Մի ծանր բաճկոն ընկա՝ մութ նրբանցքում

Մի ծանր բաճկոն ընկա՝ մութ նրբանցքում

Նա հարցական նշան էր՝ կլորիկ, սիրուն
գլուխը խոնարհ մտցրած կրծքի տակ
և գլորվում էր քաղաքում որպես մի «ինչու»,
որին պարտ չէր ոչ մեկը պատասխան տալ:

Մի «ինչու» էր նրա գտածը այս աշխարհում,
կորցրածն էր «ինչու» թե լույսի, թե խավարի աչքում,
«ինչու» դարձավ կինը, որ եկավ ձմռանը
և մեկնեց գարնանը որպես զույգ «ինչու»:
«Ինչու» էր խոսքը, որ ասաց քամու ականջին,
«ինչու» էր չասվածը՝ դարակում պահած փամփուշտ,
«ինչու» էր քաղաքը, որ շպրտեց նրան որպես ծանր բաճկոն
թեթև փախչելու համար նրբանցքներով մութ:

«Ինչու» է այս գրվածքը, «ինչու» է հեղինակը
այս առավոտի մեջ, որ բացվել է ոսկեցոլ
և դանդաղ, ումպ-ումպ, հերը անիծած,
պիտի դառնա փափուկ, անշառ «ինչու»-երեկո:

Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում