Հայաստանը կովկասյան տարածաշրջանի առաջին երկիրն է, որ ներկայացվում է Միացյալ Նահանգների մայրաքաղաքի հենց սրտում անցկացվող այս հեղինակավոր փառատոնում

Հայաստանը կովկասյան տարածաշրջանի առաջին երկիրն է, որ ներկայացվում է Միացյալ Նահանգների մայրաքաղաքի հենց սրտում անցկացվող այս հեղինակավոր փառատոնում

Այս չորեքշաբթի ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում մեկնարկող Սմիթսոնյան ֆոլքլայֆ կամ ժողովրդական կենցաղի ամենամյա փառատոնում հանդես կգան Հայաստանը և Կատալոնիան: Վաշինգտոնի Նեշընլ Մոլ զբոսավայրում հունիսի 27-ից հուլիսի 1-ը և հուլիսի 4-ից 8-ը տեղի ունեցող փառատոնում հայկական կենցաղն այցելուներին կներկայացնեն Հայաստանից և սփյուռքից ժամանած ավելի քան 170 ներկայացուցիչներ՝ արհեստագործներ, դիզայներներ, երաժիշտներ, խոհարարներ, գինեգործներ, պարողներ և կատարողներ:

Տասնօրյա այս միջոցառմանը մասնակից են դառնում միլիոնավոր մարդիկ՝ Միացյալ Նահանգներից և տարբեր երկրներից ժամանելով մայրաքաղաք Վաշինգտոն կամ հետևելով առցանց: Սմիթսոնյանն իր հայաստանյան գործընկերների հետ կներկայացնի «Հայաստան. տուն արարելը» ծրագիրը, որտեղ ներառված են երկրի խոհանոցն ու արհեստագործությունը և ի ցույց է դրվում, թե համայնքներն ինչպես են ժառանգությունը դարձնում իրենց տնտեսական և մշակութային կայուն զարգացման ռազմավարությունների անբաժաների մասը:

Հունիսի 28-ին փառատոնի բացման արարողությանը ներկա կլինեն Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից, ԱՄՆ պետքարտուղարությունից, ԱՄՆ ՄԶԳ-ից և ամերիկահայ սփյուռքի կազմակերպություններից: Հունիսի 28-ին և 30-ին դեսպան Միլսը, դեսպան Հովհաննիսյանը և տ-ն Գրիսերը նաև կմասնակցեն մշակութային դիվանագիտության և մշակութային զբոսաշրջության շուրջ Սմիթսոնյանի հանրային քննարկումներին:

Հայաստանը կովկասյան տարածաշրջանի առաջին երկիրն է, որ ներկայացվում է Միացյալ Նահանգների մայրաքաղաքի հենց սրտում անցկացվող այս հեղինակավոր փառատոնում: Այցելուները հայաստանյան տաղավարներում կսովորեն ինչպես թոնիրում լավաշ թխել, գաթա և պանիր պատրաստել, խորոված անել: Գինի համտեսելու հետ մեկտեղ այցելուները կտեսնեն ու նաև առիթ կունենան պարել, սեփական ձեռքերով մի բան թխել, փորագրել, գորգ գործել, ինչպես նաև իրականացնել վիրտուալ ճանապարհորդություն դեպի հայաստանյան երկու հայտնի պատմական վայրեր. Արենի-1 քարանձավ, որտեղ 6100-ամյա գինու հնձան կա և 13-րդ դարի Նորավանքի վանական համալիր: Եռաչափ այս տուրը մշակվել է Սմիթսոնյանի և CyArk-ի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ:

«Հյուրասենյակ», «Հացատուն», «Հազարաշեն» և «Կենաց ծառ» տաղավարներում կազմակերպվող ինտերակտիվ ցուցադրումներից ու ուսուցողական պարապմունքներից զատ կլինի նաև «Սմիթսոնյանն Հայաստանում» տաղավարը, որտեղ կներկայացվի «Իմ Հայաստան» մշակութային զբոսաշրջության ծրագրի ներքո իրականացված աշխատանքը: Այս ծրագիրն ինքնատիպ գործընկերություն է ԱՄՆ ՄԶԳ-ի և Սմիթսոնյանի միջև՝ խթանելու գյուղի կայուն զարգացումը և միաժամանակ պահպանելու երկրի հարուստ մշակութային ժառանգությունը:

Հայաստանի արհեստագործների պատվիրակության կազմում ԱՄՆ ՄԶԳ-ի 18 շահառուներ են, ովքեր «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում մասնագիտական ուսուցում են անցել ձեռքի աշխատանքների դիզայնի, ձեռնարկատիրության, բրենդավորման ու մարկետինգի հարցերի շուրջ: Այս հեղինակավոր փառատոնում «Հայաստան. տուն արարելը» խորագրով գունագեղ ծրագրի միջոցով Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության ներկայացումը և «Իմ Հայաստան» ծրագրի շարունակական ջանքերն ուղղված զբոսաշրջային պրոդուկտների մշակմանն ու ոլորտի խթանմանը կարող են ամրապնդել Հայաստանի դիրքերն ու հեղինակությունը՝ զբոսաշրջիկների շրջանում այն ընկալելի դարձնելով որպես ինքնատիպ ու եզակի զբոսաշրջային նպատակակետ:

Զբոսաշրջության խթանմանն ուղղված իր ջանքերի շրջանակում «Իմ Հայաստան» ծրագիրը փառատոնի լուսանցքներում կազմակերպում է երեք հանդիպում գործարարների համար՝ Բոստոնում, Նյու Յորքում և մայրաքաղաք Վաշինգտոնում: Այս քաղաքներից յուրաքանչյուրում թվով 5 հայաստանյան ներգնա տուրօպերատորներ ու հյուրընկալության ոլորտի ընկերություններ հնարավորություն կունենան հանդիպել ամերիկյան զբոսաշրջային ու հարակից ոլորտների ընկերությունների 12 ներկայացուցիչների հետ: Այս հանդիպումներում կլինեն լրատվամիջոցների հետ շփվելու առիթներ, զեկուցումներ, ծանոթացման ու կապերի հաստատման հնարավորություններ, որոնք բոլորն ուղղված են ներկայացնելու Հայաստանը որպես մշակութային զբոսաշրջության գրավիչ նպատակակետ, ստեղծելու կապեր գործարարների միջև և, ի վերջո, ավելացնելու ԱՄՆ-ից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը:

«Հայաստան. տուն արարելը» ծրագրի գործընկերներն են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, «Իմ Հայաստան» ծրագիրը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը և ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը:

Հայաստանյան ծրագրի մասին ավելի իմանալու համար այցելեք festival.si.edu էջը և սոցիալական հարթակներում #2018Folklife և #Armenia հեշթեգերով հետևեք ԱՄՆ ՄԶԳ-ի (@USAIDArmenia) ամենօրյա լուսաբանումներին մայրաքաղաք Վաշինգտոնից:

Մամուլի հաղորդագրություն
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում