Ցուրտ

Ցուրտ

Աշնանավերջի անձրև՝ մահապարտի անողորմ զարկ,
Անվրեպ գնդակներ երկնային դիրքերից արձակված,
Դրսում խունացած լույս, ներսում բարձրացող պաղ-
Մրսում են վերում՝ թավշուտներում ապահովության,
Մրսում են ցածում՝ մելամաղձի ճյուղերից կախ։

Մրսում են վեհերոտ քայլերը մանուկների
Եվ ճախրն է մրսում ծալված թևերում արծվի,
Մրսում է նա, որ պիտի գար ու չեկավ,
Մրսում է նա, որ եկավ ու չպիտի գար,
Մրսում են մեկնողները թիկնոցի մեջ հողի։

Մրսում են հերոսները, որոնց թողել են դրսում,
Ու ցրտից դարձել են անծանոթի արձաններ,
Նրանց փառքերն են մրսում պաստառներից կախ-
Լվանում է անձրևը պատերից անունները նրանց,
Որոնց նետած խաչափայտն է նեխում մայթերի վրա։

Ախ աշուն, աշուն… Ներկան է մրսում անշարժ ընկած
Լճափոսի մեջ ափից ափ քշվող տերևների վրա,
Դա նավարկում է կոչում գիտունների երգչախումբը,
Իսկ անտունները հիվանդ միզապարկն են պարպում վրան,-
Իրար կողքի մրսում են լացն ու կոմեդիան։

Թատրոնն է մրսում, վարագույրները տարել է քամին,
Դռան երկու կողմում դուրս է, մի բախեք իզուր։
Մրսում է այստեղ ամեն ոք, ամեն ինչ համատարած,
Անգամ ցուրտն է մրսում զենիթին թառած արևներից,
Որովհետև իսկականը կորել է, չի ծագում, չկա։

Ցուրտ է… Մաղում է անձրևը մտքի ու խղճի վրա
Անկարեկցության նոտաներով. Ո՞ւմն է այս աշունը,
Ինչո՞ւ չեն սաստում, բզկտում է մարդու հոգին անխնա։
Կյանքն անցնում է, իսկ ես դեռ մի լուր չունեմ ինձանից.
Չգիտեմ եկել եմ, թե՞ անցել եմ, թե դեռ պիտի գամ…

Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում