Հուշերում և իրականում

Հուշերում և իրականում

Փայտե հին դարպասը,-հուշերումս,-կանգնել է դեմս՝
Գոտիներն ու գամերը խարխլած մեռնող փայտերում,
հսկա կողպեքը գրկած երևակայական բարուրի նման
ցնորված պառավ է, որ չի ուզում ետ գնալ,
բացվել է իմ առաջ գեթ մի ակնթարթ և ճչում-ճռնչում է՝
«չգիտեմ, չգիտեմ», իսկ ես,-իրականում,-
ուզում եմ իմանալ՝ ի՞նչ եղավ Մովսես Սիրունյան անվանյալ պատվական մարդը,
պապս այսինքն, որ երգում էր Մշո դաշտի գեղեցկության մասին,
ի՞նչ եղավ Խաթուն մեծ մայրս, որ աղոթելիս արտասվում էր ցնծագին,
ի՞նչ եղան հորաքույրերս ազնվազարմ, հորեղբայրներս՝ բարի խենթեր,
ի՞նչ եղան ծնողներս՝ անհաշտ սիրահար, ի՞նչ եղան արդյոք
քույր-եղբայրներս մորեխների նման ոստոստուն,
ի՞նչ եղան հյուրերը մեծաքանակ և իսկապես ի՞նչ եղան
էն մի քանի բաները, որ պահել եմ ներսի պուճախներում:

Հարցումներիս ի պատասխան, -հուշերումս և իրականում,-
գունաթափ թսկած գնդակն իմ մանկական ծանրորեն գլորվելով
գալիս է հեռվից ու թրըմփ ընկնում առվի տիղմի մեջ:

Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում