Քեֆ անողին՝ քեֆ չի պակսի

Քեֆ անողին՝ քեֆ չի պակսի

Ի՜նչ էլ լինի, դու քեզ ասա՝
Քեֆ անողին՝ քեֆ չի պակսի:
Քանի՜ դժվար օրի հասար՝
Քեֆ անողին՝ քեֆ չի պակսի:
Ճիշտը սա՜ է, մեկելը հե՜չ,
Թեկուզ Աստծո դուռը հասիր,
Հազար հոգս ու փորձանքի մեջ
Քեֆ անողին՝ քեֆ չի պակսի:

Ջուրը ջուր է, դեմը փակիր,
Էլի մի նոր ելք կգտնի:
Գլխին քար ու քարափ թափիր՝
Երգելու մի երգ կգտնի:
Դուրս կհորդա արևերես,
Թե կարող ես ետքից հասիր,
Նա էլ գիտի ինձ ու քեզ պես՝
Քեֆ անողին՝ քեֆ չի պակսի:

Բախտը քանի՜ ձևեր փոխեց,
Քանի՜ տեսքով ելավ քո դեմ,
Ճամփադ շեղեց ու ձախողեց,
Թվաց, թե հաղթել է արդեն:
Բայց կանգնեցիր դու հաստատուն,
Ծունկի չեկար, խե՜ղճ եմ՝ չասիր,
Հիշելով խոսքը իմաստուն՝
Քեֆ անողին՝ քեֆ չի պակսի:

Ինչ էլ լինի, դու քեզ ասա՝
Քեֆ անողին՝ քեֆ չի պակսի:
Քանի՜ դժվար օրի հասար,
Քեֆ անողին՝ քեֆ չի պակսի…

Յուրի ՍԱՀԱԿՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում