Սարսուռ ու զարմանք

Սարսուռ ու զարմանք

Ակադեմիկոս Կորոլյովը վերջապես կառուցեց
ջրածնային ռումբը, որի հնարավոր աղետների մասին
ամբիոնի մոտ ընթերակայի լեզուն կապ ընկավ…
Լուրը շրջեց մոլորակով մեկ,
հասավ նաև ամառանոցային այն բակը չքնաղ, ուր
ճոճաթոռին փռված գիտնականը թուլացրել էր նյարդերը
և արևի մեղմության տակ վայելում էր հանգստի թովչանքը:

Տան առաջի ծաղկամարգերից մի մրջյուն դուրս եկավ
մանրաշխարհի երևելիների ուղեկցությամբ շարժվեց դեպի ճոճաթոռը Կորոլյովի,
նա խիզախորեն բարձրացավ վեր՝ մեղմ լույսերում
նիրհող իմաստուն դեմքն ու մի հուժկու ապտակ դրոշմեց վրան:

Գիտնականը շշմեց ահեղ հարվածից, գրեթե ուշակորույս ընկավ թիկնակին,
նվաղած հայացքով փնտրեց հանդուգնին, չտեսավ
ոչինչ և կատարվածը համարեց գերլարումից եկող ցավագին նոպա:

Իսկ մրջյունը գնաց, ծաղկանոցի թփերի միջով կորավ ինչ որ տեղ…
Հայտնվեց երկու օր անց, երբ պայթում էին խնձորենու
բողբոջները, իսկ հարևանի պատուհանից հորդում էր Բեթհովենի
կախարդանքը: Մրջյունը բարձրացավ ճոճաթոռով, այս անգամ թեքեց
ճանապարհը, գնաց դեպի գիտնականի թիկունքը, անցավ նրա
մաշկի տակ ու վազեց մեջքով մեկ որպես սարսուռ ու զարմանք…

Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում