հայրենիքով, զորանալու իրենց նախնյաց հավատքով ու մշակույթով:

Գարեգին Բ Կաթողիկոսը գոհունակությամբ ընդգծեց, որ հայրենիքի անկախության պայմաններում այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին վերազարթոնք է ապրում և վերականգնում տերունավանդ իր առաքելությունը տարբեր ոլորտներում: Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ հայ եկեղեցականների նվիրյալ սպասավորության շնորհիվ բազում հոգեշահ իրագործումներով պայծառանում է ժողովրդի հոգևոր կյանքը:

Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը բերեց ուխտավորներին, որ, լինելով ժառանգները Հայոց Ցեղասպանությունը վերապրած և ԱՄՆ-ում հաստատված հայորդիների, կարողացել են պահպանել իրենց մայրենի լեզուն և կերտել ազգային կյանքը:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հետաքրքրվեց համայնքի կյանքով ու գործունեությամբ:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում