Մայրուղու եզերքին

Մայրուղու եզերքին

Ծերունին եկել-դեմ էր առել մայրուղուն՝
թեք ընկած եզրասյան նման կանգնել եզերքին
ու ջրակալ աչքերով չափչփում էր դիմացի մայթը:
Ապա քնի մեջ խոսելու պես ասաց.
-Այստեղ բարակ արահետ էր, իսկ այս կողմը,
ճամփի մեջտեղն համարյա, կամ գուցե այնտեղ, ուր մոթելն է,
հնարավոր է քիչ ձախ, խաղատան տեղում,
ավելի ճիշտ մի քանի քայլ վերև, ուր մի կին է կանգնած,
քրքջում է, թե օգնություն կանչում, չեմ հասկանում,
ուրեմն այդտեղ քարափ կար,
անձրևին մտնում էինք տակը՝ դասագրքերը մեր ծոցը խցկած,
ոո չթրջվեն բոքոնի կտորներն արանքը,-
դպրոց էինք գնում հարևան գյուղ,-
քարափի դեմը վայրի շլորենի կար,
քերծվելով շլոր էինք քաղում աղջիկների համար,
նրանք ուտում էին ու պլստան կորիզներով խփում մեզ,
այ այսպես՝ բթով ու ցուցամատով սեղմած, կրակելու նման:
Որ առներ ճակատիդ է՝ կդաղեր ուղղակի…
Չար աղջիկներ էին, հա՜…

Ասացի՝ արի, քեզ անցկացնեմ այն կողմ:
-Չէ, ասաց, պետք չէ, այն կողմից եմ եկել…
-Բայց ինչո՞ւ պատմեցիր այս ամենը ինձ…
-Ճիշտն ասած՝ չգիտեմ ինչու պատմեցի…

Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում